Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...
1915
2025 թվականի փետրվարի 9-ին լրանում է Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը։ Ծննդյան օրը լավ առիթ է հիշելու մեծ բանաստեղծի մորը՝ Յուղաբերին, որին էլ նվիրված է հայ մայրերգության ամենատպավորիչ ստեղծագործություններից մեկը՝ «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը։
Տերյանի մայրը՝ Յուղաբերը (1842 - 1903 թթ․) զգացմունքային, կրթված կին էր, բարի ու հեզ, անչափ հոգատար։ Տերյանը մորից է ժառանգել «իր հոգու նրբությունն ու սրտի քնքնշությունը»՝ բանաստեղծի ընկեր Պողոս Մակինցյանի բնորոշմամբ։
Տերյանի եղբայր՝ Արամ Տեր-Գրիգորյանը հիշում է իրենց ծնողների ամուսնության ուշագրավ հանգամանքները․
«Գանձացի` Տեր Գրիգորն, առանց իր որդի՝ Սուքիասի համաձայնությունն ստանալու, նշանում է նրան չամդուրացի տիրացու Գրիգորի աղջկա՝ Յուղաբերի հետ: Յուղաբերն իր ժամանակի բացառիկ երևույթներից էր: Նա ավելի «ուսումնական» էր քան շատ տերտերներ, և ժամաշապիկը հագած՝ իր պապ չամդուրացի Տեր Ղազարի մոտ սարկավագում էր. այն տարիներին, գյուղական աղջիկ, եկեղեցու բեմից երգելիս կամ կարդալիս... Սուքիասի ձեռներն ու ոտներն կապվում են, բոլոր ծրագրերը ջուրն են լցվում... հեռու իր սիրեցյալ հորը վշտացնելու ցանկությունից, ավելի ևս հեռու «վարկաբեկելու» իր ուսումնական նշանածին, նա ընկնում է մտորումների ու մելամաղձի աշխարհը... նա տենչում է գիտության, մինչդեռ պայմաններն ու շրջապատը վճռել են պարուրել նրան տերտերի ֆարաջայի մեջ:
Մի պատահականություն ավելի ևս խելքահան է անում Սուքիասին. նրա ձեռքն է ընկնում ինչ-որ հայտարարությո՞ւն, թե պաշտոնական թուղթ, որից իմանում է, որ... Փարիզում հայ որբ երեխաների համար ինչ-որ դպրոց է բացվել...։ Այլևս Սուքիասը կորցնում է իր հանգիստը: Փարիզը նրա ցնորքների ու երազների առարկան է: Ուսումնածարավ երիտասարդը վճռում է բացվել իր նշանածի առաջ, տեսնվում է նրա հետ, պատմում իր ապրումները, ձգտումները, ծրագրերը: Յուղաբերը դժվարություններ չի տեսնում` Սուքիասի իղձը կատարվելուն. առանց տատանվելու գեղջկուհու միամտությամբ տալիս է իր համաձայնությունը, որ նա գնա Փարիզ, սովորի և վերադառնալուց հետո ամուսնանա իր հետ: Ուսումնածարավ երիտասարդի կապանքներն արձակված էին, հավատարմության խոսք տալով Յուղաբերին, ծնողներից ծածուկ, ոտքով ճանապարհ է ընկնում դեպի... Փարիզ: Մարշրուտն այս է—Կարս, Էրզրում, Պոլիս, Փարիզ: Հաջողությամբ, գիշերվա մթի հովանավորության տակ անցնելով տաճկական սահմանը, Սուքիասը հասնում է Կարսի Ղզլչախչախ գյուղը, երբ հոր ուղարկած ձիավորները, Թորոս եղբայրը և Սահակ քեռին, հասնում են ու ձերբակալում գիտության ծարավով ցնորված պատանուն: Ամոթահարված, Սուքիասը տարվում է Գանձա»։
Յուղաբերն ու Սուքիասը ամուսնանում են և ունենում տասներկու զավակ, որոնցից չորսը մահանում են վաղ հասակում: Մնում են չորս տղա և չորս աղջիկ: Բանաստեղծի եղբայրներն են՝ Ղազարոսը, Արամը, Ներսեսը: Վահանը կրտսերն է: Քույրերն են՝ Աշխենը, Նախշունը, Թաքունը, Հեղինեն:
«Մայրս, Յուղաբերը, հորս հակապատկերն էր: Քնքուշ դիմագծերով ու մարմնի կազմով, դեմքին ծաղկի թեթև նշաններով, սև, խորը և միշտ թաց աչքերով, բարակ, գեղեցիկ հոնքերով, թույլ կամքի տեր, փափկասիրտ, զգայուն ու լացկան մի կին: Մեզանից ոչ մեկը չի տեսել հորս հուսահատված որևէ անհաջողությունից կամ առանձնապես զգացված որևէ ցնցող դեպքից ու պատահարից: Հորս համար մինչև իսկ իր մոտիկների ու զավակների մահը սովորական փորձանքներ էին, որ աստված տալիս էր նրա հավատի կայունությունը և հոգու արիությունը փորձելու, մինչդեռ մորս համար ամենահասարակ անհաջողությունն անգամ անսպառ լացի ու արտասուքի աղբյուր էր։ Մայրս նույնպես հավատացող քրիստոնյա էր, բայց նրա հավատը զգացմունքի, առավելապես երկյուղի վրա էր հիմնված. նա աստծուն հավատում էր, որովհետև նրանից վախենում ու սարսափում էր: Շատ հաճախ մայրս հուսահատության գիրկն էր ընկնում: Ընթերցանությամբ չէր պարապում, թեև անմոռաց հիշում էր եկեղեցական արարողություններն ու երգերը և վարժ կարդում էր ամեն մի գիրք», -հիշում է Արամ Տեր-Գրիգորյանը։
Մոր կերպարը տարբեր կերպ հառնում է Վահան Տերյանի շատ բանաստեղծություններում․
Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,—
Մայրամուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ...
Մեր գյուղն է —սարերը մերկ,
Մեր գետը — բարակ միգում.
Զանգակը — մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ...
Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։
Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է —բարի մի մայր...
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան..․
«Հակառակ իր ժամանակի ոգուն և սովորությանը, լավ գրագետ է եղել, մինչև ամուսնանալը դպրություն է արել գյուղի եկեղեցում, որով և գրավիչ է դարձել հորս համար։ Մեր տանն էլ շատ հաճախ նա անգիր կրկնում էր Նարեկից կամ սաղմոսից երեսներ, բայց առանց հասկանալու։ Մանրիկ հասակով, բայց գեղակազմ մի կին էր մայրս, երեսը թեթև, համարյա աննկատելի ծաղկատար: Բնավորությամբ շատ կենսուրախ, հանաքչի, միշտ լավատես ու դիմացկուն կյանքի անհաջողությունների դեմ»։
Ներսես Տեր-Գրիգորյան, Վահան Տերյանի մանկությունը