Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո –
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսապից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո –
Քեզ համար, Հայաստան:
Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:
Եթե քո բախտն ես անգամ անիծում,
Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
Ճակատագիրդ ամուր պահելու:
թարգմ․՝ Սամվել Գասպարյանի
Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու հատկապես մեզանում սիրված Քեզ համար, Հայաստան (Pour toi Arménie) երգը գրվել է 1988 թվականի դեկետեմբրի 7-ի ավերիչ երկրաշարժից շատ կարճ ժամանակ անց: Սպիտակի երկրաշարժի լուրը ցնցում է ամբողջ աշխարհն ու բոլորի հայացքն ուղղում Հայաստանին: Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը, թեև իր հայկական ծագումը երբեք չի անտեսել, սակայն մինչ 1988 թվականը իր արմատներն ու կապերը Հայաստանի հետ առանձնապես չի ընդգծել:Հայաստանի հետ պատահած այս մեծ դժբախտությունն ու հայ ժողովորդին օգնելու ցանկությունն է նրա մեջ արթնացնում հայության մի մասը լինելու գիտակցումն ու մեծ արվեստագետներին բնորոշ պատասխանատվության զգացումը: Ժորժ Կառվարենցը գրում է նշանավոր երգի երաժշտությունը, իսկ խոսքերը հեղինակում է Ազնավուրը: Ազնավուրի գործադրած մեծ ջանքերի շնորհիվ շատ արագ հնարավոր է լինում հավաքել այդ ժամանակի ֆրանսիայի ամենահայտնի երգիչներին ու դերասաններին և ձայնագրել երգը.
Երգը ձայնագրությանը մասնակցում է 87 երգիչ ու դերասան: Նրանց թվում են՝ Սալվատորե Ադամոն, Պատրիսիա Կաասը, Ռոզի Արմենը, Սերժ Ավետիքյանը, Վանեսա Պարադին, Միրեյ Մաթյոն, Ջեյն Բիրկինը, Ժորժ Մուստակին և այլք: Երգը մեծ հաջողություն է ունենում, տասը շաբաթ շարունակ լինում ֆրանսիական սինգլների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, բարձր տեղեր զբաղեցնում եվրոպական այլ երկրների հիթ-շքերթներում: Սա համարվում է ռեկորդային ցուցանիշ: 1989 թ. երգը թարգմանվում է իտալերեն և ձայնագրվում նաև իտալացի արտիստների կատարմամբ:
Բացի նյութական մեծ օգնությունը, որը ստացվեց սկավառակների վաճառքից, էլ ավելի կարևոր էր հայ ժողովրդի կողքին լինելու, նրան օգնելու պատրաստակամության ուղերձները, որը Ֆրանսիան և անձնապես Շարլ Ազնավուրը փոխանցեց այդ օրերին հուսահատության մեջ գտնվող հայ ժողովրդին: Երգն իր երաժշտությամբ ու արտիստների հուզիչ կատարմամբ, բայց առաջին հերթին ազդեցիկ ու կենսահաստատ խոսքերով մխիթարեց մեր ժողովրդին, արթնացրեց ապագայի հույսեր՝ ցույց տալով որ հայ ժողովուրդը մենակ չէ իր ողբերգության մեջ:
2017 թ. Շառլ Ազնավուրը հյուրընկալվելով Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին՝ պատմում է Հայաստան կատարած իր այցելության մասին ու ցանկություն հայտնում, որ Քեզ համար, Հայաստան երգը դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը և նշում, որ կա այդպիսի հավանականություն: