2017 թ․ «Քրիստիս» աճուրդում Սաուդյան Արաբիաի արքայազն Բադր Բեն Աբդուլան ռեկորդային 450 միլիոն դոլարով ձեռք բերեց Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը։ Սրանով Դա Վինչիի նկարը դարձավ արվեստի աշխարհի ամենաթանկ ստեղծագործությունը։ Սակայն նույնիսկ ամենաթանկը համարվելուց հետո այս նկարի ստեղծման, հեղինակի, գեղարվեստական առանձնահատկությունների շատ հարցեր չպարզված են մնում։
«Աշխարհի Փրկիչը» նկարում մեզ է ներկայանում միջին տարիքի, երկար ալիքավոր մազերով Քրիստոս։ Կերպարի աջ ձեռքը բարձրացված է օրհնության համար, իսկ ձախում ձեռքում նա պահում է բյուրեղյա գունդ, որը խորհրդանշում է մեր փխրուն աշխարհը: Ուշագրավ է, որ վերջին հետազոտությունները փաստում են, որ ի սկզբանե Լեոնարդոն պատկերել է կերպարի միայն գլուխն ու ուսերը, իսկ ձեռքերն ավելացվել են ավելի ուշ, ընդ որում հնարավոր է, որ հետագա հավելումները կատարվել են այլ նկարչի կողմից։
Թեև կա նաև հակառակ տեսությունը, որ Դա Վինչին միաժամանակ նկարել է գլուխը և օրհնող ձեռքը։ Ըստ Լուվրի վերականգնողների, որոնք 2018 թվականին Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարության թույլտվությամբ ուսումնասիրել են նկարը, Քրիստոսի աջ ձեռքի մատները նկարված են սև ֆոնի վրա:
Մեկ այլ ուսումնասիրություն, որ իրականացվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի արհեստական բանականության հետազոտողների կողմից և AI-ի գործիքներով, փաստում է, որ Քրիստոսի գլուխը, պարանոցը և ուսերը, ամենայն հավանականությամբ, նկարել է Լեոնարդոն, իսկ օրհնող ձեռքը հետագա հավելում է։ Ուսումնասիրությունը կատարվել է Դա Վինչիի բոլոր նկարների արհեստական բանականության միջոցով հետազոտության արդյունքում։
Ընդհանրապես գեղանկարչության մեջ ընդունված էր, որ մեծ վարպետների աշակերտները, աշխատելով նրանց արվեստանոցներում կարող էին նրանց ոճի նմանությամբ նկարներ ստեղծել, կատարել վարպետի նկարների հավելումներում, լրացնել երկրորդական դետալները։ Այս դեպքում հնարավոր է, որ այս նկարի ամենադժվար մասը՝ գլուխն ու դեմքը ստեղծել է Վերածննդի հանճարը, իսկ ձեռքերը՝ նրա աշակերտները։
Այն որ ձեռքերը աշակերտների ձեռքի գործն է, ըստ որոշ ուսումնասիրողների երևում է նաև ապակե գնդի պատկերման «սխալից»։ Բանն այն է, որ Դա Վինչի չէր կարող բյուղեապակե համարվող գնդում լույսի անդրադարձումը և պատկերի խաթարումները հաշվի չառնել։ Ըստ այդմ էլ գունդը, ձեռքն ու արտացոլովող հագուստը պատկերել առանց խաթարման։ Սակայն, ըստ Լուվրի փորձագետների գունդը բյուրեղապակուց չէ, այլ սովորական ապակուց, քանի որ ներքևի մասում ունի կլոր կետիկներ, որոնք ոչ այլ ինչ են, քան օդի պղպջակներ, որոնք սովորաբար սառչում են ապակու մեջ։
Բացի այս մասնագետների վեճերի առիթ է դարձել Քրիստոսի ու Մոնա Լիզայի նմանությունները, այս պատկերի ու Թուրինյան հայտնի պատանքի հնարավոր կապը։ Ամեն դեպքում այս զարմանալի ու տպավորիչ նկարը, որն իրականացվել ոչ թե կտավի այլ փայտի վրա հիացնում է դիտողին, նրա ուշադրություն երկար ժամանակով գամում Փրկչի ազդեցիկ աչքերին, խավարից դեպի լույսն ու առ մարդիկ եկող ընթացքին։