Սիրաքի գիրքը կամ Սիրաքի իմաստությունը Հին կտակարանի երկրորդական գրքերից է: Որպես գրքի ստեղծման տարեթվեր նշվում են Ք.ա. 170 կամ 290 թվականները: Գրքի հեղինակ է համարվում իսրայելցի բարեպաշտ և ուսումնասիեր մի անձ՝ Սիրաքը կամ նրա թոռը՝ Բեն Սիրա Եոշուան: Վերջինս համարվում է նաև գրքի թարգմանիչը: Գիրքը ստեղծվել է եբրայերեն, հետո թարգմանվել հունարեն: Քրիստոնեական եկեղեցիները այս գրքի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն: Այն համարվում է ոչ կանոնիկ, սակայն հանձնարարվում ընթեցանության: Պատճառն այն է, որ Սիրաքն ուղղակի մի կրթված մարդ էր և մարգարե չէր, իսկ երբ հավաքում էին Հին կտակարանի գրքերը և հաստատվում էր կանոնը, խիստ ընտրություն էին կատարում: Բովանդակային առումով այս գիրքը անանց իմաստությունների մի հոյակապ շտեմարան է, որն հատկապես ուղղված է երիտասարդներին: Այստեղ կարելի է խորհուրդներ ու խրատներ գտնել իմաստության, Աստծու նկատմամբ վերաբերմունքի, հասարակական կյանքի ու հարաբերությունների, մարդու կյանքի խորհրդի ու նշանակության և շատ այլ թեմաների վերաբերյալ: Գրքի ստեղծման նպատակն է եղել պահպանել հրեաների ազգային ինքնությունը, հավատի, իմաստությունների ու արժեքների ծանոթացմամբ ընդդիմանել հելլենիստական մշակույթի մեծացող ազդեցությանը: Անկախ ստեղծման հանգամանքներից, իմաստության այս գիրքն իր խորհուրդներով արդիական է բոլոր ժամանակներում և իրականություններում: Ներկայացնում ենք ծաղկաքաղ Սիրաքի իմաստության գրքից:
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Բովանդակ իմաստութիւնը Տիրոջից է, եւ այն յաւիտեան կը մնայ նրա հետ:
Ո՞վ կարող է հաշուել երբեւէ ծովի աւազը, անձրեւների շիթերը եւ յաւիտենութեան օրերը:
Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրութիւնը, երկրի լայնութիւնը եւ իմաստութեան խորքերը:
Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը եւ հանճարը ի յաւիտենից կային:
Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են:
Իմաստութիւնը բարձրացնում է իր որդիներին եւ պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն:
Ով սիրում է նրան, կեա՛նքն է սիրում, եւ ովքեր առաւօտից շտապում են դէպի նա, ուրախութեամբ պիտի լցուեն:
Ով ունի այն, փառք պիտի ժառանգի, եւ ուր որ մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը:
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Իմաստութեան պսակը Տիրոջ հանդէպ երկիւղն է:
Նա է, որ ծլեցնում է խաղաղութիւն եւ կատարեալ առողջութիւն, տեսնում եւ քննում է ամէն բան:
Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը եւ գիտութիւնը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն:
Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում.
Համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան:
Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին:
ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԱԳՆԱՊԻ ՊԱՀԻՆ
Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր:
Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ:
Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս:
Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր:
Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում:
Հաւատա՛ Տիրոջը, եւ նա կը պաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները եւ յոյսդ դի՛ր նրա վրայ:
Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք նրա ողորմութիւնը եւ մի՛ խոտորուէք, որպէսզի չգլորուէք:
Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, հաւատացէ՛ք նրան, եւ չի կորչի ձեր վարձը:
Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք բարիքներ, յաւիտենական ուրախութիւն եւ ողորմութիւն:
ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Որդեա՛կ, քո գործը հեզութեա՛մբ կատարիր եւ կը սիրուես ընտիր մարդկանցից:
Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, եւ շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ, քանզի մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ նա փառաւորում է իր կամքը կատարող խոնարհներին:
Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, եւ այն, ինչ հզօր է քեզանից, մի՛ քննիր: Մտքիդ մէջ պահի՛ր այն, ինչ հրամայուեց քեզ,
քանզի քեզ պէտք չեն գաղտնի բաներ:
Աւելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետեւ աւելի իմաստութիւն է տրուած քեզ, քան շատ մարդկանց:
Արդարեւ, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, եւ դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը:
Ով որ սիրում է տագնապը, նրա մէջ էլ պիտի կորչի:
Յամառ սիրտը ի վերջոյ չարաչար պիտի կործանուի,
քանզի դաժան սիրտը ցաւերով կը ծանրանայ, եւ մեղաւորը մեղքերի վրայ մեղքեր կ՚աւելացնի:
Ամբարտաւանի հարուածներից բժշկութիւն չկայ, որովհետեւ չարութեան բոյսը արմատաւորուեց իր մէջ:
Որդեա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին եւ թոյլ մի՛ տուր, որ տուայտեն կարօտեալների աչքերը:
Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու եւ մի՛ զայրացրու մարդուն նրա չքաւորութեան մէջ:
Մի՛ խռովի՛ր արդէն նեղուած սիրտը եւ մի՛ դանդաղիր օգնել կարօտեալներին:
Մի՛ մերժիր նեղութեան մէջ եղողի պաղատանքը եւ քո երեսը մի՛ դարձրու տնանկից:
Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան:
Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար:
ԵՐԱՆԻ
Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ:
Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ:
Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզուով չի սխալւում եւ չի ծառայում մէկին, որ անարժան է իրեն:
Երանի՜ նրան, ով իմաստութիւն գտաւ եւ այն կը պատմի լսողների ականջին:
Որքա՜ն մեծ է նա, ով իմաստութիւն է գտել, բայց նա աւելի մեծ չէ, քան նա, ով երկիւղ է կրում Տիրոջից:
Երկիւղը Տիրոջից գերազանցում է ամէն բան:
Եւ ով ունի այն, ո՞ւմ կարելի է նմանեցնել:
Աղբյուրը՝ www.shavigh.am