Աղոթքը հիմներգային գրականության ընդգրկուն տեսակ է: Բովանդակային իմաստով այն միավորում է հավատացյալի համար առանցքային նշանակություն ունեցող խոստովանության, ապաշխարության և փառաբանության տարրեր, հետևաբար, ունի կիրառության լայն շրջանակ: Աղոթքներն ընթերցվում են եկեղեցում` արարողությունների ժամանակ, կյանքի ամենատարբեր իրավիճակներում, հավատացյալների՝ Աստծո և բարեխոս սրբերի հետ հաղորդակցման հիմնական միջոցն են: Ըստ այդմ էլ՝ ըստ մատուցման կերպի լինում են՝ ընդհանրական կամ անհատական, ըստ նշանակության ու բովանդակության՝ աղերսական, փառաբանական, երախտագիտության, հավատի, բժշկության, պահպանության, առաջնորդության և այլն:
«Աղոթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսելու համար կլսուին: Արդ նրանց մի նմանիք, որովհետև ձեր Հայրը գիտէ, թէ ինչ բաներ պետք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ»: Մատթ. 6:7-8
Այսպես է բնութագրում աղոթքը մեր Տեր Հիսուս Քրիստոս Լեռան քարոզում, ապա սովորեցնում է հավատացյալներին մեզ հայտնի Տերունական աղոթքը: Տերունական աղոթքը ընդհանրապես ժանրի հիմքն է և, ըստ էության, ընկած է բոլոր ստեղծված և ստեղծվելիք նաև բանաստեղծական աղոթքների հիմքում: «Հայր Մեր»-ն իր պարզության և հանճարեղության մեջ թերևս բանաստեղծական ամենակատարյալ դրսևորումն է:
Ըստ քրիստոնեության` ճշմարիտ աղոթքը մարդու հոգու հաղորդակցումն է Արարչի հետ: Այն մարդու, սրտի, մտքի, հոգու դիմումն է Աստծուն, Տիրոջ պարգևն է և հոգու սնունդը:
«Արթուն կացէք և աղօթք արէք, որ փորձութեան մէջ չմտնէք, հոգին յօժար է, բայց մարմինը տկար»
Մատթ. 26:41
Մեկ այլ տեղում.
«Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատևեցեք»
Հռովմ 12:12:
Աղոթքները իրենց բանաստեղծական կառուցվածքով, գեղարվեստական հատուկ միջոցներով և իհարկե վերերկրյա ներշնչումով մեծ ազդեցություն ու զորություն ունեն՝ փոխելու իրականությունը: Աղոթքը թեթևացնում է սիրտը, բժշկում ու սնում հոգին, հեռացնում տագնապները, զորացնում աղոթողին ֆիզիկապես ու կազդուրում հոգեպես:
Աղոթքներ են հեղինակել մեր միջնադարյան վարդապետները և մեր եկեղեցու սրբերը՝ Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին (Նարեկի բուժիչ աղոթքները տե՛ս այստեղ), Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք: Բանաստեղծական-գրական աղոթքների են ստեղծել հայ ու համաշխարհային գրականության գրեթե բոլոր հայտնի հեղինակները:
Ներկայացնում ենք ամեն օրվա ու կյանքի տարբեր հանգամանքների համար նախատեսված աղոթքներ.
Տերունական աղոթք
Հայր մեր, որ երկնքում ես,
Սուրբ թող լինի քո անունը,
Քո թագավորությո՛ւնը թող գա.
Քո կա՛մքը թող լինի երկրի վրա,
ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը
տո՛ւր մեզ այսօր.
և ներիր մեզ մեր հանցանքները,
ինչպես որ մենք ենք ներում նրանց,
որ հանցանք են գործում մեր դեմ.
և մի տար մեզ փորձության,
այլ փրկի՛ր մեզ չարից,
որովհետև քոնն է թագավորությունը
և զորությունը
և փառքը հավիտյանս.
ամեն:
Աղոթք առավոտյան
Գոհանում եմ Քեզանից,
ով Տեր իմ և Աստված իմ,
և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
բոլոր վտանգներից ու փորձություններից՝
խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:
Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն:
Աղոթք նեղության ժամի
Օգնի՛ր մեզ, Տե՛ր,
օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստվա՛ծ,
Քո մեծ և փառավոր անվան համար.
Տե՛ր, փրկի՛ր մեզ
և քավի՛ր մեր մեղքերը
Քո սուրբ անվան համար:
Պարսպյալ պահի՛ր
Քեզ ապավինած և հուսացած ժողովրդին
սուրբ և պատվական խաչի հովանու ներքո`
խաղաղությամբ:
Փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց:
Արժանի արա գոհությամբ փառավորել
Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ,
այժմ և միշտ
և հավիտյանս հավիտենից.
ամեն:
Աղոթքի առողջացման
Ե՛կ, Տեր, ի տեսություն իմ հիվանդացյալ հոգուն,
դի՛ր Քո ձեռքը իմ վրա և բժշկի՛ր՝ ասելով.
«Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ կյանքի
արդարության ճանապարհով».
ամեն:
Տե՛ր Աստված մեր,
Քո ժողովրդից
փարատի՛ր ցավերը
և բժշկիր հիվանդությունները,
և շնորհի՛ր բոլորին
կատարյալ առողջություն
Քո ամենահաղթ Խաչի նշանով,
որով մարդկանց տկարությունները
Քո վրա վերցրիր
և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն:
Դու ես մեր կյանքը և փրկությունը,
բարերար և բազումողո՛րմ Աստված,
և միա՛յն Դու ես կարող մեր մեղքերը ներել
և մեր ցավերն ու հիվանդությունները վանել մեզանից,
որովհետև Քեզ հայտնի են մեր կարիքները:
Բարիքների պարգևող,
պարգևի՛ր Քո առատ ողորմությունները
Քո արարածներին`
յուրաքանչյուրի կարիքների համաձայն,
որոնք միշտ փառավորում և օրհնաբանում են Քեզ`
Ամենասուրբ Երրորդությունդ,
այժմ և միշտ
և հավիտյանս հավիտենից.
ամեն:
Աղոթքների աղբյուրը՝ Ամենօրյա աղոթագիրք, Սբ. Էջմիածին, 2011: