Հայ պոեզիան զարգացման բազմադարյա ավանդույթ ունի, իսկ սիրային պոեզիան մեծ զարգացում է ապրել հատկապես 13-րդ դարից սկսյալ: Հայ միջնադարյան պայծառ տաղերգուները՝ Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին, Գրիգորիս Աղթամարցին, ապա նաև Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան և այլք, սերը ընկալել ու ներկայացրել են որպես աստվածային պարգև ու պատիժ, որը բերկրանք ու երջանկություն է պարգևում, սակայն կարող է այրել ու խոցել: Տաղերի քնարական հերոսների սիրելին վերերկրային գեղեցկությամբ օժտված կինն է, որի գովքն անելու համար բանաստեղ-տաղերգուները ոչինչ չեն խնայում: Երկնային մարմիններից մինչև ծաղիկ, միրգ, քաղցրեղեն ու թանկարժեք քարեր. այս ամենն ու շատ ավելին տաղերում դառնում են մակդիր ու համեմատություն, հմայում ընթերցողին իրեն ճոխությամբ, երբեմն անսպասելիությամբ: Սակայն, հայ միջնադարյան տաղերգության մեջ, թերևս ամենից առինքնողը՝ այս ճոխությանը զուգահեռ, ապրումի մաքրությունն ու անկեղծությունն է, ներկայացվող հարաբերությունների անմիջականությունը, միամտությունն ու պարկեշտությունը, ինչը այսօրվա ընթերցողի համար կարող է անհասկանալի թվալ: Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով Art365-ը ներկայացնում է միջնադարյան սիրային պոեզիայի մի փոքրիկ փունջ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑԻ
(13–14–րդ դդ․)
Հոգի՛, աչերուս իմ լո՛յս
(հատված)
Հոգի՛, աչերուս իմ լոյս,
Երբ որ ի դիմացս ելնուս
Փախչիս, երբ որ զիս տեսնուս,
Խղճա քո գերոյս, իմ լո՛յս։
Դու զլոյս աչերուս առնուս՝
Թէ զիս քեզ օտար տեսնուս,
Դու ես հոգի իմ հոգոյս,
Խղճա՛ քո գերոյս, իմ լո՛յս։
Լեզուդ հրեղէն քաղցր է,
Խօսիւք անուշ շաքար է,
Քո տեսդ ինձ թամամ պահէ.
Խղճա՛ քո գերոյս, իմ լո՛յս։
Քո սէրդ իմ սրտիս զերդ հուր,
Քո տեսդ աչերուս իմ նուր,
Իմ դիմացս ելնուս զերդ հուր.
Խղճա՛ քո գերոյս, իմ լո՛յս։
Ես վանց քո սիրոյդ համար
Խև եմ և եղեալ խումար,
Զերա քո տեսդ է ղամար.
Խղճա քո գերոյս, իմ լո՛յս։
Գիշեր ու ցորեկ արթուն,
Ո՞նց անեմ վարդին սիրուն՝
Չունիմ հանգիստ և կամ քուն.
Խղճա՛ քո գերոյս, իմ լո՛յս։
Սուրաթ լուսեղէն լուս ես,
Լուսին բոլորած ելնես,
Զտեսդ ինէն է՞ր ծածկես․
Խղճա՛ քո գերոյս, իմ լո՛յս։
Կարմիր, լի գունով վարդ ես,
Ամէն ծաղկունաց զարդ ես,
Գովեմ զքեզ հազար բերան ես,
Տե՛ս, որ քո պլպուլն եմ ես։
Ուներդ աղեղունք լարես,
Գաղտուկ նետերով զարնես,
Երթաս անգուման նըստիս,
Չի գիտե՞ս՝ քո աշըխ եմ ես։
Առջև աչերուս քայլես.
Ես խև ու հայրան՝ հետ քեզ,
Չի դառնաս հեղ մի յիս հայես.
Չի գիտե՞ս՝ քո պլպուլն եմ ես։
Քո սիրոյդ հիւանդ եմ ես,
Հէքիմ և ճարակ դու ես,
Դու դեղ իմ սրտիս առնես՝
Թէ զտեսդ աչերուս օժտես․․․
․․․Խիստ խղճուկ եմ ու անյոյս,
Կու ծփամ ի մէջ ծովուս,
Չերևիր եզերն ճամփուս,
Ար-եկ, աչերուս իմ լո՛յս։
Երբ որ քո գերիդ տեսնուս,
Շատ ղիպն ու նամուս առնուս,
Խօսէ դու յիս հետ մէկ կոյս,
Խղճա քո գերոյս, իմ լո՛յս։
Հոգի՛ս, աչերուս իմ լոյս,
Երբ որ ի դիմացս ելնուս՝
Է՞ր փախիս ի տուն մտնուս.
Ար-եկ, աչերուս իմ լոյս։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ
(14–15–րդ դդ․)
Տաղ Յովանէսի վասն սիրոյ
Ես քո սիրուն չեմ դիմանար, հալալ արա, հանսը մեռայ,
Առ ի հետ այլ զոսկի փէտատ, ւ' եկո' փորէ ինծի թուրպայ:
Թող զիս երեն տառայպուլով, որ իմ սըրտիս բոցըն գոռայ,
Շատ մարդ ի յայս կըրակն ընկնի, չորն երի դալարն ի վրայ:
Թող լըվանան ըզիս գինով, մտրուպ բերեն ինձ քահանայ,
Կանանչ տերևըն թող պատնեն՝ տանին թաղեն ի նոր պաղչայ:
Հայ հարամի ու մարդըսպան, ճալատն ի քովդ աշկերտ կու գայ,
Շատ դըրեր ես սիրու զընտան, դուռդ ու դըրունքդ է դանարայ:
զՍիրտս երեցիր ու սղկեցիր ու քաշեցիր յաչքըդ սուրմայ,
Դարձար զարիւնըս վաթեցիր ւ' ի ոտւընիդ դըրիր հիմայ:
Քարկոծեցէ՛ք զիս խնծորով, քաղցըր լեզւով խոցոտեցայ.
Անուշ գինով զիս խև՛ արիր, որ ի ծոցըդ զնտանեցայ:
Այս գիշեր ի յերազիս կըտրտեցին տիքայ տիքայ,
Գազանք արիւնս կըշտացան ու թռչունք ի լաշիս վըրայ:
Վըրաս բերան է առիւծու, արիւնըս զէտ ջուր կը բխայ,
Ով արիւնէս է ծարաւէր՝ թող գայ խըմէ որ լիանայ:
Կըտրըճվորացն յոտիցն ի հող, մէկ հոգեկ մի ունիմ ֆետայ,
Իմ ճիկարըս քապապ հերիք, արիւնս թող գինի լինայ:
Գըլուխս ամպերն ի վեր իջեր ի սըրտիս լեռներուն վըրայ,
Մաղձըն սըրտիս մշուշ կապեր, արեան արցունքս կու ցօղայ:
Կերակրեցաք ի մի սեղան, ու խըմեցաք ի մի կըթխայ,
Մէկտեղ ելաք մէկտեղ նըստաք ան ժամանակն ո՞ւր է հիմայ:
Ո՞ւր է ղավլըդ, ո՞ւր է երդումն, որ բռնեցաք զաստուած վկայ,
Ի զատ ընկաք օտարացաք, չարկամն եղև մեզ մահանայ:
Աստուած մեր չարկըմին չար տայ, որ իւր չարովըն լիանայ,
Բարեկամացըն տայ բարի, մեր բանն ալվայ բարի լինայ:
Աստուած ճամբայ տայ իմ սրտիս, ծառըն ծաղկի ու կանչանայ,
Կամ իմ սրտիս ծառըն բուսնի, ձագըն խօսի ու ճըվըլտայ:
Համբերելով գործք կատարի. խև Յովանէս, դու համբերէ,
Ատեն լինի գայ իւր կամաւ զինչ հեռաւոր զինք համբուրէ:
ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ
(1661–1722)
Լուսնի նման պայծառ երես բոլորած,
Ես մնացի կարօտ համբուրից համար․
Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,
Ես մնացի կարօտ ետ տալոյ համար։
Ունքերդ կապել է կամար կրակով,
Աչքերդ վառել է պայծառ ճրագով,
Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով․
Ես մնացի կարօտ տեսնելոյ համար։
Ծոցիդ շամամներն խիստ է նորահաս,
Վախեմ թէ թառամի, շատ մի կենար պաս,
Թէ ինձ նշանց չտաս ընկնե՛ս պատուհաս․
Ես մնացի կարօտ ձեռք տալոյ համար։
Մէջքդ նազլու բարակ, աղէկ լաւ պադան,
Վախեմ թէ գիրկ ածէ նաշի մարդ նադան,
Քեամար էլ էս կապել տունդ աւադան․
Ես մնացի կարօտ գրկելոյ համար։
Բերանդ՝ կարմիր գինի, լեզուդ՝ համեղ նուշ,
Դու մինակ կու խմես ու կ'անէս անուշ,
Նաղաշն թողել ես ծարաւ ու բէուշ.
Ես մնացի կարօտ խմելոյ համար։
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
(1712/22-1795)
Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարթի նըման բաց իս էլի,
Վարթաջրով թաց իս էլի. -
Թաց իս էլի.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
Քիզ նման, քիզ նման. -
Դուն իս աննման:
Սիրունութինտ էլավ արբաբ.
Մազիր ունիս` սիմ ու շարբաբ.
Քի սազ գու քա ղուշլու զարբաբ. -
Ղուշլու զարբաբ.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
Քիզ նման, [քիզ նման. -
Դուն իս աննման]:
Էրեսըտ է շամս ու ղամար.
Ջանըս դուս գու քա քիզ ամար:
Միչկիտ ունիս օսկե քամար. -
Օսկե քամար.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
Քիզ նման, [քիզ նման. -
Դուն իս աննման]:
Հաքիտ զարըն ալ իս արի.
Բըլբուլի հիդ լալ իս արի.
Բարկ էրեսիտ խալ իս արի. -
Խալ իս արի.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
[Քիզ նման, քիզ նման. -
Դուն իս աննման]:
Դարդըս ասիմ` գու լան սարիր.
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր. -
Սայաթ-Նովուն ջունուն արիր. -
Ջունուն արիր.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
[Քիզ նման, քիզ նման. -
Դուն իս աննման]: