Նոր Կտակարանի ամենահայտնի հատվածներից մեկը, որը նաև Օրհներգ սիրո է կոչվում, ընդգրկված է Կտակարանի 7-րդ գրքում՝ Պողոս առաքյալի Կորնթոս քաղաքի քրիստոնյաներին ուղղված առաջին թղթում: Այս թղթում ի թիվս համայնքի կյանքին առնչվող տարբեր քրիստոնեական-բարոյական հարցերի, Պողոս առաքյալը խոսում է նաև սիրո մասին: Թեև ավելի հաճախ այս հատվածը մեջբերվում և մեկնաբանվում է որպես տղամարդու և կնոջ սիրո բնութագրում, երբեմն ընթերցվում պսակադրությունների ու սիրո խոստովանությունների ժամանակ, սակայն առաքյալի խոսքը շատ ավելի ընդգրկուն է և ներկայացնում է ընդհանրապես մարդկային սիրո հոգևոր նշանակությունն ու դրա քրիստոնեական ընկալումը: Սերն այստեղ հանդես է գալիս ներողամտության, հանդուրժողականության ու խոնարհության հետ միասին, այսինքն բացառվում է եսասիրությունը, դիմացինի վրա իշխելու ձգտումները: Հենց այսպիսի սերն է, որ մարդուն կարող է կատարելության տանել և աշխարհն էլ ավելի լավն ու բարին դարձնել: Ներկայացնում ենք այս առինքնող հատվածը գրաբար և աշխարհաբար՝ Արարատ թարգմանությամբ:
Գիրք` 7. Թուղթք Պաւղոսի Առաքելոյ առ կորնթացիս Ա
Գլուխ 13
1. Եթէ զլեզուս մարդկան խաւսիցիմ եւ զհրեշտակաց, եւ սէր ո՛չ ունիցիմ, եղէ ես իբրեւ զպղինձ որ հնչէ, կամ իբրեւ զծնծղայս որ ղաւղջեն:
2. Եւ եթէ ունիցիմ զմարգարէութիւն, եւ գիտիցե՛մ զխորհուրդս ամենայն, եւ զամենայն գիտութիւն. եւ եթէ ունիցիմ զամենայն հաւատս՝ մինչեւ զլերինս փոփոխելոյ, եւ սէր ոչ ունիցիմ, ո՛չինչ եմ:
3. Եւ եթէ ջամբիցեմ զամենայն ինչս իմ աղքատաց, եւ մատնիցեմ զմարմինս իմ յայրումն, եւ սէր ոչ ունիցիմ, ո՛չ ինչ աւգտիմ:
4. Սէր՝ երկայնամի՛տ է, քաղցրանա՛յ. սէր՝ ո՛չ նախանձի, ո՛չ ամպարհաւաճէ, ո՛չ հպարտանայ.
5. ո՛չ յանդգնի, ո՛չ խնդրէ զիւր, ո՛չ գրգռի, ո՛չ խորհի զչար.
6. ո՛չ խնդայ ընդ անիրաւութիւն, այլ խնդայ ընդ ստուգութիւն.
7. ամենայնի՛ տեւէ. ամենայնի՛ հաւատայ. ամենեւի՛ն յուսայ. ամենայնի՛ համբերէ:
8. Սէր՝ ո՛չ երբէք անկանի. եթէ մարգարէութիւնք են՝ խափանեսցի՛ն. եթէ լեզուք՝ լռեսցե՛ն. եթէ գիտութիւն՝ խափանեսցի՛:
9. Քանզի փոքր ի շատէ գիտեմք, եւ փոքր ի շատէ մարգարէանամք:
10. Այլ յորժամ եկեսցէ կատարումնն, փոքր ի շատէս խափանեսցի՛:
11. Մինչ տղայն էի՝ իբրեւ զտղա՛յ խաւսէի, իբրեւ զտղա՛յ խորհէի, իբրեւ զտղա՛յ համարէի. այլ յորժամ եղէ այր, զտղայութեանն ի բա՛ց խափանեցի:
12. Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի՛ աւրինակաւ, այլ յայնժամ դէ՛մ յանդիման. այժմ խելամո՛ւտ եմ փոքր ի շատէ, այլ յայնժամ գիտացի՛ց՝ որպէս եւ նայն ծանեա՛ւ զիս:
13. Բայց արդ՝ մնան հաւա՛տք, յո՛յս, սէ՛ր, սոքա երեքեան. եւ մեծ քան զսոսա՝ սէ՛ր է:
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին
Օրհներգ սիրո
1. Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։
2. Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։
3. Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։
4. Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։
5. Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում,
6. անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ,
7. ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։
8. Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։
9. Քանզի մասամբ գիտենք և մասամբ ենք մարգարեանում։
10. Բայց երբ կատարյալը գա, այն, ինչ մասամբ է, կանհետանա։
11. Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։
12. Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։
13. Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։
Մեջբերման աղբյուրը՝ www.shavigh.am