Սեղանի գիրք, գիրք, որն անվերջ կարող ես թերթել, կարդալ, մեջբերել, գիրք, որից չես հեռանում և որին վերադառնում ես ամեն անգամ, երբ մենակ ես:
Ո՞րն է արձակագիր Արամ Պաչյանի սեղանի գիրքը, ինչո՞ւ է հենց այդ գիրքը դարձել նրա համար անփոխարինելի և մշտամնա:
Հոբի գիրքը
Հոբի գիրքը Աստվածաշնչի գրքերից է: Այն դարեր շարունակ շարժել է քրիստոնյաների հետաքրքրությունն ու մեկնաբանությունների լայն հնարավորություն տվել: Հոբը մի բարեպաշտ մարդ է, որը երջանկության համար ամեն ինչ ունի և նույնիսկ այդ լիության մեջ չի մոռանում Աստծուն: Նրա հավատի ստուգման համար նրան բազում ու դաժան փորձություններ են տրվում: Նա կորցնում է ունեցվածքը, ընտանիքը, առողջությունը: Այս ամենն, իհարկե, բազում հարցեր է առաջացնում, կապված Աստծո զորության ու արդարադատության, մարդկային տառապանքի ու Աստծուն հավատարմության, Հոբին տրվող փորձությունների նշանակության ու խորհրդի հետ:
Ջիովաննի Բատիստա Լանգետտի, Հոբը և կինը, 1670
Բովանդակությունը
- Արձակ առաջաբանում պատմվում է հերոսի՝ մեծահարուստ Հոբի մասին, որը ենթարկվում է հանկարծական ու անբացատրելի փորձությունների, սակայն չի կորցնում իր վստահությունը Տիրոջ հանդեպ։
- Հոբին այցելության են գալիս իր բարեկամները. չափածո երկխոսության ձևով բանավեճ է սկսվում Հոբի և նրան այցելած անձանց միջև։
- Խոսակցության մեջ է մտնում Հոբի ընկերը՝ Եղիուս Բուզացին:
- Միջամտում է Աստված: Նրա և Հոբի միջև ծավալվում է չափածո երկխոսություն:
- Արձակ վերջաբանում պատմվում է, թե ինչպես Աստված վերականգնում է Հոբի առողջությունը, ունեցվածքը և բարի անունը։ Վերջում նշվում է, որ Հոբը մահանում է «զառամյալ հասակում, տարիների բեռան տակ կքած»:
Ռեմբրանդյան դպրոց, Տառապյալ Հոբը, 1623
Պատմում է Արամը
Ընդդեմ և hանուն Հոբի
Չափից դուրս, անձնական լռության չափ ընթերցում ու վերընթերցում է Հոբի գիրքը: Երբևէ եղածների մեջ ամենաանհավանական պատմությունը, սարսռելու ազնիվ պատմություն, որը գրողներին ու փիլիսոփաներին հենց դրանով է հրապուրում: Թակարդի մեջ առնելով՝ հազարավոր մեկնությունների ու վարիացիաների տեղիք տալով. մեկնություններ ու վարիացիաններ, որոնք միայն հեռացնում են Հոբից. ոչ մի հարցադրում, ոչ մի պատասխան չգտնելով: «Ու երանի թե կարողայի իմ հոգին կրթել»(30:24): Իմ ներսում անհամար անգամներ կրկնել եմ էս տողը, չհասկանալով, թե ի՞նչն է, ո՞վ է, որտե՞ղ է հոգին: Հոբի գիրքը հնարավոր չէ ընթերցել. մի գիրք, որն ավարտ չունի ո՞նց ընթերցել, ո՞րտեղ կանգ առնել, երբ Հոբի ամեն խոսքում, Աստծո ամեն խոսքում միայն սկիզբն է, անվերջության սկիզբը, որը անընդհատ հուշում է՝ չկա ավարտ, հետևապես չկա և սկիզբ՝ երբ դու չես սկսել, երբ դու դեռ խոսքի մեջ ես, ո՞նց է հնարավոր չսկսված խոսքի ավարտը:Հոբի գրքի հանցավորության աստիճան գրական լինելը՝ գրողների ու փիլիսոփաների կուրացումն է. ես ինձ կուրացումների շարքում եմ ներառում. պատճառ, որն ինձ թույլ է տալիս աղոթել, ըմբոստանալ, զանցառել վիճել ու ապակառուցել Հոբին:
Սատանայի սադրելը Աստծուն, Հոբին փորձելու Աստծո երեխայությունը, Հոբի անհավանական նայիվությունը, զարմանքը Աստծո՝ իրեն դաժանորեն փորձելու որոշման վրա: Հոբի՝ ոչ թե տրտնջալ-բողոքելը, այլ՝ խոսելը: Ես հիմա հասկանում եմ, որ Աստված էր մենակը, Աստված էր, որ ուզում էր խոսել, անցնել ինքն իրեն, խախտել իր լռության մասին տարածված առասպելները, ու նա կխոսեր, եթե խոսեր Հոբը, ու նա խոսում է, երբ լսվում է Հոբի ձայնը, անհատակ անկեղծ, ամեն ինչում գրեթե ճշմարիտ, այնքան ճշմարիտ, որ Աստված նրան ասում է՝ «Ականջ դիր, Հոբ, լսիր ինձ, կտրիր ձայնդ, ու ես կը խոսեմ» (33:31):
Հոբը ճշմարիտ է, որովհետև ոչինչ չգիտի: Չգիտի, թե ինչո՞ւ է օրհնված Աստծուց, չգիտի, թե ինչո՞ւ է նրա ցասման զոհը: Հոբը չգիտի, թե ինչ է մեղքը. ոչ ոք չգիտի: Հոբը դեռ չգիտի, որ անշահախնդիր սեր ուղղակի չի լինում, չգիտի, թե ինչու է սիրում Աստծուն, ինչո՞ւ պիտի սիրել նրան ու չպիտի սիրել: Օրհնանքից ու դժբախտությունից անդին՝ չեն սիրում: Ցավերից ու սարսափելի տառապանքներից խոցված Հոբը կտրում է մազերը, վերքերը ծածկում սավանով:
Ես նրան, որպես երեխա եմ պատկերացնում, կոշտուկներից ու քերծվածքներից նեղրստած, դաղալ երեխա, ով բակից հենց նոր է վերադարձել, ում տեղը կյանքն է, դուրսը՝ աշխարհը, սերը, որից երբեք գլուխ չես հանի: Յունգի՝ «Պատասխան Հոբին» գրքում՝ Աստծո՝ Հոբի միջով, Հոբով ինքն իրեն ճանաչելու, ինքն իրեն բացահայտելու բանալ գաղափարն է պտտվում: «Ու երանի թե կարողայի իմ հոգին կրթել» (30:24): Աղետը ու փրկությունը Հոբի այս շնչի մեջ է, այլ ոչ Աստծո՝ Հոբի միջոցով ինքնաճանաչման: Երանի, թե կարողանայի իմ հոգին կրթել ... ո՞րտեղ է սկիզբն ու ավարտը արարչության...Ես ինձ հետ տանում եմ գաղտնիքը՝ Հոբի հոգու երանությունը:
Գոնսալո Կարասկո Էսպինոզա, Հոբը աղբակույտի վրա, 1881