Ես էլի իմ դաշտն եմ հերկում,
իմ դաշտը՝ զիլ ու բյուր հեկտար։
Ես մեղու եմ և այս երկրում,
ժողովում եմ բույր ու նեկտար։
Խաղացկուն ու կարծր, խիստ արդիական ու ավանդական, քաղաքական ու սենտիմենտալ, բանահյուսական ու գրական, բարձր ոճ ու կենցաղագրություն, արձակ ու չափածո, և, ի վերջո, պոեզիա ու անտիպոեզիա. անհամադրելին համադրելու մեծ վարպետությունը Արմեն Շեկոյանի գրականության առաջին հայացքից նկատելի առանձնահատկությունն է, որի շնորհիվ նա սիրելի դարձավ ընթերցողին, նաև քննադատվեց շատերի կողմից: Գեղարվեստական անսպասելի պատկերներից, բառախաղերից ու խաղիկներից անդին, սակայն, բանաստեղծական սուր տեսողությունն է, որը ըստ հենց իր` Շեկոյանի կատակային վկայության, նա ժառանգել էր իր իգդիրցի տատից: Իրականության ու գրականության խորքային ճանաչողությունը և հեղինակային ինքնահատուկ աշխարհընկալումը ձևավորում են Արմեն Շեկոյանի գրականության ոճն ու յուրահատուկ տոնայնությունը: Ու թվում է, թե բանաստեղծ Շեկոյանը ուղղակի գրական խաղ է ծավալում, խառնում գրական ու լեզվական ոճերը, հեգնանքով պատմում իր կյանքի ու իրականության մասին: Սակայն հեգնանքի, ծաղրի ու նվազաբերության ետևում մարդու ողբերգականության ու կյանքի իմաստի խորն ու փիլիսոփայական ընկալումն է: Կյանքի իմաստի փնտրումն ու մարդուն գտնելու ձգտումը մղում են բանաստեղծին էլ ավելի խորը մխրճվելու «ոչ բանաստեղծական» թեմաների մեջ և այնտեղ գտնելու կյանքի փոքրիկ գեղեցկությունները, հեգնելու մարդուն, սակայն հասկանալու ու սիրելի դարձնելու նրան: Ի վերջո, շարունակելու ապրել` արձանագրելով ժամանակդ ու գնահատելով քեզ տրված անցողիկ օրերդ:
Ի ՄԻՋԻ ԱՅԼՈՑ
Իմ սիրած երկիրը պտտվող-կլոր է,
իմ սիրած մարդիկ անխտիր բոլորն են,
իմ սիրած պեյզաժը մարգերի ոլոռն է,
իմ սիրած մրգերը ցոգոլն ու շլորն են։
Իմ սիրած օպերան Բիզեի «Կարմենն» է,
նախընտրում եմ ջինս, ոչ թե՝ կամուֆլյաժ,
բայց հայ եմ իսկական, անունս՝ Արմեն է,
մինչդեռ մութ ուժերն ինձ ասում են կյաժ։
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես խաբս տվի սրան-նրան՝
մինչ ինքըս ինձ կմատնեի...
Պոետ դարձա, քանզի այլոց
երգերն իմոնցից վատն էին։
Էս աշխարհում դիք ու դուրան
ես քարշ եկա ինչպես տուրիստ։
Իմ տարերքն էր ավանտյուրան,
եւ կոչումըս՝ ավանտյուրիստ։
ՏԱՂ ԱՆՑՈՂԻԿ
Ափսոս կյանք է՝ զիլ ու ղայիմ,
բայց մի քամի կքշի ինձ,
կերթամ, մի՞թե լավ տղա եմ
Սվո Ռաֆից կամ Շուկշինից։
Դուք էլ կանցնեք. կսուրանք ցած՝
խփվելով մի անսիրտ քամուց.
և մենք կերթանք՝ չկշտացած
բարեկամից ու թշնամուց։
ՍԵՐ ԵՎ ՀՈՒՅՍ
Ի՞նչ բառ գրեմ, որ հարատև
մնա քիմքին ձեր բանիմաց.
լավ բառ գրեմ, որովհետև
փող եմ առնում դրա դիմաց։
Սեր կգրեմ. սիրո գետերն
այժմ և միշտ թող վարարեն,
որ դուք չասեք՝ էդ տգետը
ինչո՞ւ խոսեց մեր փոխարեն։
Ես հանուն ձեզ և հանուն ինձ
հույս կփռեմ տողերիս տակ,
որ դուք չասեք՝ էդ խեղկատակն
ինչո՞ւ խոսեց մեր անունից։
ՆԵՐՈՂ ԵՂԵՔ
Ես պոետ եմ եղել մոլի
եւ բառեր եմ իզուր վատնել
մի երկըրում, որ ֆուտբոլի
մեկնաբաններն անգամ վատն էին։
Փուչ տողեր եմ անվերջ գրել,
փուչ տողեր եմ էլի գրում...
Իմ փայ Խաչը ես չեմ կրել
ունայնության այս երկըրում։
Չռչռացել ու հոսել եմ
հորինովի իմ անհունից...
Ներող եղեք, որ խոսել եմ
ձեր կյանքից ու ձեր անունից։
FOLK 92
Սիրտս մրսում է, դողում,
մինչդեռ տաք է ու գարուն։
Չեմ հավատում քո գալուն,
թեպետ արեւն է շողում։
Թարմ արեւի շողն է դա,
բայց ցավում է սիրտը իմ,
զի մտել եմ ես ԱԻՄ,
իսկ իմ յարը ՀոՅիԴա։
ՓԱԽՈՒՍՏ
Անօրինակ այս օրերի
հարվածներից կարծրացած
ու դերասան պոետների
ղժղժոցից ձանձրացած՝
փախչում եմ իմ պահից անցյալ,
թեպետ չունեմ այլ արահետ.
հեռանում եմ, որ մնացյալն
ապրեմ անկապ ու համեստ։
Հեռանում եմ, որ մնացյալն
ապրեմ խախուտ իմ ներսում։
Էլ չեմ լինի ձեր կարծեցյալ
կյանքում՝ ձեր այս կրկեսում։
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ-1700
Գործի ենք գցել մեր շարժիչը
ու շարժըվում ենք գիշեր ու զօր։
Ատելությունն է մեր շարժիչը՝
մեր ուղեկիցը հանապազօր։
Անզուսպ ատում ենք թալանողին,
իսկ թալանվողին՝ առավել եւըս։
Եվ այպանում ենք կալանողին,
կալանավորին՝ առավել եւըս։
Ատում ենք նաեւ բողոքավորին,
իսկ գոհացողին՝ առավել եւըս։
Ատում ենք նաեւ պատգամավորին,
բոյկոտողներին՝ առավել եւըս։
Ատում ենք մենք մեր զինվորականին,
կղերականին՝ առավել եւըս։
Ատում ենք նաեւ մեր շինականին,
առեւտրականին՝ առավել եւըս։
Մեր հարեւանն է մեր թշնամին,
մեր բարեկամը՝ առավել եւըս,
մեր թշնամին են ցուրտն ու քամին,
շոգն ու արեւը առավել եւըս։
Եվ մենք ազգովի մեր կյանքն ենք ատում,
մեր ճակատագիրն՝ առավել եւըս։
Ատում ենք հստակ՝ քնած թե արթուն,
քնած ժամանակ՝ առավել եւըս։
ՄԵՆՔ
Կամբողջանա Լույսը մեր
մեր սիրուց ու հավատից։
Մենք ըմպում ենք Հույսը մեր
մեր Աստըծո գավաթից։
Չար ու չնչին մժեղներ,
միշտ կնայեք զարմացած
մեզ, որ Հույսով թարմացած
ու Աստըծով ուժեղ ենք։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Լուսանկարները՝ բանաստեղծի ֆեյսբուքյան էջից