Լևոն Շանթն ու Հին Աստվածները
1869 թ․ ապրիլի 6-ին է ծնվել դրամատուրգ արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Լևոն Շանթը (1869-1951): Թեև Լ․Շանթը շատ ստեղծագործություններ է հեղինակել՝ «Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը» վիպակները, «Եսի մարդը», «Ուրիշի համար», «Շղթայվածը», «Կայսրը» և այլ դրամաներ, սակայն հայ գրականության ու թատրոնի պատմության մեջ հեղաշրջող նշանակություն ունեցավ նրա «Հին աստվածներ» դրաման։
Գրական դատավարություն
Դրաման գրվել է 1909 թ. Երևանում, լույս է տեսել Կ․Պոլսում 1912 թ. և առաջին անգամ բեմադրվել` 1913 թ. հունվարի 14-ին Թիֆլիսի Արտիստական թատրոնի դահլիճում: Այն մեծ հռչակ ձեռք բերեց հատկապես բեմադրությունից հետո: Մինչ այդ մամուլում արդեն նյութեր կային փորձերի, նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Բեմադրիչը՝ Արմեն Արմենյանն էր: Աղմկոտ պիեմիերայից հետո ներկայացումներ եղան Բաքվում, Ալեքսանդրապոլում, Բաթումիում, Երևանում, Պոլսում, նաև ռուսական թատրոններում:
«Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Շանթի «Հին աստվածները» ուղղակի հիպնոսել է ժողովրդին», -կարդում ենք «Մշակ» թերթում:
Սիմվոլիստական այս ուշագրավ դրաման մեծ հետաքրքրություն առաջացրեց ու քննարկումների առիթ տվեց: Ավելին, հայ իրականության մեջ որևէ գրական ստեղծագործության նվիրված առաջին դատը եղավ: 1913 թ. փետրվարի 9-ին Վրաց Ազնվականների թատրոնում տեղի ունեցավ Հայ գրողների ընկերության կազմակերած դատ-քննարկումը: Շատերը բողոքեցին քննարկման այսպիսի ձևաչափի վերաբերյալ, սակայն Հայ գրողների ընկերության նախագահ Հովհաննես Թումանյանը հանդես եկավ մամուլում և բացատրեց իրողությունը․
«Վրդովմունքն ու աղմուկն էստեղ գործ չունեն և անկարող են ու վտանգավոր, այլև տարօրինակ, երբ ուղղված են գրողների ընկերության դեմ, որը մի նպատակ ունի՝ պաշտպանել ու զարգացնել գրականությունը: Իսկ գրականությունը զարգացնելու ուժեղ միջոցներից մեկը` անողոք ու անաչառ քննադատությունն է, որին, ժամանակի ընթացքում, գրական ընկերության նախաձեռնությամբ, կենթարկվի մեր ամբողջ գրականությունը», -գրում էր Հովհաննես Թումանյանը:
Գրական այս պատմական դատն անցավ դատավարության բոլոր կանոններով: Մասնակիցները ժամանակի հայտնի գրական-մշակությաին գործիչներն էին: Մեղադրողներն էին՝ Արշակ Հարությունյանն ու Մամբրե Մատենճյանը, պաշտպանները՝ Գասպար Իփեկյանը և Ստեփանոս Լիսիցյանը, դատավորներն էին Տ. Հովհաննիսյանն ու Ա. Աթանասյանը, երդվյալ ատենակալներն էին՝ Մ. Թումանյանը, Ալ. Քիշմիշյանը, Ա. Քալանթարը, Լեոն և ուրիշներ (12 հոգի): Դատն այնքան բուռն ացավ, որ կազմակերպիչները ստիպված եղան թատրոնի ճեմարանում դնել երկու քվեատուփ, բաժանել քվեաթերթիկներ, որպեսզի դատին ներկա մարդիկ նույնպես արտահայտեն իրենց վերաբերմունքը: Ընթերցասեր հասարակությունը, որը պաշտպանում էր հեղինակին, դժգոհ մնաց դատապաշտպաններից, որոնք թույլ էին մեղադրողների համեմատությամբ: Գրական այս առաջին դատն իր շարունակությունը ստացավ Բաքվում, նաև Կ. Պոլսում՝ գրական ասուլիսների ձևով: Ի՞նչն էր դարձել այքան բուռն քննարկումների պատճառ: Քննարկվող հարցերի շրջանակի մասին կարելի է պատկերացում կազմել Թիֆլիսի դատական նիստի եզրակացություններիրց, որտեղ մասնավորապես նշվում էր.
1. «Հին աստվածները» ոչ թե դրամա է, այլ դրամատիկական պոեմ
2. Այն ունի գեղարվեստական արժեք
3. Դրաման մտածել է տալիս, բայց չի հուզում
4. Տիպեր չկան
5. Թե Վանահոր, թե Աբեղայի կերպարները արդարացի են իրենց մղումների մեջ, բայց հասարակական տեսակետից վնասակար են
6. Ընդհանրապես դատապարտելի է Իշխանուհու սերը, քանի որ սիրելով մեկին՝ նա ամուսնացել է ուրիշի հետ, բայց ի նկատի ունենալով բռնի ամուսնությունների փաստը, ներել նրան:
Իհարկե, տարիների հեռվից դժվար է հավատալ, որ գրական երկը կարող է այսպիսի բուռն արձագանք ունենալ, նաև այսպիսի եզրահանգումների պատճառ դառնալ: Սա խոսում է այդ երկի գեղարվեստական բարձր որակի, գաղափարական առանձնահատկությունների, նաև հանրության ակտիվ դիրքորոշման մասին: Ներկայացնում ենք հատված այս աղմկահարույց դրամայից։
ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ
հատված
Գ
ԱԲԵՂԱՆ - (Երկար կնայի անոնց ետևեն, մինչև աղմուկը կկտրվի: Տխուր գլուխը շարժելով) Անզույգ ու անընկեր… (Լուռ քիչմն ալ ու հանկարծ սրտին խորքեն) Ախ գոնե գիտնայի, որ իզուր չէ այս ճգնությունը… Ինչ կյանք է աս, մոռացված մոմ մը խաչելության առջևը, դժգույն ու մինակ, որ կմխա ու կհալի… (Ձեռքովը կծածկե երեսը, գլուխը կկախե կրծքին ու կմնա անշարժ):
Դ
Բարձր սեպ քարափի ծայրեն կերևա ճգնավորը, գզգզված ու կիսամերկ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Պոռալով) Էյ, ով է հոդ: Ի՞նչ գործ ունիս հոդ փոսիս գլխուն:
ԱԲԵՂԱՆ - (Ապշահար կնայի վեր):
ՃԳՆԱՎՈՐԸ - Էյ, քեզի կըսեմ, ի՞նչ բանի ես հոդ (Արագ ցած կմագլցի ժայռեն, երևալով ու չքանալով քարերու ցցվածքներուն ետևը: Հասնելով քարափի կեսերուն կանգ կառնե) Ինչո՞ւ ես եկեր, մարդ, այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Ախ, երևի դուն այն Ճգնավորն ես, որ մեզմե շատ-շատ տարիներ առաջ եկեր ես մինակ այս կղզին ճգնելու: Բայց չէ՞ որ անիկա մեռած է արդեն, վաղուց, վաղուց:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իսկ դուն, դուն մեռած չէ՞ս, վաղուց, վաղուց:
ԱԲԵՂԱՆ - Ե՞ս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն: Դուն ինծի ան ըսե` ինչո՞ւ ես եկեր այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Չգիտեմ, ինծի բերին:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ո՞վ բերավ քեզի:
ԱԲԵՂԱՆ - (Մտածկոտ) Չգիտեմ: Բայց չէ՞ որ քու ճգնարանդ այս ժայռերուն մյուս կողմն էր, ավելի վերը:
ՃԳՆԱՎՈՐԸ – Բայց հոստեղ է իմ փոսս:
ԱԲԵՂԱՆ - Փո՞ս, ի՞նչ փոս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Նայե ոտքերուդ տակը, ունայնության փոսը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Զգույշ, չքանդես:
ԱԲԵՂԱՆ - Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:
ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:
ԱԲԵՂԱՆ - (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:
ԱԲԵՂԱՆ - Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Գլուխը շարժելով) Ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):
ԱԲԵՂԱՆ - Կեցիր, կեցիր, մարդ, քեզի հարց մըն ալ, դուն, որ այդքան իմաստուն ես:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Կես մը ժայռին ետևեն) Մարդը իմաստո՞ւն… Ունայնություն: (Դուրս):
Ե
Աբեղան կերթա նորեն փոսին գլուխը և տխուր ու մռայլ կդիտե մտածկոտ:
Քարերուն մեջեն դուրս կուգա կերպարանք մը ամբողջովին փաթթված մեգի նման քողի մը մեջ: Ծանր-ծանր առաջ կուգա ու կկենա Աբեղային դեմը:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, եկա:
ԱԲԵՂԱՆ – (Գլուխը կբարձրացնե, կդիտե թեթև զարմանքով ու տեսակ մը անփույթ) Դո՞ւն ալ անոնցմե:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինծի ինչո՞ւ կանչեցիր:
ԱԲԵՂԱՆ - Կանչեցի՞, քեզի՞:
ՔՈՂԱՎՈՐԸ – Հոգիդ կանչեց ինծի ու եկա:
ԱԲԵՂԱՆ – Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինչո՞ւ է հոգիդ մռայլ: Ի՞նչ կխորհեիր:
ԱԲԵՂԱՆ - Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ըսե, ու մի ըլլար այդպես տխուր:
ԱԲԵՂԱՆ – (Փոսը մատնանիշ ընելով) Այ նայե:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ատ ի՞նչ է որ:
ԱԲԵՂԱՆ - Կյանքը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Կյա՞նքը. այդ նեղ ու մութ փոսը:
ԱԲԵՂԱՆ – Այո ունայնության փոսը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ախ, վախցեր ես այդ դատարկ փոսեն: Կուզե՞ս լեցնեմ:
ԱԲԵՂԱՆ - Լեցնե՞ս…
ՔՈՂԱՎՈՐԸ – Իսկույն, դժվար գործ չէ: (Կմոտենա, կկենա փոսին գլուխը և կսկսի իր կիսերգը խորհրդավոր կանչող շարժումներով: Եվ վերեն կսկսի մշուշի նման բան մը իջնել վար դեպի փոսը վերջալույսի կարմիր ճառագայթներուն տակ, իջնող մշուշին մեջ աղոտ կնշմարվին կարծես դեմքեր, մարմնի մասեր, տերև, ծաղիկ, կայծեր գույներ):
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
Բախտի կարկաչ ու հույսեր,
Դող ու անցուկ ու կարոտ,
Ծածուկ արցունք վարանոտ,
Խելքի, մտքի հակասում,
Միշտ նոր կյանքի սպասում…
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,
Աչեր վճիտ ու համբույր,
Իղձեր անվերջ, անմեկին,
Տագնապ ու տենչ մոլեգին,
Օրոր, գրգիռ ու հույզեր,
Սրտի թրթիռ, երգ ու սեր…
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
Ցնորքներ վառ ու առկայծ,
Հավատ ուժի, մեծության,
Փառքի, կամքի գոյության,
Շռինդ, թնդյուն, հպարտանք,
Իմաստություն… բյուր պատրանք:
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ:
ՔՈՂԱՎՈՐԸ - Դե, եկուր ու ալ մի ըլլար տխուր:
ԱԲԵՂԱՆ – (Նայելով) Լեցավ: Կուզեի ոտքս դնեմ վրան
ՔՈՂԱՎՈՐԸ - Դիր:
ԱԲԵՂԱՆ – (Մեկ ոտքով կկենա փոսին վրա) Եվ ես կեցած եմ ունայնության փոսին վրա:
ՔՈՂԱՎՈՐԸ - Դուն կեցած ես հիմա երազներու վրա:
ԱԲԵՂԱՆ - Այո: Եվ փոսը լեցված է: (Հանկարծ ուրախ ետ կցատկե ու անզուսպ) Հեյ դուն, հեյ, Ճգնավոր, հեյ ունայնություն, փոսդ լեցված է: Իսկ դո՞ւն, քողարկիր հմայող, ո՞վ ես դուն:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ե՞ս, ես ալ երազ մը:
ԱԲԵՂԱՆ - Երա՞զ:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ես ան եմ, որուն սպասեր ես դուն տարիներ ու տարիներ առանց գիտնալու, որ կանչեր ես դուն խուցիդ մենության մեջ, երկար, երկար գիշերներ առանց բան մը արտասանելու, որուն պապակեր է քու երիտասարդ ծարավ սիրտդ անվերջ ու անվերջ առանց խոստովանելու: Ես ան եմ, առանց որուն անապատ մըն է կղզին և որուն ներկայությանը անապատին մեջ դրախտ կծաղկի: Ահա եկեր եմ ես քեզի:
ԱԲԵՂԱՆ – (Ոգևորված) Օրհնված ըլլա քու գալուստդ, քողավոր: Ըսե, ինչպես կանչեմ քեզի:
ՔՈՂԱՎՈՐԸ – Կանչե` ինչպես որ սիրտդ ուզե, իմ անուններս հաշիվ չունին: Դուն ծովը շատ սիրեցիր, կանչե Ծովիկ, եթե կուզես:
ԱԲԵՂԱՆ - (Երազկոտ) Այո, ծովուն խայտուն ալիքները այս ժայռերու ոտքին միշտ քեզմե են խոսեր ինծի:
ՔՈՂԱՎՈՐԸ - Եվ սյուքերը տերևներուն մեջեն, և հավքերը թփերուն տակ, և կարկաչը աղբյուրի շրթունքին, ամենը, ամենը, ամեն օր ու ամենուր ինծմե են խոսեր քեզի:
ԱԲԵՂԱՆ - Կուզեմ տեսնեմ քու երեսդ: Բաց:
ՔՈՂԱՎՈՐԸ - Աղեկ, եկուր, ինքդ բաց:
ԱԲԵՂԱՆ – (Վախով ու դողով) Ե՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ - Եկուր բաց:
ԱԲԵՂԱՆ - (Դողդողալով կմոտենա և դողդոջուն ձեռքով կբռնե քողին ծայրը ու կքաշե: Քողը կիյնա աղջկան թևերուն: Կեցած է Սեդան` ճիշտ այնպես, ինչպես որ էր առաջին արարին մեջ: Աբեղան ետ-ետ կքաշվի հիացած ու խելագար) Սեդա…
ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, ահա ես:
ԱԲԵՂԱՆ - (Հետզհետե ավելի ու ավելի հափշտակված) Օ, դուն, դուն իմ էությանս հմայքը, դուն թագուհին իմ մտքերուս, դուն իմ սրտիս ծովը, դու փոթորիկը իմ հոգիիս: Արևուն հուրքն ես դուն, ծովերուն հույզքն ես դուն, բնության պարգևն ես դուն ինծի: (Կնետվի գետին) Թող, թող փաթթվիմ ոտքերուդ, թող համբուրեմ կոխած հողդ, համբուրեմ այդ ճերմակ հագուստիդ անարատ փեշերը… (Կուզե գալարվի անոր ոտքերուն, աղջկան կերպարանքը կմշուշոտվի ու կաներևութանա:
Աղբյուրներ՝ Ժ․Քալանթարյան, Լևոն Շանթի Հին աստվածներ դրաման
ժամանակի քննադատության ընկալմամբ։