2024 թվականի ապրիլի 14-ին լրացավ Համո Սահյանի ծննդյան 110-ամյակը։ Սիրելի բանաստեղծն և իր ժամանակի մեջ և այսօր էլ հեղինակություն է՝ որպես բանաստեղծ ու գրական-մշակութային գործիչ և որպես հայ մարդ, որի ստեղծագործությունները ներշնչման աղբյուր են ընթերցողական լայն շրջանակի համար։ Ներկայացնում ենք Համո Սահյանի նշանավոր ժամանակակիցների խոսքը մեծ բանաստեղծի մասին։
Սոս Սարգսյան
Զարմանալի պոետ էր, զարմանալի մարդ էր։ Համոյի պոեզիայում ամեն ինչ ընդերքային է: ընդերքային է՝ ամբողջությամբ լցված ազգային էությամբ, ազգային մտահոգությամբ։ Երբ Համոն գրում է քարի մասին՝ դա ինձ համար մարդ է: Երբ խոսում է վանքի մասին` դա հայոց պատմությունն է, երբ ասում է մասուր, ուրց, ասում սար՝ էդ բոլորը շնչավոր են։ Համոն էն բացառիկ պոետներից էր, ով հասկանում էր, որ Քրիստոսը Աստծո և մարդու ծնունդ է` մարդու մեջ մարդը կա և Աստված կա, և Համոն հավատում էր մարդու աստվածային էությանը։
Համոն ասում էր՝ եթե խոսքը բեռ չի տանում, ուրեմն փուչ բանաստեղծություն է։ Հանճարները կարողանում են միևնույն բանի մասին հաճախ խոսել կամ անընդհատ խոսել: Համոն քարից էր խոսում տաս անգամ, հազար անգամ։ Կարողանում էր սևեռվել էդպես ու հաստատել իր միտքը, էս դեպքում կյանքը հաստատել, միտքը հասցնել մինչև վերջ։ Սա հանճարի հատկություն է: էդ տարիքում կարող էր նորից գրել, կարող էր նորից սիրահարվել և բուռն, բուռն, ամբողջ էությամբ տրվելով և էդ տարիքում կարող էր վիճել շատ բուռն: Եվ էդ տարիքում կարող էր շատ ցավել, ցավել, ցավել։ Ցավել մարդու անկատարելիության համար, մեր երկրի վիճակի համար, աշխարհի դարդերի համար։ Զարմանալի մարդ էր։ էդքան լիքը, էդքան լեփլեցուն։ Այդ ոչ մեծ մարմնի մեջ, այդքան անսահման թանձր, թանձր, թանձր պարունակություն: Պոետին ընտրում է Աստված: Այ էս խոսքերը ես նորից կասեի Համոյին, որովհետև Աստծո ծնունդ էր, Աստծո հետ կապ ուներ, Աստծո հետ երկխոսել գիտեր։ Խորհուրդ ուներ Աստծո հետ, երկնքի և մեզ հետ, մարդկանց հետ, երկրի հետ:
Հրանտ Մաթեւոսյան
Համո Սահյանը աշխարհայացք բերեց, հայացք բերեց ու մեզ ունկ ու աչքեր նվիրեց: Համո Սահյանի բերած, մեզ նվիրած հայացքը գեղեցիկ հայացք էր, որովհետեւ ետեւը գեղեցիկ մարդ էր կանգնած։ Նա մեզ հայացք պարտադրեց, կոփեց իր այբուբենը, իր խորհրդանիշերի մեծ համանվագը։ Նա նոր խորհրդանիշերով, կարելի է ասել, նոր դրամով մտավ շրջանառության մեջ։ Նրա այդ ամբողջ առեւտուրը՝ ՏՈՒՐ ԵՎ ԱՌ-ը աշխարհի ու մարդկանց հետ զուտ իր կտրած դրամով էր։ Կարելի է ասել շատ չնչին փոխառություններ ուներ անցյալից՝ թերևս իր գլխավերևը միայն Հովհաննես Թումանյանն էր, եւ ուուցիչներ չուներ իր գլխի վերև: Եւ աշխարհին ու մարդկանց նայելու իմաստով, եւ իր բանաստեղծությունը շրջանառության մեջ դնելու իմաստով, կարելի է ասել, իր ժամանակն իրեն շատ քիչ բան էր տվել, և այդուհանդերձ, նա կարողացավ կայանալ որպես անկրկնելի, խոշոր, մեծ բանաստեղծ։ Աշխատանքի կերպը կերտեց և կերպի մեջտեղն ինքը քանդակեց, դրեց եզանը՝ աշխատանքի կերպարը։
Սա Կոմիտասի եզն է, սա ժողովրդական երգի եզն է, երբ հայ գեղջուկը ԱԽՊԵՐ ՋԱՆ էր ասում եզանը։ Իր նախնիների նման նա ծաղկած Հայաստանն էր ասում ու այդ Հայաստանը բերում:
Ցավալի է, որ հենց իր բացակայությամբ մարեց, բացակայեց էն գեղեցիկ, էն ծաղկած ծիրանիների, հողի գուրգուրանքի, հողի կապի, ազնվական գեղջուկ ժողովրդի կերպարը էս երկրից, որտեղ մենք հիմա ապրում ենք։
Տիգրան Մանսուրյան
Համո Սահյանի տեքստերով իմ երգերը գրելիս ես պիտի մտնեի իրական բանաստեղծության, մաքուր նիշերի, գաղափարախոսության բեռից ազատ, մաքուր՝ բառերի, իրականությանը ճշգրտորեն մեկին-մեկ ագուցված ուսվածքների աշխարրհը, որտեղ հիմնային են՝ խիղճ, ազնվություն, նահապետական խոնարհություն, արժեքների նկատմամբ հավատարմություն, բնության, երկրի, լեզվի, մարդու, աշխատողի նկատմամբ խորագույն սեր:
Այն զգացումն ունեմ, թե Համո Սահյանն իր ամբողջ գոյությամբ այն ափից, այն եզերքներից բերեց-այսօրվան հասցրեց իր բարոյականության, ազգային արժեքների չափանիշները, որպեսզի դրանցով մենք էլի կարողանանք պահել ինքներս մեզ այս բարդ իրադրության մեջ: Համո Սահյանի բանաստեղծությունը բառախոսություն չէ, այլ այն ամբողջական աշխարհն է,
որն իր մեջ ունի նախ եւ առաջ ընտանիքի, տան սրբությունները, արժեքները, և Համո Սահյանն այս աչքերով է հայացքն ուղղում աշխարհին։
Համո Սահյանը շուկա նետելու բանաստեղ եղծությությու՞ն գրի։ Ի՞նչ ես ասում։ Կամ այնպիսի բանաստեղծություն գրի, որ զարդարա՞նք դառնա ինչ-որ բանի համար։ Անկարելի է։ Ինչպիսի՜ լրջություն, խոսքի հանդեպ, գրած յուրաքանչյուր բառի հանդեպ, ինչպիսի պատասխանատվություն: Առհասարակ թատերական բաներ չէր սիրում` մարդկանց թատրոնը տանել չէր կարող։ Չէր կարող տանել փուչ վաստակը, փուչ հեղինակությունը, որ հրապարակային հայտարարությունների ալիքի վրա է բարձրանում։ Շատ կտրուկ գնահատում էր յուրաքանչյուր փոքրիկ կեղծիքը, որ ընդամենը սեփական ԵՍ-ը զարդարելուն է՝ ուղղված` կեղծիք հայտարարությունը, կեղծիք խոսքը: Նրա մոտ այդ խաղերը չէին անցնում։ Եվ ամենախիստն ինքն իր նկատմամբ էր: Արտակարգ նուրբ հոգեբան էր, և դա բնական է՝ մեծ անձնավորություն, մեծ անհատականություն էր:
Հրաչյա Սարուխան
Օրհնություն շաղած ու փոխարենը հոգնություն շահած Բանաստեղծը յուրաքանչյուր արարումի տանջանքից հետո երիցս արդար իր հոգնությունն ընդունում էր որպես աստվածային վսեմ օրհնություն ու Աստծո անուշ համբույր՝ ի սեր և ի փառս Հայաստան աշխարհի…
Աղն էր մեր կենաց և սուրբ մասունքների օրհնաբանը։