Եթե այցելեք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, դիտեք ցուցադրությունները, կամ ընթերցեք հայ միջնադարյան մանրանկարչության մասին գրքերն ու ալբոմները, կտեսնեք, որ միջնադարյան արվեստում աշխարհիկ կյանքի պատկերներ քիչ են ստեղծվել: Ընդհանրապես, թեև հարուստ պատմագրություն և միջնադարյան այլ աղբյուրներ ևս ունենք, բայց սակավ է տեղեկատվությունը մարդկանց կյանքի ու կենցաղի, զբաղմունքների ու ժամանցի մասին: Սակայն, այդուհանդերձ, մեր հրաշալի մանրանկարչության մեջ կարելի է գտնել միջնադարում հայ մարդու զբաղմունքների ու աշխատանքի պատկերներ: Իհարկե, այն ժամանակ չկար զբաղմունքների, աշխատանքի ու տարբեր մասնագիտությունների մեր ժամանակների բազմազանությունը. մարդկանց կյանքն ավելի պարզ էր, աշխատանքներն էլ նույնպես: Այս անդրադարձով ներկայացնում ենք հայ մանրանկարչության մեջ մարդկանց կյանքի պատկերներ, որտեղ ներկայացվում են միջնադարում տարածված «մասնագիտություններն» ու զբաղմունքները: Այստեղ հանդիպում ենք երկրագործների ու այգեգործների, անասնապահների որսորդների ու արհեստավորների, շինարարների ու դարբինների: Մարդիկ մանրանկարներում պատկերվում են աշխատանքի մեջ, համապատասխան գործիքներով ու այլ պարագաներով.
1.Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ
Վար, ցանքս, հունձ. երկրագործական այս և այլ աշխատանքներ, մարդու գոյության հիմքն են և մեր նախնիների առաջին ու կարևորագույն զբաղմունքը.
2.Խորհրդավոր Շերանիկն ու ձկնորսությունը
Ձկնորսությունը, թեև առանձին մասնագիտություն չես համարի, սակայն այն տարածված ու սիրված զբաղմունք է եղել միշտ: Հայ մանրանկարչության ամենահայտնի ու ինքնատիպ դեմքերից է՝ Շերանիկը: «Հաղբատի» ավետարանի լուսանցքում հանգրվանած ձկնորսը՝ հագին մուգ դեղին երկար պարեգոտ ունի՝ ասեղնագործ տարրերով և լայն ժապավենազարդով: Գլխին` երկփեղկ գլխարկ է, ոտքերին` դեղնակարմիր երկարաճիտք կոշիկներ: Դեմքն անմազ է ու արտահայտիչ, մազերը` գանգուր ու երկար: Անշարժ պատկերը կենդանանում է տղային ձեռքի երկար, կարմիր ձողով ու նրա վրա կարծես ճոճվող մեծ ձկով: Պատկերը դիպաշար ու զարգացում է ստանում հարակից գրությամբ. «Շերանիկ քանի գաս ձուկն բեր»:
Հաղբատի Ավետարան, ծաղկող Մարգարե, 1211
Մանրանկարներում անանուն այլ ձկնորսներ ևս կան.
3.Որսորդություն
Որսորդությունը ազնվականների հիմնական զբաղմունքներից էր և թագավորական ու իշխանական որսորդության մասին պատմություններ կարելի է գտնել միջնադարյան արձակում, «Սասնա ծռեր» էպոսում և այլուր: Մանրանկարներում, եկեղեցիների որմնաքանդակներում նույնպես հանդիպում են որսորդության շարժուն պատկերներ.
4.Անասնապահություն
Մեր ժողովրդի կենցաղում կարևոր նշանակություն է ունեցել անասնապահությունը: Մանրանկարներում կարող ենք հանդիպել նախրորդների ու գառնարածների՝ իրենց աշխատանքի ու կենցաղի մեջ.
5.Դարբնություն
Կյանքը միջնադարում անհնար է պատկերացնել առանց դարբինների՝ առասպելականացված մարդկանց, որոնք կռում ու կոփում էին մետաղը, ստեղծում գործիքներ և, իհարկե, զենքեր.
6.Հայ շինարար
Եվ իհարկե, բոլոր ժամանակներում հայ մարդուն դժվար է պատկերացնել առանց շինարարության.
Այս և միջնադարյան արվեստի այլ հիասքանչ նմուշներ կարող եք տեսնել, եթե այցելեք Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյանը
Պատկերների աղբյուրը՝ Աստղիկ Գևորգյան, Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Երևան, 1978: