Մայիսի 10-ը պոլսահայ բանաստեղծ Զահրատի ծննդյան օրն է: 2024 թ. լրացավ Զահրատի 100-ամյակը: Մասնագիտությամբ բժիշկ Զարեհ Յալտըզչյանը առաջին բանաստեղծությունները գրում է ուսանողական տարիներին՝ 1940-ական թվականներին: Գրքերը՝ «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլն, լույս են տեսնում 1960-ական թվականներից: Առաջին իսկ «Մեծ քաղաքը»(1960) ժողովածուից սկսած Զահրատի պոեզիայում մշտական «բնակություն» է հաստատում տարօրինակ, ռոմանտիկ, անչափ համակրելի ու անչափ միայնակ մի կերպար՝ Կիկօն: Գրականության մեջ տարածված մեծ քաղաքի «փոքր» մարդկանց սերնդակից Կիկօն ներամփոփ է, խուսափում է աղմուկներից ու մարդկանցից, սակայն գտնում է մեծ քաղաքում իր երջանկության փոքրիկ առիթները: Գտնում է, քանի-որ մանկական անմեղություն ու պարզ հայացք ունի աշխարհի նկատմամբ, կարողանում է տեսնել գեղեցիկը, ցանկանում է մոտ լինել բնությանը և մարդ մնալ: Մնալ ազնիվ, բարի, անմիջական, տխրող, սակայն հիացող, մարդկանցից խուսափող, սակայն նրանց սիրող: Ներկայացնում ենք Զահրատի «կիկօյապատումի» դրվագներ, քաղված բանաստեղծի տարբեր ժողովածուներից:
Կամուրջին վրայ
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթայ
Կիկօ բազրիքին յենած կը նայի
Ամէն շոգենաւ գալուն Կիկօ կʼուրախանայ
Կամուրջին վրայ է Կիկօ
Քիթը վեր վեր կը քաշէ
Մարդիկ կու գան — մարդիկ կʼերթան
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթայ
Թաղը
Բոլոր տուները իրարու կը նմանին
Բոլոր տնեցիներն իրարու
Խորթ աչքով մի նայիք Կիկօյին
Ան իր թաղին մէջ ՍԻՒՍԻՒ ԿԻԿՕ է
Թաղն ըսես թաղի չի նմանիր
Տունն ըսես տունի չի նմանիր
Կիկոն ըսես Միւսիւի չի նմանիր
Ասիկա տարօրինակ աշխարհ մըն է
Ունի չունի թաղը փերեզակ մʼունի
Ունի չունի հինգ վեց ճախարակ ունի
Թաղեցիներն ըսես տուն ունին տեղ չունին
Ունին չունին գէշ աղէկ գործ մը ունին
Սակայն խորթ աչքով մի նայիք Կիկօյին
Ունի չունի «Միւսիւ»ութիւն մը ունի
Սերենատի պէս
Բարի սիրուհիի մը նման
մառախուղը թեւերուն մէջ է առեր Կիկօն
Երբ ամենուրեք խոնաւ է գիշերանց
խոնաւ — կայմերը կամ Կիկօյի յիշատակները —
պէտք է բոլոր լամբարները մտերմաբար բարեւել
պէտք է փայփայել կամուրջին բազրիքները
յետոյ կծկուիլ մառախուղին ծոցին
Մառախուղը — բարի մառախուղը որ թեւերուն մէջն է առեր ամէն ինչ
ամէն ինչ — կայմերը Կղզիները կամ Կիկօն
բարի սիրուհիի մը նման կʼըսէ
Ի՞նչ բան կայ աւելի հաւատարիմ
քան մեծ վիշտ մը — առանձնութեան մէջ —
— Կիկօ կʼերազէ —
Բարի սիրուհիի մը նման
մառախուղը թեւերուն մէջ է առեր Կիկոն
Ահմէտ Էֆէնտի փողոցը
Կիկօ կը վախնայ Ահմէտ Էֆէնտի փողոցէն անցնելու
Ահմէտ Էֆէնտի փողոցը մութ է
Մութին համբուրուող զոյգեր կան
Կիկօ կը վախնայ Ահմէտ Էֆէնտի փողոցէն անցնելու
Իր առանձնութիւնը միտքը կʼիյնայ
Բարեկենդան
Երկինքէն մուչինաներ կʼիյնան
Ծառերէն մուչինաներ կʼիյնան
Բարձր բարձր շէնքերէն
Կիկօյի մանկութեան օրերէն
Սալայատակի քարերէն մուչինաներ կը ցատկեն
Մուչինա մուչինա
Մուչինաները բոլորը մէկ Կիկօն կը ծափահարեն
— Գոյն գոյն կարկտան
Երկու մատ մօրուք
Կիկոն մուչինա են կարծեր —
Դիմակաւոր պարահանդէս Կիկոյի եւ մարդոց համար
Խնդացող մարդու դիմակ մʼէ առեր
Զրկանքով բանուած դէմքին անցուցեր
Եւ ինքնավստահ
Աղուոր օրերուն գալուն սպասեր
Խլեր այնպիսի անհուն կարօտով
Դիմակն — ուժգնօրէն երեսն անցուցեր
Դիմակին ծիծաղն երեսն է ելեր
Ու Կիկօ հիմա
Ծիծաղուն կեցեր իր օրերուն առջեւ
Համարձակօրէն
եւ ուրախացեր եւ ուրախացեր
Սդրիփ — դիզ
ՆԱԽ հագուիլ պէտք է
ՅԵՏՈՅ արուեստով հանուելու համար
Կիկօ արուեստը սորվեր է ՇԱՏՈՆՑ
ՀԻՄԱ հագուստին կը սպասէ
Տարբերութիւն
Կիկօ աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Երկինքը կապոյտ — ծովերը կապոյտ
Սիրած աղջկան աչքերը կապոյտ
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կʼըսես ծովերը կապոյտ էին միշտ
Կʼըսես երկինքը կապոյտ էր արդէն
Չի հաւատար որ — նոր տեսայ կʼսէ
— Ակնոցը քթին չորս դին կը նայի
Կիկօ աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապոյտը կապոյտ կը տեսնէ
Կիկօ մեռաւ
Բացօթեայ շատ պառկեցաւ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանայ
Հանգիստ իր կոշիկներուն
Հողի մասին
Հողը շատ կը սիրէր —
Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ
կʼուզէր գիրկ գիրկի պառկել հողին հետ
կʼուզէր հողը գրկել — գրկել հիանալ
մեռաւ — հասաւ մուրատին
Սակայն — չեմ գիտեր ինչու — աստղերը կու լան
Կամուրջը կու լայ
— Ողջութեանը Կիկօ ուրիշ մտերիմ չունեցաւ —
Զերօ
Մէկ անգամ մէկ մէկ
Մէկ անգամ Կիկօ զերօ
Երկու անգամ մէկ երկու
Երկու անգամ Կիկօ զերօ
Տասն անգամ մէկ տասը
Տասն անգամ Կիկօ զերօ
Հարիւր անգամ մէկ հարիւր
Հարիւր անգամ Կիկօ մենք
Երկու
Երկնքին մէջտեղ — արեւուն պոչին —
Խոշոր — շատ խոշոր «Երկու» մը գծեմ
Արիւնով գծեմ — քրտինքով գծեմ
Հոգ չէ — թող խոշոր «Երկու» մը գծեմ
Այս առանձնութեան վերջն եկաւ ըսեմ
Հող
Կիկօ գետնէն կերաւ
Գետնէն խմեց -
Կիկոյին մէջը ցեխ
ու ճահիճ լեցաւ
Նորէն ալ ազնիւ խմոր ունէր -
Ցեխը թափանցիկ հողի փոխեց
Ցորեն ցանեց որ դուք հաց ուտէք
Ու երբ կշտացաք
Շաղիկ ցանեց որ դուք երազէք -
Դուք հացը կերաք - Կիկօ երազեց
Տող
Մինչդեռ իր տնկած ծառերը այսպէս
տող տող կը ծլին
տող տող կը մեծնան
քերթուածին նման
տող տող կ՚աղուորնան -
ու մահկանացու կաղնիներու քով
օր մը չէ օր մը չորնալ - փտելիք
նոճիներու քով
կը մնան անմեռ
կը մնան շքեղ -
Ծառ որ կը տնկէ քիչ մըն ալ ինքն է
Շող
Կիկօ - խոնարհ - մօտ էր հողին այնքան
Որ դուք զինք
արմատ կարծեցիք
Եւ սպասեցիք որ ան ծառ ծլի
ու տերեւ հագնի
ծաղիկներ բանայ
պտուղ հասցնէ
հունտ գոյացնէ
Լաւ - բայց արեւուն շողը կը պակսէր
Լող
Բերաւ ինչ որ չունէինք –
Ծով բերաւ
Ու մենք որ խենդն ենք ծովուն
- ծովու ջուրին - կապոյտին –
շարան շարան
եկանք ու ծով նետուեցանք
Մինչդեռ ինչ որ բերաւ մենք ծով կարծեցինք
Ծով չէր - ջուրի կաթիլ էր
- Չխեղդուեցանք -
Տաղ
Փոքր բաներով
Երջանկութեան մեծ տաղեր իմանալ
Մութ ճամբաներով
Լապտեր մը տեսնել ու երջանկանալ
Մանր յանգերով
Կեանք մʼամբողջ ապրիլ երգել ու պարել
Հսկա՞յ զանգերով
Միայն կը կարծեն ժպիտ նկարել
Մինչդեռ ես ու դուն
Որ չենք կորուսեր պարզութիւնն անյուշ
Նախնական մարդուն —
Գիտենք աստղերուն տակ նստած — անոյշ
Փոքր բաներով
Երջանկութեան մեծ տաղեր իմանալ
Մութ ճամբաներով
Լապտեր մը տեսնել ու երջանկանալ