Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբեգության երկի՝ Նարեկի հնագույն օրինակը: 1173 թ. Կիլիկիայի Սկևռա հռչակավոր վանքում ընդօրինակված այս ձեռագրի պատվիրատուն Տարսոնի արքեպիսկոպոս, Լաբրոնի Օշին իշխանի ու Շահանդուխտ Պահլավունու որդի, նշանավոր աստվածաբան ու փիլիսոփա Ներսես Լամբրոնացին էր: Հենց նրա պատվերով Գրիգոր գրիչը ընդօրինակում է նախ մի Ավետարան, ապա նաև նույն թվականին՝ Նարեկը: Հենց այս ձեռագրի շնորհիվ պահպանվել ու մեզ է փոխանցվել Սուրբ Գրիգոր Նարեկացու անմահ Մատյանը:
Բացի այս, ձեռագիրը նշանավոր է նրանով, որ այստեղ տեսնում ենք Նարեկացու ամենից վաղ չորս մանրանկարները: Գրիգոր Մլիճեցին Նարեկացուն պատկերում է տարբեր վիճակներում և նկարներին կից կան համապատասխան գրություններ՝ «Գրիգոր փիլիսոփա», «Գրիգոր հսկող», «Գրիգոր ճգնավոր», իսկ վերջին նկարում մակագրությունը չի կարդացվում։
Հաջորդող էջում շարադրվում է Գրիգոր Նարեկացու վարքը: Մատյանի ԺԸ, ԼԴ, ԾԳ բան-երին կից նկարները ուղղակիորեն արտացոլում են Նարեկի այդ հատվածների բովանդակությունը: Օրինակ, ԺԸ բան-ի նկարում Սուրբ Գրիգորը պատկերված է աղոթելիս, իսկ Մատյանի այդ մասը նվիրված է տարբեր արատներից բժշկմանը.
Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անվամբ, հզո՛ր,
Արա՛ այն առողջ, ինչպես էր առաջ,
Երբ դրախտի փափկության մեջ կենաց պտուղն էի քաղում ես:
Ախտավոր կնոջ նման կաշկանդված, գոսացած ձեռքով,
Գլխիկոր, շվար և անուղղելի մեղքերով կքած թշվառ իմ հոգին
Սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա՛,
Չի նայում վերև, որ քո երկնայնոց ողջույնը չառնե:
Խոնարհվիր վրաս, միայն ողորմած, և բարձրացրու ինձ՝
Գետնահար ընկած ծառիս բանավոր.
Բարեվայելուչ կյանքով վերստին ծաղկեցրու չորացյալիս,
Ըստ աստվածաբանության սուրբ մարգարեի:
Ինչպես ի ծնե լուսազուրկ մի կույր՝ չունեմ տեսողություն,
Որ կարողանամ տեսնել Արարչիդ դեմքն ու
պաղատեմ, Հզո՛ր բարեգութ, դու միայն պաշտպան,
Քո անճառ սիրո հոգածու, ակնարկն ինձ դարձընելով՝
Շնչավոր, խոսուն քո անոթի մեջ անէությունից լո՜ւյս գոյացրու դու:
Տասներկու տարվա ախտով տառապած, տանջահար, տխուր
Կնոջ նման ես մեղքի արյան մեջ ողողվում եմ, տե՛ս.
Անմատույց լույսով քո պարածածկված՝ նայիր բարձունքից,
Ուր չկա քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ
Բայց ամենուրեք տարածված են քո հրաշքներն հզոր:
Մեղսոտ կնոջ պես պատժապարտս ես,
Օծման յուղով չէ, որ մոտենում եմ կենսաձիր ոտքիդ,
Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա,–
Այլ հավատս անբիծ՝ իմ բազուկների վերամբարձումով, ստույգ դավանմամբ,
Հոգու ողջույնով և փակ շուրթերով երկրպագելով:
Եվ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաև հեծեծանք, ահա՛,
Բժշկություն եմ աղերսում հոգուս:
(փոխադր. Մ.Խրիմյան)