Կանոնիկ ավետարաններում թեև ոչինչ չենք կարող գտնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի մանկության մասին, սակայն Սուրբ Տիրամոր հետ նրանց համատեղ պատկերման թեման տարածված է իտալական Վերածննդի արվեստում, մասնավորապես Ռաֆայել Սանտիի(1483-1520) տեղծագործության մեջ: Վերածննդի հանճարը ստեղծել է Սուրբ ընտանիքը, Մարիամ Աստվածածնին՝ մանուկ Հիսուսով և մանուկ Հովհաննես Մկրտչով ներկայացնող նկարների մի մեծ շարք։ Թեման ունի աստվածաբանական ու գեղարվեստական առանձնահատկություններ:
Madonna Diotallevi, 1504
Աստվածաբանական խորհուրդը
Թեմայի աստվածաբանական հիմքը Ղուկասի Ավետարանի փոքրիկ ակնարկն է Հովհաննես Մկտչի մորը՝ Եղիսաբեթին Մարիամ Աստվածածնի այցելության մասին.
Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը. «Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»:(Ղուկ. 1.39-45)
Այս խորհրդավոր ու առինքնող դրվագը, ընկալվում է որպես դեռևս չծված Փրկչի ճանաչման ու ողջույնի, նաև Հովհաննես Մկրտչի հետագա առաքելության խորհրդանշական պատկերում:
Madonna Terranuova, 1504-1505
Վերածննդի գեղանկարչության մեջ
Վերածննդի շրջանի շատ նկարիչներ ու նաև Ռաֆայելը այս թեման ընտրում էին զգացմունքայնության, ազդեցիկության, նաև այն պատճառով, որ այս կոմպոզիցիան հնարավորություն էր տալիս ցույց տալ նկարչի վարպետությունը: Մինչ այդ, սրբանկարչության ու մանրանկարչության մեջ Հովհաննես Մկրտիչը պատկերվում էր հասուն տղամարդու կերպարով, առավելապես Քրիստոսի Մկրտության տեսարանում: Այս շարքում Մանուկ Հիսուս ներկայացվում է Աստվածամոր գրկում կամ նրա ոտքերի մոտ՝ մանուկ Հովհաննեսի հետ խաղալիս:
Madonna del Belvedere, 1506
Երբեմն Հովհաննեսը ներկայացվում է առանձին՝ իր առաքելությունը, նաև Փրկչի հետագա ճակատագիրը խորհրդանշող փոքրիկ խաչը ձեռքին, նաև երկրպագող դիրքում։ Ռաֆայելը այս պատկերներում միավորում է կրոնական ապրումն ու Վերածննդի արվեստի գեղագիտությունը՝ ստանալով յուրահատուկ գեղարվեստական որակ: Ռաֆայելը բերում է կոմպոզիցիոն նորություն. դասավորում է կերպարները հավասար եռանկյունաձև կառուցվածքի մեջ: Այս նկարներին մեծ հմայք են հաղորդում լույսի ու ստվերի խաղը, դեմքերի մեղմ արտահայտությունները, շարժումների նրբությունն ու նկարներից դուրս հորդացող խաղաղությունը:
Sacra Famiglia, 1518
Ճակատագրի ընդհանրություն
Մեծ վարպետի նկարներում Հիսուսն ու Հովհաննեսը միայն կրոնական կամ պատմական կերպարներ չեն։ Նրանք մարմնավորում են աստվածային նախախնամությունը, սերը, օրհնությունն ու ողորմածությունը: Մայրն ու մանուկները, անկախ պատկերի կրոնական խորքից դառնում են բարության ու մաքրության խորհրդանիշ: Ռաֆայելը մեծ վարպետությամբ և նրբորեն ընդգծում է կերպարների հուզական կապը, ճակատագրի ու առաքելության ընդհանրությունը, սերն ու նվիրումը, նաև ակնարկում ապագա զոհաբերության մասին:
Madonna Albobrandini, 1510