Ռուս գեղանկարիչ, արվեստի տեսաբան Վասիլի Կանդինսկին (1866-1944) համարվում է աբստակցիոնիզմի հիմնադիրներից։ Նա բավական ուշ՝ 30 տարեկանում մուտք գործեց արվեստի մեծ աշխարհ, իսկ մինչ այդ զբաղվում էր իրավաբանությամբ։ Նրա աշխարհայացքի ու նաև մասնագիտության փոփոխության վրա մեծ ազդեցություն է թողնում 1896 թ․ Մոսկվայում կայացած իմպրեսիոնիստների ցուցահանդեսը։ Ապա նա սկսում է նկարչություն սովորել, իսկ 1900 թվականին ուսումը շարունակում Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Այս շրջանում նա ներշնչվում է ֆովիստների, հատկապես Անրի Մատիսի արվեստով։ Այս ազդեցությամբ էլ թերևս ձևավորվում են նրա արվեստի հիմնական սկզբունքները։
Շրջադարձային է դառնում մի դիպված․ մի օր արվեստանոցում տեսնում է իր նկարներից մեկը շրջված վիճակում։ Ըստ նկարչի, նա բացահայտում է, որ առանց առարկայական աշխարհի ճանաչելի տարրերի նկարը նոր գեղեցկություն և արտահայտչականություն է ստանում: Այս դրվագն էլ նկարչին օգնում է հասկանալու գույնի և ձևի ինքնուրույն ուժը, անկախ նույնիսկ բովանդակությունից։
Գույնն ու նոտաները
Ընդհանրապես աբստակցիոնիզմում գույներն ու ձևերը հանդես են գալիս որպես զգայական և հոգեկան հաղորդակցման միջոցներ։ Ըստ Կանդինսկու գույներն ու գծերը նման են երաժշտական նոտաների, որոնք կարող են հուզական մեծ ազդեցություն թողնել դիտողի վրա։ Նկարչի ընկալմամբ գույնը չունի միայն դեկորատիվ նշանակություն, այլ այն յուրահատուկ հնչյուն է ու թրթիռ։ Նա հավատում էր, որ գույները կարող են երաժշտության պես ուղղակիորեն ազդել դիտողի հոգեկան աշխարհի վրա։ Օրինակ՝ կապույտը համեմատելի է դանդաղ զարգացող ու խորը ապրումներ առաջացնող երաժշտության հետ, դեղինը «հարձակվող» գույն է և կապված է ավելի բարձր աստիճանում տարածվող թրթիռների հետ։
«Գույնը որպես ազդակ անմիջապես ազդում է հոգու վրա։ Այն կարող է փոխանցել թախիծ, ուրախություն, անհանգստություն կամ հանգստություն, ինչպես երաժշտության մեջ մի մեղեդի կամ ակորդ»։
Լսել աչքերով
Կանդինսկու գեղանկարները արվեստաբանները համեմատում են սիմֆոնիաների հետ։ Դրանք կարծես կառուցված են գունային տարբեր նոտաների ներդաշնակությամբ։ Օրինակ, նրա Կոմպոզիցիա շարքի նկարները հիշեցնում են երաժշտական ստեղծագործություններ․ ունեն բարդ կառուցվածք և հուզական ելևէջներ։ Միաժամանակ ինչպես երաժշտությունը, դրանք խիստ համակարգված են, բայց նաև փոխանցում են տարբեր զգացմունքներ։
Նկարչի նպատակն էր, տալ այնպիսի ազդակներ, որ դիտողը «լսեր» աչքերով։
Կանդինսկի և Շյոնբերգ
Երաժշտության ընկալման տեսանկյունից Կանդինսկու վրա մեծ ազդեցություն է թողել նրա ժամանակակից ավստրիացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը։ Շյոնբերգը փոխել է երաժշտության ավանդական տոնային համակարգը։ Կոմպոզիտորի երաժշտությունը ներշնչանքի մեծ աղբյուր է եղել Կանդինսկու համար։ Ինչպես Շյոնբերգը երաժշտության մեջ վերափոխում կամ քանդում է ավանդական համակարգերը, այնպես էլ Կանդինսկին ձգտում էր ազատվել իրերի ու առարկաների պարտադրանքից, ստեղծել գույների, գծերի ու երաժշտության մի յուրահատուկ համադրություն, որով հնարավոր է գրավել ժամանակակից մարդուն ու նրա կապել տիեզերական անտես թրթիռների հետ։