Անդրեյ Տարկովսկու նշանավոր Սոլյարիս (1972 թ.) ֆիլմի ամենահայտնի դրվագում Յոհան Սեբաստիան Բախի Ֆա մինոր պրելյուդիայի(Է. Արտեմևի մշակմամբ) առինքնող երաժշտական ուղեկցությամբ ներկայացվում է աշխարհում թերևս ամենահայտնի ձմեռային բնանկարը՝ Պիտեր Բրեյգել Ավագի Որսորդները ձյան վրա կտավը:
1565 թվականին ստեղծված այս գործը ընդգրկված է նկարչի՝ տարվա եղանակները պատկերող շարքում և այսօր ցուցադրվում է Վիեննայի Արվեստների պատմության թանգարանում:
Կոմպոզիցիան և տեսանկյունը
Ընդհանրապես Բրեյգել Ավագի նկարները հայտնի են իրենց կառուցվածքային յուրահատկություններով, դետալների ու ֆիգուրների առատությամբ և մանրակրկիտ մշակված տեսանկյուններով։ Որսորդները ձյան վրա նկարը կառուցված է երկու հիմնական պլանով. առաջին պլանում՝ գյուղ վերադարձող որսորդներն են, շները և ձյունածածկ ծառերը, երկորդ պլանում՝ ձմեռային գյուղի համայնապատկերը, աշխատող ու սառած գետակի վրա սահող մարդիկ: Նկարին խորություն հաղորդելու համար Բրեյգելը օգտագործել է տարածական հեռանկարի մեթոդը և համապատասխան գունային էֆեկտներ, ինչի շնորհիվ նկարի առջևի մասում մանրամասներն ավելի հստակ են, մինչդեռ հեռավոր գյուղական տեսարանը, լեռները այդքան որոշակի չեն, բացի այդ առաջին պլանի մուգ գույներից անցում է կատարել ավելի բաց գույների: Ֆիգուրների դասավորվածությունը նկարում ստեղծում է բնական շարժման տպավորություն, որը տանում է դիտողի հայացքը որսորդներից դեպի գյուղի խորքը։ Որսորդների քայլքը, ձնապատ լանջը և ձախից աջ ձգվող գետակը ստեղծում են շարժման պատրանք։ Հորիզոնական գծին հակադիր՝ ծառերի ուղղահայաց գծերը այլ համաչափություններ են ստեղծում: Նկարիչն այս ամենը դիտում և պատկերում է փոքր-ինչ վերևից՝ նկարից դուրս գտնվող բլրակի վրայից: Այս բարձրադիր տեսանկյունը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական ու ընդգրկուն տեսնել պատկերվող իրականությունը:
Տպավորություն, տրամադրություն ու խորհուրդներ
Այս պարզ թվացող սակայն բավական բարդ կոմպոզիցիան մեծ ազդեցություն է գործում դիտողի վրա՝ պարգևելով հակասական զգացողություններ ու ապրումներ: 16-րդ դարի կյանքը պատկերող կտավը ցույց է տալիս գյուղական առօրյան, բնության և մարդու ներդաշնակությունը, բայց նաև կյանքի ծանրությունը, տագնապալի ու անկանխատեսելի բնույթը։
Թվում է, թե որսորդները ծանրաբեռնված են վերադառնում, սակայն իրականում որսացել են ընդամենը մեկ նիհարիկ աղվես: Սա կարող է խորհրդանշել կյանքի դժվարություններն ու մարդկային ջանքերի անիմաստությունը: Միաժամանակ սակայն, երկրորդ պլանում տեսնում ենք երեխաների անհոգ խաղը, որն այդուհանդերձ, կյանքի շարունակականության ու փոքրիկ ուրախությունների հույսեր է ներշնչում: Որսորդների մուգ գույներով պատկերված մռայլ կերպարները, նիհար շները հակադրվում են ձախ կողմի պանդոկի բակում կրակ վառող և ինչ-որ բան խորովել պատրաստվող ընտանիքի պատկերին: Ինչով կրկին շեշտվում է կյանքի բազմազանությունը, իրականության տարբեր ընկալումներն ու վիճակները:
Իսկ ձմեռային կիսամութ, սակայն որոշակիորեն դեպի լույսը գնացող բնանկարը, նաև դեպի լույսը ձգվող ծիծեռնակի պատկերը հիպնոտիկ ազդեցություն է գործում՝ ցույց տալով տագնապների ու ծանրության հաղթահարման ու խաղաղություն գտնելու հնարավորությունները: Կյանքը շարունակվում է, խավարին հաջորդում լույսը և բոլոր ձմեռներին էլ գարուն է հաջորդում: