Աննա Կոնջորյանի «Վերելք» գիրքը պատմում է Սիներջի(«Synergy») ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության մասին։ Ընդհանրության մեջ այն հաջողության պատմություն է, նման այն պատմություններին, որ գրվում են հայտնի արվեստագետների, մարզիկների կամ գործարարների մասին։ Դրանք կոչված են օգնելու ընթերցողներին, ոգեշնչելու, մոտիվացնելու, հաճախ գործնական խորհուրդներ են պարունակում։ Այս գիրքը, սակայն, առանձնանում է այս ժանրի մեզ հայտնի օրինակներից, քանի որ գրված է հայ մարդու մասին։ Մարդու մասին, որ իր ճանապարհը սկսելով փոքր խորհրդային երկրում, հնարավորությունների տեսանկյունից շատ սահմանափակ պայմաններում, գիտելիքների, կամքի, անդուլ աշխատանքի, խիզախության ու հետևողականության շնորհիվ կարողանում է ստեղծել միջազգայն ճանաչում ունեցող ՏՏ ընկերություն։ Թվում է, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները, տարբեր խոչնդոտների հաղթահարումը պետք է, որ փոխեին գրքի հերոսին, սակայն զարմանալի է, որ Աշոտ Հովհաննիսյանը մեծ հաջողությունների հասնելով բիզնեսում, կարողանում է պահպանել իր, և թերևս, յուրաքանչյուր մարդու համար կարևոր հոգևոր արժեքները՝ սեր, բարեկամություն, ընկերություն, հիացում արվեստով, առողջ ապրելակերպի ձգտում։ Աշոտը լրջորեն զբաղվում է երաժշտությամբ, թենիսով, շախմատով, լեռնագնացությամբ։ Այս ամենի շնորհիվ Աննա Կոնջորյանի գրքի հերոսը կարողանում է հասնել կյանքի ու աշխատանքի հարաբերության մի ներդաշնակության, որը հաջողության հասնելու ու երջանիկ լինելու գլխավոր գրավականն։ Art365-ը ներկայացնում է հատված այս մոտիվացնող ու օգտակար գրքի «Հաջողության կոդը» գլխից։
Ոսկե գիծը
«Կա ոսկե մի գիծ, որ մշտապես ուղեկցել է ինձ իմ կյանքի տեսլականը իրականություն դարձնելու ճանապարհին։ Այդ ոսկե գիծը սկզբնավորվում է մաթեմատիկայից։ Նրա շուրջ է կազմավորվել և տարիների ընթացքում ձևավորվել ու հարստացել իմ կյանքի տեսլականը»։ Համալսարանական տարիներին Աշոտը մի կարևոր եզրահանգման է գալիս։ Նա հասկանում է, որ ցանկանում է դառնալ ոչ թե մաթեմատիկայի տեսաբան, այլ կիրառել մաթեմատիկան կյանքում, դրա միջոցով բարիք ստեղծել մարդկանց համար։
«Ես հասկացա, որ չեմ ցանկանում ապացուցել հերթական թեորեմը։ Մաթեմատիկան ինքն իրենով գեղեցիկ է, բայց վարժություն հանուն վարժության, խնդիր լուծել՝ խնդիր լուծելու համար, իմը չէր։ Ես հասկացա, որ ցանկանում եմ մաթեմատիկան այնպես օգտագործել, որ կարողանամ մարդկանց կյանքը բարելավել։ Մարդիկ կային, որ իրենց աշխատանքներում ապացուցում էին մի նոր թեորեմ։ Երբ հարց էի տալիս, լավ, իսկ ինչպե՞ս է դա թեթևացնելու մարդկանց կյանքը, ասում էին՝ չգիտենք»։Բարիք ստեղծելու գաղափարը դառնում է նրա մասնագիտական գործունեության, հետագայում բիզնեսի, շատ ավելի ուշ՝ նաև Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում ՏՏ ոլոլորտը զարգացնելու փիլիսոփայության հիմքը։ Մաթեմատիկայի նկատմամբ սերը հետագայում ստիպում է նրան թողնել բժշկական կիբեռնետիկայի ուղղությունը։
«Երբ սկսեցի խորանալ առողջապահության ոլորտում ու գրեցի դիպլոմային աշխատանքս, հասկացա, որ այն ճշգրտությունը, որ ես որպես մաթեմատիկոս սովորել և սիրում եմ, թույլ է բժշկության մեջ։ Օրինակ՝ դիագնոստիկ խնդիրների համար կարող էին ալգորիթմի աշխատանքին տալ 90 % հավանականություն։ Հարց էր առաջանում, բայց ինչո՞ւ 90 %, այլ ոչ թե` 100, կամ ալգորիթմը կարող է 20 %–ով սխալվել, և դա նորմալ էր համարվում այդ ոլորտում։ Բայց ինչո՞ւ։ Ես որպես մաթեմատիկոս չկարողացա հաշտվել այդ մտքի հետ։ Ինձ համար մաթեմատիկայի գեղեցկությունը նաև իր ճշգրտության մեջ է»։
Ծրագրավորումը
«Մաթեմատիկան ինձ տարավ մի զարմանահրաշ աշխարհ՝ ծրագրավորում։ Ես պարզապես սիրահարվեցի այդ ոլորտին, հասկացա, որ այն հզոր է, որքան ուզես կարող ես ստեղծագործել ծրագրավորման միջոցով։ Հետո հասկացա, որ ծրագրավորումը մեկ հոգու բան չէ։ Երբ դա հասկացա, սկսեցի իմ շուրջը խելացի երիտասարդների համախմբել, որպեսզի իմ կյանքի տեսլականին իմ թիմով հասնեմ։ Մեկ հոգով կարող ես փոքր ծավալի բան ստեղծել, բայց ես ուզում էի մեծ մասշտաբներ։ Ինձ չէր բավարարում փոքր ծրագրեր գրելը, փոքր խնդիրներ լուծելը։ Այստեղ էլ ծնվեց ունիվերսալ ծրագրեր ստեղծելու գաղափարը։ Դա փաստացի դարձավ իմ կյանքի տեսլականը, որին ես ամբողջ կյանքում հետևել եմ, չնայած տարբեր տարիներին այն մոդայից դուրս էր գալիս, էլ չեմ ասում տարբեր բիզնեսներ էին ինձ առաջարկում, որոշները բավականին եկամտաբեր։ Սակայն ես նաև մի բան էլ բացահայտեցի իմ մեջ. ինձ այդքան էլ հեշտ չէ շեղել բռնածս ուղուց»։
Չշեղվելու կարողությունը
«Միայն գտնել տեսլականը և հասկանալ կյանքի ուղին, դեռ գործի կեսն է, հետո պետք է կարողանալ կամք դրսևորել ու հետևել այդ ուղուն անշեղորեն։ 1990–ականների վերջերին տարածում գտավ էլեկտրոնային առևտրի մեծ հարթակների ստեղծումը։ Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ աշխարհում վաղն այլևս խանութներ չեն լինելու, ամեն բան առցանց է լինելու, իսկ ծրագրավորման մնացած բոլոր գործերը համարվում էին անհետաքրքիր։ Ես գիտակցում էի, որ իմ ուղղության մեջ մնացած հազարից լավն եմ, այդ հարթակներ ստեղծողների մեջ էլ մնացած հազարը գուցե ինձնից խելացի են, այդ դեպքում եթե ես իրենց ոլորտ մտնեի, կհայտնվեի շարքի վերջում։ Դա ինձ ոչինչ չէր տա։ Կյանքը ցույց է տվել, որ այդ առևտրային ընկերություններն ինչպես հազարներով ստեղծվեցին, այնպես էլ վերացան։ Մնաց մի քանի հսկա ընկերություն։ Միշտ չէ, որ մարդու տեսլականը բոլորը պարտադիր պետք է հասկանան ու խրախուսեն։ Ժամանակ է գալիս, երբ անգամ ասում են՝ այս ի՞նչ տխուր գործ է, այս ինչո՞վ եք զբաղված, հիմա բոլորը այսինչ գործն են անում, դա է նորաձև։ Այսօր էլ կան հոյակապ հավելվածներ, խաղեր, և այլն, բայց մարդ պետք է իմանա՝ արդյո՞ք դա է իրենը։
Պետք է կարողանալ քոնը պահպանել, ոչ թե աջ ու ձախ ընկնել։ Միշտ պետք է հաշվի առնել երկու կարևոր գործոն՝ ուժեղ կողմերդ և սերը տվյալ գործի
նկատմամբ։ Կյանքիս տեսլականի իրագործման ճանապարհին մշտապես կարևոր է եղել այն, որ ես լինեմ իրավասու, լավագույնն այդ գործում և անչափ սիրեմ այն։ Հաջողության հասնելու համար պետք է հիմնվել ուժեղ կողմերի վրա, չշեղվելու կամք ունենալ և հավատալ, որ ճիշտ ուղղությամբ ես գնում։ Հաճախ մարդն ունի իր կյանքի տեսլականը, բայց դեռ չի պատկերացնում դրա արդյունքը։
Օրինակ, ես որոշել եմ, որ վերջապես ներդրումներ պետք է ներգրավեմ ընկերություն։ Ես գիտեմ, որ դա բեկումնային կարող է լինել։ Չգիտեմ, թե ուր կհասնենք, կարող է
ես այսօր Ա կետ եմ պատկերացնում, բայց կյանքը Բ կետ տանի, բայց ես գիտեմ, որ այս մակարդակից իջեցում չի լինելու։ Ես զգում եմ և հավատում։ Վստահությունս պայմանավորված է երկարամյա փորձառությամբ և սիրով այն ամենի նկատմամբ, ինչ անում եմ»։
1990–ականներին բարձր պաշտոնների առաջարկներ եղան, որոնք սակայն մերժվեցին։ «Ես կարող էի ինձ կորցնել, գայթակղվել նախարար դառնալու
առաջարկով, ոգևորվել շատերի համար բաղձալի աթոռով, դրանից հետո էլ գուցե ավելի վերև գնայի, բայց ես հասկանում էի, որ դա իմ կյանքի տեսլականին չի համապատասխանում, այլ ինչ–որ ժամանակավոր շրջան է, ու ես այնտեղ ավելի շատ կկորցնեմ, քան կգտնեմ։ Փառքն ինձ համար մշտապես երկրորդական է եղել։ Երիտասարդ տարիքում արդեն մեծ թիմ եմ ղեկավարել, պատիվ ու ճանաչում ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ուրիշ բան՝ ես վստահ
լինեի, որ դա ինձ իսկապես կօգնի հասնելու կյանքիս տեսլականին։ Այնպես չէ, որ մտովի երբեք չէի շեղվում։ Եթե այս ոլորտում չլինեի,
ապա անպայման կդառնայի գյուտարար համակարգչային ոլորտում։ Հաճախ եմ այդպիսի գաղափարներ ունենում։ Գիտեմ, որ այսինչ բանը չկա, արժե ստեղծել, բայց մտածելու և իրականացնելու միջև շատ մեծ տարածություն է, իսկ դրա միջով անցնելը մեծ ռիսկ է։ Այն ջանքերը, որ ես պետք է ծախսեմ ուրիշ բանի վրա, ավելի լավ է ծառայեցնեմ իմ կյանքի տեսլականի զարգացմանը»։
Հոգին
«Նույնն էլ կարող եմ ասել Հայաստանում գործունեություն ծավալելու մասին։ Ժամանակին իմ ամբողջ տրամաբանությունը թելադրում էր, որ ես պետք է բիզնես հիմնեմ մեկ այլ երկրում, քանի որ Հայաստանում համացանցը թույլ էր զարգացած և մասնագետների պակաս կար։ Բայց միայն տեսլականը չէ, որ քեզ պետք է առաջ մղի։ Բա
հոգի՞դ։ Ինձ համար պարզ էր, որ ես իմ կյանքը չեմ կարող կապել այլ երկրի հետ, միշտ լինել արտասահմանում, զրո օգուտ տալ իմ հայրենիքին։ Չես կարող հանուն գաղափարի ամեն ինչ զոհաբերել։ Պետք է հաշվի առնել նաև տեսլականին հասնելու ճանապարհը, անգամ եթե այն դժվարացնում և դանդաղեցնում է նպատակին հասնելը»։
Երբեմն ձանձրալի
«Ես ունեմ մի կարևոր հատկություն. կարողանում եմ ոչ միայն ձգտել գեղեցկությանը, այլև մինչև վերջ լուծել ձանձրալի խնդիրները։ Կան գեղեցիկ և ձանձրալի պահեր, բայց դրանց միասնության մեջ է, որ ծնվում է վերջնական արդյունքը և մարդուն բերում հաջողություն։ Երբ ես պրոֆեսիոնալ ծրագրավորող էի, ստեղծում էի մեծ համակարգեր,
կային մտավոր, ստեղծարար և մեխանիկական, մանր–մունր, հաճախ նույնիսկ ձանձրալի ու անհարմար աշխատանքներ։ Բայց ես հասկանում էի, որ դա իմ ամբողջ գործի իմաստն է։ Պետք է մարդ իրեն այնպես դաստիարակի, որ մտածի՝ լավ ու վատ չկա։ Այստեղ պետք է մեկ նպատակ. ստեղծել մի ավարտուն գործ։ Հետո՞ ինչ, որ աշխատանքի միայն կեսն է հետաքրքիր։
Կան մարդիկ, ովքեր սիրում են աշխատանքն այն փուլերում, երբ այն գեղեցիկ ու հաճելի է, օրինակ, ծրագրավորման համակարգեր ստեղծելն ամենասկզբում շատ հետաքրքիր և ստեղծագործ աշխատանք է։ Այդ փուլից հետո սովորաբար մանր–մունր խնդիրներ ու բացթողումներ են լինում։ Այդ խնդիրները լուծելն ամենադժվար փուլն է, որովհետև այլևս չկա այն խանդավառությունը և ցանկությունը խորանալու ու շտկելու դրանք։ Հակառակը, շատերը դրա փոխարեն ուզում են ստեղծել նորը։ Նման է, որ ճարտարապետը շենքը նախագծի, բայց պատուհանները բաց թողնի, որովհետև յուրաքանչյուր պատուհան պետք է առանձին նախագծի։ Իրականում մանրուքների նկատմամբ ուշադրության մեջ է երևում պրոֆեսիոնալիզմը և աշխատանքի որակը»։
Տեսլականն այսօր
«Ես համարում եմ, որ մենք մեր ներուժի միայն 20 % ենք օգտագործել։ Դեռ չի իրականացել այն, ինչ մտքումս կա։ Մեր ներուժը մեծ է, շատ մեծ։ Մենք ճիշտ տեղից ենք բռնել, բայց դեռ մակերեսն ենք շոշափում։ Գուցե ես պետք է ավելի վաղ ներդրումներ բերեի ընկերություն, մի կողմից էլ, իհարկե, լավ է, որ մենք մշտապես եղել ենք ինքնաֆինանսավորվող։ Մենք մեզնով ենք աճել, բայց դա ունի իր թերությունները։ Չկա աշխարհում որևէ հաջողված մեծ ընկերություն, որ աճել է առանց արտաքին ներդրման՝ Գուգլ, Մայքրոսոֆթ, և այլն։ Ժամանակին եթե հարյուր տոկոսն է հիմնադիրներին պատկանել, ապա հիմա գուցե տասը տոկոսն էլ իրենցը չէ, բայց այդ տասը տոկոսն ավելի շատ է, քանի նախկին հարյուրը։ Ես չեմ զարմանա, եթե մի հինգ տարի հետո տասնապատիկ ավելի մեծ ընկերություն դառնանք։ Այնքան մեծ է
շուկայում մեր ներուժը, մենք էլ բոլոր ուղղություններով հասունացել ենք։ Մենք շուկայում առաջնորդ ենք, բայց դեռ դոմինանտ չենք, պետք է դոմինանտ դառնանք, որ որևէ մեկն այդ ուղղության մասին խոսելիս, իմանա, որ Սիներջին առաջինն է այնտեղ։ Բիզնեսում չես կարող մնալ փոքր. դու կարող ես դուրս թռչել, ինչո՞ւ, որովհետև քեզնից
ավելի մեծը գալիս է ու քո մասնաբաժինը վերցնում։ ՏՏ ոլորտում մրցակցությունն ամբողջ աշխարհում է։ Եթե մեկն ավելի լավ բան ստեղծեց, ավելի էժան և հզոր, ապա կարող է քո բոլոր հաճախորդներին տանել։ Դրա համար կա մեկ օրենք. դու պետք է մեծանաս, դու պետք է գրավես շուկան, եթե դու չանես, մեկ ուրիշն է անելու, այն էլ՝
գալու է խժռելով։ Որքան շատ խժռեց, այնքան մեծանում է, և հեշտանում է իր ճանապարհը։ Դու իրավունք չունես փոքր մնալ ծրագրավորման բիզնեսում։ Փոքր կարող ես մնալ մանրածախ առևտրի, ռեստորանային, հյուրանոցային բիզնեսում, բայց երբեք՝ ծրագրավորման»։
Ինքն իրեն չի գալիս
«Կյանքի տեսլականը գտնելը շատ կարևոր է։ Երբ գտնում ես այն, դրան հասնելու մեթոդները իրենք իրենց են գալիս։ Մարդու կյանքի տեսլականը միանգամից չի ձևավորվում, այն նման է երեխայի օրգանիզմի. գնալով աճում ու վերափոխվում է, սակայն դրա համար անհրաժեշտ է սնունդ և ջուր։ Անհրաժեշտ է լինել նախաձեռնող, տարբեր փորձարկումներ անել։ Անգամ երբ փորձում ես, ու չի ստացվում, արդեն մեծ ձեռքբերում է։ Պարտադիր չէ հակառակ ուղղությամբ գնալ, հնարավոր է ունեցածը փոփոխել, և մեկ էլ տեսնում ես՝ գտնում ես այն, ինչ փնտրում էիր։ Մինչև չես մտնում որևէ ուղղության մեջ, մանրուքները, դժվարությունները և առավելություններն անհնար է պատկերացնել։ Դրսից դրանք չեն երևում։ Բայց դու մի առավելություն ունես, որ մի անգամ խրվել ես մեջը»։
Մարդկային ներուժը
Ներուժը մեծ համադրական հասկացություն է, այն բացահայտելը և ճիշտ օգտագործելը՝ ամբողջական խճանկարի ստեղծման է նման։
«Դժվար է սահմանում տալ մարդկային ներուժին կամ նկարագրել այն։ Եթե ամեն մարդու ներուժը բացահայտված ու իրացված լիներ, հիմա բոլորը դրախտում կլինեին, բայց ցավոք, մարդն իր ներուժը շատ ժամանակ չի էլ բացահայտում: Մարդ կարող է մեծ ներուժ ունենալ, սակայն լինել ծույլ, չունենալ ձգտումներ, այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ մեծ ներուժը։ Ես ճանաչել եմ այդպիսի մարդկանց, որոնք ունենալով մեծ պոտենցիալ, հասել են զրո արդյունքի։ Մարդու ներուժը շատ ավելի տարրեր է պարունակում, քան պարզապես բարձր ինտելեկտով օժտվածությունն է։ Այն մարդու ծուլությունը հաղթահարելու, իր մեջ կարգապահություն սերմանելու, պատասխանատվությամբ տոգորվելու, ինչ–որ բանի մեջ մինչև վերջ խորանալու, եթե հավեսդ կորել է, այն հետ բերելու, համառ պայքարելու ամբողջություն է։ Միայն մտավոր ունակությունները հավանաբար 20 %–ն են, ոչ ավելի»։
Միջավայրը
«Ծնողները շատ մեծ դեր ունեն երեխայի ներուժը բացահայտելու գործում և առաջին հերթին, հենց իրենց սեփական օրինակով։ Եթե ծնողները խոսում են որևէ բանի կարևորության մասին, բայց իրենք դրա կրողը չեն, այդպես չեն գործում, ապա որքան էլ խոսեն, երեխան չի հավատա նրանց. այդքան լավ բան է, դուք արեք, բա ինչո՞ւ չեք
անում։ Ծնողը պետք է դաստիարակի երեխային իր սեփական օրինակով։ Երբ հայրս երեկոյան տուն էր գալիս աշխատանքից, սկսում էր զանգել այս կամ այն նախարարին՝ իր ղեկավարած դպրոցի շինարարության աշխատանքները կազմակերպելու համար, ես միշտ մտածում էի՝ այս մարդը հանգիստ չունի, եկել է տուն, փոխանակ հանգստանա, շարունակում է կիսատ մնացած գործը։ Նայում ու մտածում էի՝ արդյո՞ք ես էլ կկարողանամ մի օր այսպես աշխատասեր դառնալ։ Տեսնում էի, թե որքան հարգված մարդ է նա. բոլորը դիմում էին օգնության խնդրանքով, վերաբերվում էին իրեն մեծ ակնածանքով։ Շարունակում էի մտածել՝ արդյո՞ք ես կկարողանամ այսպիսի մեծ հարգանք վայելող մարդ դառնալ մի օր, ունենալ այդպիսի մեծ շրջապատ»։
«Որպեսզի մարդու պոտենցիալն ի հայտ գա, պետք է ստեղծված լինեն բարենպաստ պայմաններ։ Օրինակ, մարդը բնատուր տաղանդավոր երաժիշտ է, սակայն երբեք երաժշտական գործիք չի ունեցել, ամբողջ կյանքում ապրել է մի հեռավոր անկյունում։ Պայմանների բացակայության պարագայում մարդ այդպես էլ մնում է չբացահայտված։ Իսկ եթե տանը դաշնամուր կա, ծնողը նվագում է, երեխան տեսնում է և սկսում նվագել, հետո մեկ այլ վայրում հանդիպում է իր նման մեկ այլ
երեխայի, դա էլ ավելի է ուժգնացնում ձգտումը։
Ես վստահ եմ, որ մարդկությունը շատ հանճարներ է կորցրել, որոնք չեն ունեցել այնպիսի պայմաններ, որ ունեցել է, օրինակ, Մոցարտը։ Նրա հայրը եղել է երաժիշտ, վաղ հասակից ամեն օր ժամերով որդու հետ երաժշտություն է պարապել։ Եթե Մոցարտը ծնվեր մեկ այլ ընտանիքում, տանը չունենար դաշնամուր, հայրը լիներ անտարբեր, անգամ եթե լիներ նույն հանճարը, ապա մենք դժվար թե լսած լինեինք նրա մասին։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդու տաղանդների բացահայտման գործում ամենաշատն օգնում է շրջապատը, մարդիկ, այդ մարդկանց շարունակական ու հետևողական գործողություններն ու խնամքը։ Իմ կյանքում մի քանի մարդ կա, որոնք ծանրակշիռ դեր են խաղացել իմ մտավոր, հոգևոր և ստեղծարար ունակությունների զարգացման գործում։ Ես չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվեր իմ կյանքն առանց այս մարդկանց, բայց այն, որ նրանք ինձ օգնել են գտնելու այդ պահին իմ պատկերացրած լավագույնը, ձեռք բերելու ինքնավստահություն, փաստ է։ Այդ մարդկանց շարքում են ավագ դպրոցի իմ լեգենդար ուսուցիչ Շահեն Նիկոլաևիչը, դասղեկ Նելլի Գրիգորևնան և Առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանը»։
Օգտակար սովորություններ
«Որևէ կարևոր գործողություն սովորություն դարձնելը կենսական նշանակություն ունի՝ մարդու պոտենցիալը ճիշտ օգտագործելու համար։ Իմ կարծիքով մարդը գենետիկորեն ծույլ է։ Անգամ որպեսզի ամենահասարակ գործողություններն անի, օրինակ, ատամները մաքրի, պետք է մանկուց դաստիարակել այդ սովորությունը։ Երբ մարդը մեծանում է, այն դառնում է իր կենցաղի մի մաս, այլ ոչ թե ծանրություն։ Նա գիտի, որ այս գործողությունները պետք է անի, որպեսզի իրավունք ձեռք բերի ինչ–որ բան ստանալու։ Այդպես էլ ցանկացած դրական գործողություն դեռ մանկուց պետք է սերմանել, խորացնել, նպաստել, որպեսզի դառնա սովորություն՝ ընթերցանությունը, սովորելը, մարզվելը, նվագելը և այլն։
Ծուլությունը մարդու ներուժի իրացման ամենամեծ թշնամին է։ Մարդիկ կան, որոնք ծուլությունն այդպես էլ չեն կարողանում հաղթահարել։ Գլխավոր պատճառներից մեկը՝ ձգտման բացակայությունն է։ Եթե մարդը չունենա ձգտում, չաշխատի, զբաղմունք կամ ընկերական շրջապատ չունենա, ապա կյանքը կլինի միապաղաղ, նույնօրինակ։
Իսկ երբ մարդ ձգտում է ինչ–որ բանի հասնելու, նա անպայման դա անում է, որովհետև ունի դրդապատճառներ։
Աղբյուրը՝ Աննա Կոնջորյան, Աշոտ Հովհաննիսյան․ Վերելք, Երևան, Զանգակ, 2023։