«...1961-ին Գագարինը կատարեց մարդու արտաերկրային առաջին քայլը։ Դա համայն մարդկության՝ դեպի տիեզերական անսահմանություն ձգտման մի արտահայտությունն էր, և իմ մեջ ծագեց այդ երևույթը պատկերելու ցանկություն։ Զարմանալի զուգադիպությամբ հենց այդ ժամանակ Բյուրականում ստեղծվեց մտահղացումն «տեսնելու» մի առիթ։ Վիկտոր Համբարձումյանը նվեր էր ստացել մի եղնիկ. մի օր նա փախավ, և բոլորն ուզում էին բռնել, իսկ եղնիկը դես ու դեն էր նետվում, ցատկոտում, սպանում, չէր ուզում հանձնվել:
Ազատության, սլացքի, լույսի այդ տենչը իմ ստեղծագործական
ենթագիտակցության մեջ ըստ երևույթին միահյուսվեց դեպի տիեզերք Գագարինյան թռիչքի իրողությանը, և ձգտման գաղափարը ամբողջացավ՝ ձեռք բերելով շոշափելի ու միաժամանակ խորհրդանշական իմաստ։
Այսպես է ներկայացնում է իր ամենահայտնի կտավի՝ «Ձգտում»-ի ստեղծման պատմությունը Հայաստանի ժողովրդական նկարիչ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Հովհաննես Զարդարյանը(1918-1992)։ Հունվարի 8-ը նկարչի ծննդյան օրն է։ Իր բնանկարներով նատյուրմորտներով, դիմանկարներով հայտնի նկարիչի երկրորդ ամենահայտնի նկարը՝ խրուշչովյան «Ձնհալը» խորհրդանշող «Գարուն» պատկերն է, որը նույնպես ունի իր ստեղծման պատմությունն ու հեղինակային մեկնաբանությունը․
«Մենք հաճախ այնքան էլ ուշադիր չենք այն արժեքների հանդեպ, որոնցով իրապես ապրում ենք: Փոխարենը, ավանդութի ուժով, թե այլ պատճառներով, շարունակ հոլովում ենք ուրիշ բաներ։ Օրինակ, ասենք, մեր արվեստում Արարատը անհամեմատ ավելի մեծ տեղ ու կշիռ ունի, ավելի մեծ պատիվ, քան Արագածը: Մինչդեռ մեզ կերակրողն այսօր Արագածն է: Բիբլիական լեռան համբավը մեզ թույլ չի տալիս տեսնել Ալագյազի կենարար ուժը, նրա հարստությունը, բազմազանությունը, գեղեցկությունը գնահատել իբրև կանքի աղբյուր, երկրի, կյանքի, գարնան խորհրդանիշ: Ահա և ես փորձել եմ չէ թե բարձրացնել, այլ բաց անել, ցույց տալ, խորհրդանշել Ալագյազի` ասել է թե իրական, «աշխատող» երկրի այդ պատկերը։ Ինչ խոսք, որ այստեղ էլ խորհրդանշանք կա, բայց դա իրողության դա իրողության և ոչ թե պատրանքի սիմվոլ է։ Արդարև, մեր վերածնունդը ամենից առաջ հենվում է ոչ թե այս ու այն, թող որ նվիրական, պատրանքի, այլ՝ նախ հողի, իրականության, ճշմարտության վրա: Ինքս էլ կողմնակից եմ ոչ թե վերացական, այլ ակտիվ, գործուն, իրական հումանիզմի: Պետք է ապրել, ստեղծագործել և իրատես լինել, ինչ խոսք, ոչինչ չտալով մոռացության...
«Գարուն» պատկերի խորհուրդը դա է։ Ու նաև մեծ հավատը կյանքի ընթացքի, շարժման, ապագայի հանդեպ։ Նկարում աղջիկը կանգնած չէ, այլ անցնում է, առաջ քայլում իր լեռնաշխարհում։ Եթե կանգներ՝ կմնար սոսկ մի աղջիկ, իսկ իր սլացքի մեջ դառնում է ծաղկող երկրի խորհրդանիշ...»
Աղբյուրը՝ «Սովետական արվեստ», 1978, թիվ 4: