10-11-րդ դարերի իրանցի նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսու «Շահնամե» էպիկական պոեմը իրավամբ համարվում է համաշխարհային էպիկական ավանդույթի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը: Այս ծավալուն պոեմը բովանդակային առումով գրեթե ամփոփում է պարսից էպիկական ավանդույթի մինչ Ֆիրդուսին եղած փորձառությունն ու նոր բարձունքի հասցնում պարսկական գրականությունը: Առասպելական, վիպական ու պատմական տարբեր հերոսների շուրջ հյուսվող այս անչափ ուշագրավ պատումի դիպաշարի առանցքում Իրանի և Թուրանի միջև մղվող դարավոր կռիվներն ու դրանց անդրադարձն է Իրանի նշանավոր հերոսների կյանքում: Պատմությունը թեև ներկայացվում է բազմաթիվ հերոսներին վերաբերող դրվագներով, սակայն ինչպես շատ էպոսների, նաև հայ ազգային դյուցազներգության՝ «Սասնա ծռերի», դեպքում է, այդուհանդերձ, էպիկական պատումի կենտրոնում են մեկ կամ մի քանի հերոսներ, որոնք էլ դառնում են ձգողական այն կետերը, որոնց շուրջ գաղափարական ու կառուցվածքային տեսանկյունից հավաքվում է վիպական դիպաշարն ու ամփոփվում են հիմնական թեմաները:
«Շահնամեում» այդ առանցքային կերպարը Իրանի նշանավոր հերոս Ռոստամն է՝ Զալի որդին, ապա նաև Սոհրաբը, որոնց սխրանքները, հաղթանակները, արտաքին ու ներքին բարեմասնությունները, նաև ողբերգական ճակատագիրը հուզել ու ներշնչման աղբյուր են դարձել հետագա շրջանի ամբողջ էպիկական պոեզիայի, նաև գրականության համար: Ի մասնավորի, Ռոստամի ու Սոհրաբի միմյանց չճանաչելու, մենամարտի և Սոհրաբի սպանության մոտիվները համաշխարհային էպիկական ժառանգության ամենահետաքրքիր ու տպավորիչ դրվագներից են: Ներկայացնում ենք «Շահնամեի» հոր և որդու կռվի նշանավոր դրվագը՝ Սերգեյ Ումառյանի թարգմանությամբ:
Ֆիրդուսի
Շահնամե
ՍՈՀՐԱԲԻ ՄԱՀԸ
Ռոստամ-Զալը ջուր խմեց ու կրկին գնաց անապատ,
Սիրտը լի էր հոգս ու ցավով, դեմքը՝ դեղնած ու գունատ։
Իսկ Սոհրաբը քշում էր ձին, ինչպես անպարտ փահլևան,
Մի ձեռքում նա նիզակ ուներ, մյուս ձեռքում՝ վերտ, վահան։
Վարազի պես վազվզում էր, առյուծի պես մռնչում,
Քաջավազիկ երիվարը հողն էր վարում, վրնջում։
Ռոստամ-Զալը տեսավ նրան ու մռնչաց վագրի պես,
Որովհետև այդ քաջի հետ մտնելու էր ասպարեզ։
Իսկ Սոհրաբը երբ որ հեռվից նայեց առյուծ Ռոստամին,
Սրտի խորքում ալեկոծվեց ջահելության խենթ քամին։
Բայց մոտիկից տեսավ նրան հոգու աչքով մշտարթուն,
Տեսավ՝ փառքի վեհություն էր իջել դեմքին այդ մարդու։
Նրան ասաց. «Հազիվ էիր փախել ճանկից առյուծի,
Ինչո՞ւ դարձյալ որոշեցիր թամբել կռվի ահեղ ձի:
Դու որ դեմքդ ետ շրջեցիր ճշմարտության ճամփից լայն,
Ինչո՞ւ նորից զենք վերցրիր, եկար իմ դեմ մեն-միայն։
Երկու անգամ տապալեցի մենամարտում առերես,
Բայց հարգեցի ծերությունդ, նիզակահար չարի քեզ»։
Ռոստամն ասաց. «Ո՛վ փահլևան, քաջասիրտ ես ու գոռոզ,
Ջահելության ըմբոստ հոգուց դարձել ես դու մեծախոս։
Ինձ պես ահել փահլևանից ծեծ չես կերել դու վաղուց,
Ե՛կ, ստացիր հարվածներս, թե կոչում ես քեզ առյուծ։
Վա՛յ այն մարդուն, ով որ շարժեց բարկությունս, ոխապահ
Մոմ կշինեմ իմ ձեռքի մեջ, թեկուզ լինի որձաքար»։
Այնուհետև նժույգները պինդ կապեցին, այս անգամ
Բախտանիվը նրանց գլխին պտույտ գործեց չարակամ։
Մենամարտի համար նրանք կապել էին պինդ գոտի,
Գլուխ գլխի տվին իրար ու ձեռք ձեռքի, ոտք ոտքի։
Բայց այս անգամ ճախարակը չբերեց բախտ երկնահաս,
Ռոստամ-Զալի համար կարծես գործում էր նա ի վնաս։
Այդպես, իրար քաշքշեցին, մինչև արփին մայր մտավ,
Մեկը մեկի ուժն էր չափում, մեկը մեկից հաղթանդամ։
Ամեն մեկը մի հսկա էր, մի ծանրանիստ ամուր որմ,
Հսկա լեռը նրանց ձեռքի մեջ կդառնար հալած մոմ։
Բայց Ռոստամը կատաղորեն մեկնեց ճանկը ամեհի,
Բռնեց վագրի նման կռվող ամուր վզից Սոհրաբի
Ու ոլորեց, ծռեց մեջքը այդ քաջառյուծ պատանու,
Օրհասական ժամից հետո էլ ի՞նչ միտք կա կռվելու...
Նա Սոհրաբին զարկեց գետին, ինչպես մի փիղ կատաղած,
Չոքեց կրծքին, բայց համոզվեց, որ չի մնա նա պառկած,
Անմիջապես կողքից քաշեց իր դաշույնը սրածայր,
Որդու սիրտը պատառոտեց, նոր իր սիրտը հովացավ։
Ո՛վ մարդ, ամեն անգամ եթե արյան ծարավ դու զգաս,
Անմեղ մարդուն քենի համար սպանես կամ վնաս տաս,
Կգա մի օր, որ քո սրտից բախտը կառնի հորդ արյուն,
Կամ մարմնիդ ամեն մազը կդառնա մի սուր դաշույն։
Եվ Սոհրաբը խոր հառաչեց, տնքաց ցավից մահացու,
Չար ու բարի իր մտքերը թողեց միայն Աստըծուն։
«Մեղավոր եմ,– ասաց հորը,– կռվի կարգը դու խախտիր,
Քանզի ես իմ ձեռքով տվի քեզ բանալին իմ բախտի։
Դա անմեղ ես, բախտը ձեռքիդ դրել է մի հատու սուր,
Որ խաբելով տապալես ինձ, որ աշխարհից գնամ լուռ:
Բայց իմ մասին ընկերներս երգ կհյուսեն այսուհետ,
Թե ինչու շուտ շիրիմ իջա, շաղախվեցի հողի հետ։
Մայրս հայտնեց հորս բոլոր նշանները հանրահայտ,
Բայց հոր սիրո մեծ կարոտից շիրիմ իջա ես մինչ այդ։
Ուզում էի գտնել հորս, դեմքը տեսնել անկշտում,
Բայց անկատար մնաց իղձս, հոգիս մնաց այս դաշտում։
Ափսո՛ս, կորան իմ ջանքերը, իմ տենչերը անհատնում,
Ես չտեսա նրա դեմքը, իղձս մնաց իմ սրտում։
Եթե անգամ ձուկ էլ դառնաս, մտնես գետ ու ծովի մեջ,
Կամ թաքնվես խավարի պես խոր երկնքում դու անվերջ,
Կամ թե դառնաս անծայրածիր երկնի աստղ լուսատու,
Արեգակի լույսը խլես, կամ ինչ էլ որ լինես դու,
Մեկ է՝ հայրս քեզնից պիտի քենի արյուն պահանջի,
Երբ որ լսի որդու մահը, կռվից նա չի նահանջի։
Ծարավ էիր մարդու արյան, ինձ մահ տվիր քո ձեռքով,
Թաթախեցիր իմ արյան մեջ երկաթակուռ թուրը քո։
Կգա մի օր, որ մազերը քո կդառնան փուշ անգամ,
Կծակծկեն մարմինը քո, դու կլինես արնաքամ...
Բայց իմացի՛ր, իմ բանակից զինվոր լինի կամ թե պետ,
Ռոստամի մոտ կպատմի, թե ի՛նչ պատահեց որդու հետ։
Կասի՝ որդիդ ընկավ դաշտում, ինչպես կոտրած մի աղեղ,
Նա կարոտով հորն էր փնտրում, ամենուրեք, ամեն տեղ»:
Ռոստամը երբ նրան լսեց, մռայլվեց հանց թխպոտ լեռ,
Հանկարծ մթնեց աչքերը, և սիրտը դառավ ծանր բեռ։
Ուշագնաց ընկավ գետին իր հասակով վիթխարի,
Նա նման էր գետնի վրա ընկած հսկա մի ծառի:
Քիչ հետո երբ ուշքի եկավ, նորից հիշեց իր որդուն,
Մե՛րթ իր գլխին հող էր ցանում, մե՛րթ շորերը պատռոտում:
«Ռոստամից ի՞նչ նշան ունես, ցույց տուր՝ աչքերն իմ հանիր,
Թող վերանա իմ անունը և ծագումս իշխանի...
Հայրդ ե՛ս եմ... Քո փոխարեն ես լինեի սպանված,
Որ Դեստանը իմ դիակի վրա լիներ ողբասաց»։
Ապա փետեց մազերը և պատռեց շորերն իր հագի,
Սիրտը նրա նմանվում էր մշտաբորբոք կրակի:
Սոհրաբը երբ տեսավ հորը այդպես մոլոր ու թշվառ,
Ճիգ արեց, որ վեր բարձրանա, սակայն նորից ընկավ վայր։
«Ավա՜ղ, մի՞թե Ռոստամն ես դու,– Սոհրաբն ասաց ծնողին,–
Դու ինձ համար պատրաստեցիր հողե սառը անկողին։
Ամեն անգամ փորձում էի, որ հասկանաս՝ ո՛վ եմ ես,
Բայց մազաչափ չշարժվեց անգութ սիրտդ քարի պես:
Քանդիր կապը իմ զրահի, նայիր կրծքիս լուսազարդ,
Բաց աչքերդ, որ համոզվես, որդիդ եմ ես, ոչ այլ մարդ։
Սեմենգանում երբ որ հնչեց դափի ձայնը շքերթի,
Մայրս վշտից առավ սուրը, որ մարմինը իր քերթի,
Նա չէր ուզում, որ Իրանի դեմ մղեի ես պայքար,
Ուստի եկավ ձեռքիս կապեց մի հիշատակ եղնգքար։
Ասաց. «Որդիս, այս հիշատակ քարը տվեց հայրը քո,
Երբ որ պետք գա, դու ցույց կտաս, նա կլինի քեզնից գոհ»։
Այժմ ամեն բան վերջացավ, հարկ չկա այն ցույց տալու,
Որդին երբ որ սպանված է, հայրը ինչպե՞ս է լալու»:
Ռոստամ-Զալը երբ որ տեսավ նվեր քարը թանկագին,
Պատառ-պատառ արեց բոլոր հագուստները իր հագի։
Նա ողբալով աղաղակեց. «Սպանեցի՜ քեզ, որդի,
Դու փառապանծ քաջ զորապետ, դու պարծանքը քո զորքի»։
Փետում էր նա իր մազերը, թափում արյուն և արցունք,
Հողը գլխին էր շաղ տալիս, քարին զարկում ոտք ու ծունկ։
Իսկ մահամերձ Սոհրաբն ասաց. «Էլ մի՛ թափիր արտասուք,
Այսուհետև ինչքան որ լաս, անիմաստ է, անօգուտ։
Մեկ է, պիտի շիրիմ իջնեմ, ինչքան էլ որ դու ողբաս,
Ինչ որ եղավ, պետք է լիներ, գուցե այս էր ապագաս»։
Բնագիրը՝ Ֆիրդուսի, Շահնամե,
թարգմ. Սերգեյ Ումառյանի, Երևան, Անտարես, 2011: