Վահան Տերյանի նախնիները Էրզրումից էին, տոհմիկ հոգևորականներ։ Տերյանի պապի հայրը՝ Տեր Ղազարը, քահանա էր Էրզրումի Կարճնկոց գյուղում։ 19-րդ դարի 20-ական թվականներին Տեր Ղազարը բնակություն է հաստատում Ախալքալաքի Գանձա գյուղում։ Այստեղ էլ հետագայում քահանայություն է անում Վահանի պապը՝ Տեր Գրիգորը, ապա նաև հայրը՝ Տեր Սուքիասը։ Տեր Գրիգորը հայտնի էր նրանով, որ կազմակերպում է Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցումը՝ իր և գյուղացիների միջոցներով։ Այսօր հենց այդ եկեղեցու բակում են թաղված Տեր Գրիգորն ու նրա կինը՝ Նախշունը։
«Վաթսուն տարեկան հասակում Տեր Գրիգորը միստիկական-կրոնական ապրումների ազդեցության տակ Գանձայում իր միջոցներով կառուցեց մի քարաշեն սրբատաշ եկեղեցի` նմանեցնելով վերջինիս էջմիածնի տաճարին. ըստ որում, քարերն ինքը շալակած բարձրացնում էր պատերի վրա, բայց դեռևս եկեղեցին չավարտած` կուրացավ ու վախճանվեց: Նա իր կնոջ հետ թաղված է իր շինած եկեղեցու գավթում:Մինչև օրս էլ Գրիգորի կյանքի և մահվան շուրջը մի շարք առասպելանման պատմություններ են պտտվում Գանձայի և Ջավախքի ժողովրդի մեջ»։
Արամ Տեր-Գրիգորյան, Դեմքեր և դեպքեր
«Վահանը Տեր-Ղազարից ժառանգեց նրա լայն բնավորությունը, անընչասիրությունը, շռայլությունը և պճնասիրությունը և, որ գլխավորն է, իրերի ու երևույթների բանաստեղծական ըմբռնողությունը, իսկ Տեր Գրիգորից՝ անզուսպ ոգին, մտքի համարձակ, անսանձ, անարխիստական թռիչքները և բռնկվող ու իրան կորցնող տեմպերամենտը»։
Արամ Տեր-Գրիգորյան, Դեմքեր և դեպքեր
Վահան Տերյանի հայրը՝ Սուքիասը, երեսուն տարեկանում դառնում է Գանձա գյուղի քահանան: Տեր Սուքիասը հաշվի չառնելով նյութական անբարենպաստ վիճակն ու եղբայրների դժգոհությունը՝ շարունակում է հոր սկսած գործը՝ եկեղեցու շինարարությունը․
«Մտածում էի, որ եթե ես հրաժարվեմ հորս մտադրությունը իրագործելուց, նա, որ բնավորված է իր մանկութենե կին, որդիք և նույնիսկ իր անձը զոհել այն նպատակին հասնելուն, որ մի անգամ որոշել է, օտար մարդկանց ձեռքով անտարակույս կճգնի հաջողեցնել իր մտադրությունը, և այնուհետև մեզ համար ամեն ինչ կորած է՝ թե՛ պատիվ, թե՛ կարողություն և թե՛ կյանք», -հիշում է Տեր Սուքիասը։
Տեր Սուքիասը նաև երկրագործությամբ էր զբաղվում և ինքնակրթությամբ։ 50 տարեկանում ռուսերեն է սովորում և սկսում ընթերցել գեղարվեստական գրականություն, փիլիսոփայական ու հասարակագիտական գրքեր։ Հատկապես տարվում է Լև Տոլստոյի ստեղծագործությամբ ու փիլիսոփայությամբ։
«Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալակի գավառումն էի։ Թափառումներիս ընթացքին հյուր եղա Վահանենց ընտանիքի մոտ, Գանձա գյուղում։ Կարծում եմ, որ մի շաբաթի չափ մնացի։ Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ։ Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վաո աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք։ Չնայելով բավական ծերացած էր տերտերը, բայց անհագ հարցասեր էր, մշտարթուն միտք։ Այդ օրերը Լ. Տոլստոյի ավետարանն էր համեմատում ավետարանիչների վարիանտների հետ, և զանազան աստվածաբանական-մետաֆիզիկական հարցերով չարչարում էր իր ուղեղը։ Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում։ Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան։ Ես էլ յուրացրի այդ անվանումը»,-հիշում է Ավետիք Իսահակյանը։
Տեր Սուքիասը մահացել է 1914 թ․ ապրիլին։ Հավանաբար այս շրջանում է գրվել նաև նրան ձոնված «Աղոթք» բանաստեղծությունը, որը մնացել է Վահան Տերյանի սևագրությունների մեջ և չի ընդգրկվել նրա կենդանության օրոք հրատարակված շարքերում։
Աղոթք
(Հորս)
Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ՝ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով։
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքր ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինք ոսկեշող,
Որպես գուրգուրող հիասքանչ արև։
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերրս բոլոր։
0, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով...
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց Տերյանի, Երևան, Զանգակ, 2023: