Համայն հայության հոգևոր կենտրոն՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 64 օր հետո։ 2024 թ․ տոնը հունիսի 2-ին է։ Այն Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարևոր տոներից է և նվիրված է Մայր Աթոռի հիմնադրմանը Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով։ Ըստ Ագաթանգեղոս պատմիչի, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունենում, ըստ որի Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանի տեղին՝ մատնանշելով այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր հայոց հոգևոր կենտրոնը:
Ըստ այսմ էլ ստուգաբանվում է տաճարի «Էջմիածին» անվանումը, էջ Միածին՝ իջավ Միածինը: Հայոց առաջին հայրապետն իր տեսիլքը պատմում է Տրդատ թագավորին: Թագավորի ու նրա ընտանիքի անմիջական մասնակցությամբ էլ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը:
Այս հրաշափառ ու սրբազան տեսիլքն ու Մայր Աթոռի կառուցման իրադարձությունն իրենց հետագա արձագանքն են գտնում մատենագրության ու շարականագրության մեջ։ Մասնավորապես 7-րդ դարի հայոց կաթողիկոս, նշանավոր շարականագիր Սահակ Գ Ձորափորեցու հանրահայտ «Էջմիածինն ի Հօրէ» շարականում․
Էջ Միածինն ի հօրէ
Եւ լոյս փառաց ընդ նըմա,
Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց։
Տեսեալ ըզլոյս մեծ
Հայրապետին Գրիգորի,
Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային։
Եկայք շինեսցուք
Սուրբ ըզխորանըն լուսոյ.
Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս
Ի Հայաստան աշխարհի։
Սահակ Ձորոփորեցին Սուրբ խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակն է։ Նա է գրել Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Սուրբ Խաչի և Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները՝ մոտ 60 երգ։ Հատկապես նշանավոր են նրա ՝ «Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Սուրբ Խաչն», «Այսօր ուրախացեալ» երգերը։
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականով է ավարտվում Սուրբ Էջմիածնի կամ Շողակաթի տոնի կանոնը։ Շողակաթը Էջմիածնի Մայր տաճարի հնագույն անվանումն է։ Այն գործածվել է մինչև 17-րդ դարը: Այդ գեղեցիկ անվանումը հիշատակությունն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տեսիլքում լոյսի շողի երկնքից կաթացող պատկերի։ Շարականում ներկայացվում է, թե ինչպես Գրիգոր Լուսավորչի տեսիքլում Միածինը իջնում լույսի նշանով և Սանդարամետից ձայներ են գալիս, ապա հայրապետն այս մասին պատմում է արքային և գալիս ու կառուցում են Սուրբ Խորանը լույսի։
Սուրբ Էջմիածնի մայր տաճարն օծվել է Աստվածամոր Վերափոխման տոնի օրը և անվանվել Շողակաթ Սուրբ Աստվածածին՝ դառնալով Սուրբ Աստվածամորը նվիրված աշխարհում առաջին եկեղեցին։
Ներկայացնում ենք այս հրաշալի ու ազդեցիկ շարականը․