Մաշտոցյան Մատենադարանում է պահվում մեր ժողովրդի պաշտելի ձեռագիր մատյաններից մեկը, իր հրաշագործ զորությամբ հայտնի՝ «Զորավոր Ավետարանը»: Իսկ ավելի վաղ այն կոչվել է «Վիշապկենց Ավետարան»` ձեռագրի գնորդի՝ երևանցի Վիշապի որդի Հակոբի տոհմանունով:
«Ողորմած և բարեգութ Աստված, որ խնդրողների արարիչն է, լսողը՝ աղոթքների, ընդունելի համարեց մեր աղաչանքը և աստվածախոս քրիստոսատետր Սուրբ Ավետարանս՝ իբրև անգին մարգարիտ, պատահաբար հանդիպեցրեց վաճառողների ձեռքում՝ դռան մոտ, որի ականատեսն եմ եղել իմ աչքով. կապվեցի, կանգնած մնացի, ցնծացի ու զվարճացա, ուրախացա ու ամբողջացա և խիստ գոհացա ամենառատ պարգևողից, որ արժանի համարեց կատարել իմ խնդրանքը և հաճո դարձրեց իմ բաղձանքը», -կարդում ենք Վիշապկենց Հակոբի՝ ձեռագրի 14-րդ դարի հիշատարականում:
Զորավոր Ավետարանի ստեղծման վայրի ու ժամանակաշրջանի մասին տարբեր տեսակետեր կան:
«Դառն ու նուրբ ժամանակներում, Հայոց Արևելից Տան ու Պարսից և ողջ աշխարհով մեկ տարածված աստվածասաստ Լենկ-Թեմուրի բռնակալության օրոք և նրա որդի Միրզա Միրանաշահի, որն արևելյան կողմից էր՝ Սամարղանդ քաղաքից, բազում և անթիվ հեծելազորով մեր մեղքերի համար Աստված պատուհասով սպառնաց և ազգի մոգությամբ խավար գործեց ամբողջ աշխարհում ու Հայոց Տանը, որ չենք կարող այդ ամենը ներկայացնել գրով: Քաջահավատ այս Հակոբ այրը, այս նեղ ու նուրբ ժամանակներում ստացավ հոգու փրկության ընծաներն ու նվիրեց Սուրբ Երկուերեսնիին՝ իր և իր բոլոր ազգակիցների հիշատակին», -շարունակվում է մատյանի կենսագրությունը՝ Բջնիի ու Այրարատի առաջնորդ Մանուել եպիսկոպոսի ձեռամբ գրված հիշատակարանում:
Ձեռագրի սկզբնական հանգրվանի վայրը՝ Երևանի Երկուերասանի կամ Սուրբ Նշան եկեղեցին վաղուց գոյություն չունի:
15-րդ դարավերջին Երկուերեսանի եկեղեցու սպասավոր Ներսես Մոկացին վկայում է Ավետարանի հրաշագործ զորության մասին.
«Այժմ և ես՝ հետին և մոլորյալ Ներսես անուն, որ բնիկ Մոկսի Սուրա գյուղից եմ, երիտասարդ հասակում դուրս եկա իմ երկրից ու հասա մայրաքաղաք Երևան ու բնակվեցի սուրբ եկեղեցում, որ մականվամբ կոչվում էր Երկուերեսի, և եղա Աստծո տան սպասավոր: Որոշ ժամանակ իբրև կոչնակ եղա և տեսա սուրբ Ավետարանի զորությունը, որ բազում ականատեսներ են եղել սրա բժշկությանը, որ կոչվում է «Վիշապկենց» Ավետարան»:
Ձեռագրի հաջորդ հանգրվանը՝ 1693-1694 թվականներին՝ Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք և խոջա Փանոսի միջոցներով կառուցված Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Այն կառուցվել է Սուրբ Անանիա առաքյալի անունը կրող մատուռի, ապա Մովսես վարդապետ Տաթևացու հիմնած համանուն վանքի տեղում:
«Զորավոր Ավետարանի» փրկության մասին մի ավանդություն է պահպանվել: Թշնամական արշավանքների ժամանակ կողոպտվել է Սևանա կղզու վանքը: Գողացված արժեքների թվում է եղել նաև հրաշագործ մի Ավետարան, որն ինչ-որ ձևով լիճն է ընկել: Լճից Հրազդան գետի միջոցով Ավետարանը հասել է Երևան և հայտնվել մի հավատացյալ կնոջ մոտ, որը և Սուրբ Գիրքը հանձնել է Սուրբ Անանիայի վանքին: Այստեղ Ավետարանը պահվել է մինչև 19-րդ դարավերջ: Ավետարանի զորության նկատմամբ ունեցած հավատի պատճառով ժողովուրդը եկեղեցին կոչել է Սուրբ Զորավոր:
Ավետարանն ունի նախշազարդ խորաններ ու պատկերազարդ կիսախորաններ, դրվագազարդ անվանաթերթեր, լուսանցային թեմատիկ մանրանկարներ, բուսական զարդեր ու յուրօրինակ զարդագրեր: Մանրանկարիչն անհայտ է:
2013 թվականից, յուրաքանչյուր տարվա մայիսի 14-ին՝ սուրբ Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակի օրը, Զորավոր Ավետարանը դուրս է բերվում Մատենադարանից և տարվում Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի՝ ի խոնարհումն հավատավոր ժողովուրդի:
Աղբյուրը՝ Հարությունյան Ա., Սիմոնյան Ա., Զորավոր Ավետարանը, Երևան, 2016: