Գծանկար և կերամիկա, գեղանկար և խաչքար, եկեղեցու մանրակերտ ու քանդակ. նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ Գևորգ Համբարձումյանի (1958-1994) յուրաքանչյուր աշխատանք տպավորում ու հիացնում է դիտողին իր յուրահատկությամբ, ձևի ու բովանդակության ներդաշնակությամբ: Գծանկերների ու գեղանկարների հորինվածքներն ու կերպարները առաջին հայացքից արտասովոր ու տարօրինակ են թվում, քանի որ մեր աչքերը, միտքն ու հոգին դեռ պատրաստ չեն պատկերվող խորհրդավոր աշխարհի ընկալմանը: Պատկերները՝ խորհդապաշտական տեսիլներ են, վերերկրային, հոգևոր իրականության վկայություններ, որտեղ յուրահատուկ ձևով արտացոլվում են միաժամանակ երկնային ու մարդկային, երկրային իրականություները:
Նկարներում կարծես մի պահի մեջ բացվում են հոգևոր աշխարհի գաղտնի տարածությունները, հրեշտակատիպ կերպարների միջոցով ներկայացվում են մինչ այդ անհասանելի խորհուրդները: Տեսանելի է դառնում աներևույթ էությունների շարժն ու ընթացքը: Ու անչափ տպավորիչ կերպարների վճիտ, մեծ, լայն բացված աչքերում ոչ միայն երկնային հոգևոր խորհուրդները կարելի է տեսնել, այլ հոգևոր համապատասխան պատրաստվածության ու ապրումի դեպքում, նաև սեփական հոգիդ. հոգնած, ոգեշնչման կարոտ, իրականության ճիրաններում սեղմված ու չընդհատվող անկումների մեջ: Ու ոչ միայն տեսնել, այլև սփոփվել ու հանգստանալ, գտնել ճղճիմ իրականության հաղթահարման ու հոգևոր վերելքի ճանապարհը.
Ես եկել եմ, ինձ համբուրիր,
Ես եկել եմ, կրկին սիրիր,
Սիրիր այնպես, որ ես հառնեմ,
Եվ երկինքը իմը լինի,
Եվ երկիրը ինձ հետ լինի,
Միաձուլվեմ ես երկնքին,
Եվ երկրում քեզ հետ լինեմ:
Երկինք, երկիր էլ չլինի,
Այլ հենց քո մեջ տունս լինի:
Ես եկել եմ, ինձ ընդունիր,
Ես եկել եմ, գիրկդ վերցրու,
Ես եկել եմ, ինձ մի մերժիր...
1985թ.
Գևորգ Համբարձումյանի բանաստեղծությունները յուրօրինակ աղոթքներ են՝ ծնված աշխարհը ավելի լավը և արդար տեսնելու, մարդու հոգին լուսավոր ու ազնիվ դարձնելու ցանկությամբ: Պարզ, սակայն խորը այդ գործերը մարդու մաքրման, հոգու վերելքի ճանապարհի խորհրդանշական քարտեզներ են, որոնք, սակայն, հասու կլինեն միայն նրանց, որոնք պատրաստ են աղոթքի, նվիրումի ու անձնազոհության՝ հանուն աշխարհի մաքրության ու փրկության:
Դուք տեսնում եք ինձ միայն մարմնացյալ,
Հոգիս չեք տեսնում ու չեք հասկանում,
Որ լույս եմ փնտրում ու լույս եմ ցանում։
Եվ հասկանում եմ, որ եկա աշխարհ,
Որպեսզի փրկեմ հոտը ցիրուցան,
Որպեսզի կանգնեմ այն բարձր սարին,
Աղերսս լացով երկինք բարձրացնեմ,
Եվ ջերմ աղոթեմ բոլորիդ համար։
Եվ դուք գալիս եք ու ինձ մոտենում,
Ու ձեր ցավերի դարմանն եք փնտրում,
Բայց ես՝ հողածին, ձեր ցավն այդ զգում,
Նորից եմ հոգով ես ձեր մեջ խաչվում։
Մի բանաստեղծ՝ տխուր մի ճիչ,
Մի բանաստեղծ՝ հոգու հառաչ,
Մի բանաստեղծ՝ նկար կերտող,
Մի բանաստեղծ՝ տանջվող, լացող։
Մի բանաստեղծ՝ կյանքի ծովում,
Մի բանաստեղծ՝ հոգու սովում,
Մի բանաստեղծ, մի բանաստեղծ,
Տխուր մի ճիչ և ահազանգ ճշմարտության։
Մի բանաստեղծ՝ ցավը սրտում,
Մի բանաստեղծ՝ հոգին տրտում,
Մի բանաստեղծ՝ լացող, տանջվող,
Մի բանաստեղծ՝ այնքան սիրող։
Մի բանաստեղծ՝ հեքիաթ պատմող,
Մի բանաստեղծ՝ հրաշք ստեղծող,
Մի բանաստեղծ՝ լույսը սիրող,
Եվ բոլորին կյանքի կոչող:
Կարծես թե չկամ,
Եվ կամ, և՛ չկամ։
Կարծես ապրում եմ,
Ե՛վ կամ, և՛ չկամ։
Կարծես խոսում եմ,
Ե՛վ կամ, և չկամ։
Կարծես քայլում եմ,
Ե՛վ կամ, և՛ չկամ։
Կարծես դիմում են,
ու ինձ են դիմում,
Բայց կա՞մ, թե՞ չկամ,
Ո՛չ, ես կամ, միշտ կամ,
Եվ միշտ կլինեմ, եթե կամենաս։
Ախ, ես կամ, ես կամ,
Եվ երանի թե այնպես լինեի,
Ինչպես ջերմությունը, լույսը, բույսը,
Եվ ամեն ինչ, որ թվում է չկա, բայց կա։
1985թ.
Ո՞վ Է հասկանում, թե ինչ կա թաքնված,
Քո աչքերի մեջ լույս կա գրանցված,
Եվ զարմանում եմ քո այդ հայացքից,
Որ սեր Է համակ, կարոտ Է համակ։
Հայացքդ, գուցե, իմ հայելին Է.
Երբ նայում եմ քեզ,
Ես ինձ եմ գտնում
Քո լուսապայծառ ծով աչքերի մեջ։
1985թ
Քո հավատքի սուրբ հեզությամբ,
Անեղծ հույսի համբերությամբ,
Սպասման մեջ խոհեմ եղիր
Եվ օրհնանքի ակ սպասիր։
Այն ժամանակ լույսը կգա,
Կբացվի օրն ավետիսով,
Պտուղ կտա սերն անարատ,
Հավատքը խոր կավելանա:
Եվ սուրբ սիրո էն մեծ լույսից
Խավարն ընդմիշտ կվերանա,
Եթե սերը կենդանանա,
Միաձուլվի ու ամրանա
Եվ կյանք դառնա։
1985թ.
Գևորգ Համբարձումյանի նամակը կնոջը՝ Սուսաննային՝ Արցախից
Սիրելիս...
Ինձ հաճելի է քեզ գրելը, որովհետև երբ գրում եմ, զրուցում եմ քեզ հետ, կարծես կողքիս լինես։ Ամեն ինչ ինձ մոտ լավ է, անհանգստանալու կարիք չկա։ Պատերազմն ավարտվում է, և մեր հաղթանակով, լիակատար հաղթանակով։
Ժամանակն արագ է անցնում, բայց, սիրելիս, դու մտածիր և դա խոսք չէ, որ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր տունը, մեր ընտանիքը։ Եվ պիտի դա շատ մեծ սիրով ու նվիրումով անել ոչ թե կիսատ-պռատ։ Եվ այս պաշտպանությունը սրբազան գործ է, մեծ գործ, որին դու էլ ես մասնակից, մեր երեխաներն էլ, մեր ընկերներն էլ։ Սերը պետք է գործով ապացուցել։
Եվ ես շնորհակալ եմ Աստծուց, որ առիթը ներկայացավ։ Եվ մի՞թե Աստված չի գրում մարդու ճակատագիրը։
Այստեղ անձրևներ են, գիժ մարտ ամիսն է։ Եղանակն էլ է խանգարում պատերազմին։ Կանաչ սոխը դուրս է եկել, ամեն օր սոխ ենք ուտում, ավելուկ կա, փիփերթ, կարտոֆիլ, ծառերի վրա մի քիչ թթված նուռ, նույնիսկ կողքի գյուղում սերկևիլ կա՝ թարմ ու համով։ Այս անձրևներից հետո, պատկերացնում եմ, ինչ դրախտ կլինի այստեղ։ Լեռան վրա գտնվող եկեղեցին կոչվում է Տիգրանակերտ, ես արդեն գրել էի այղ եկեղեցու մասին։ Կարծես անդունդի գագաթին լինի կառուցված։ Թուրքերը ոչ թե մզկիթ են սարքած եղել, այլ իրենց համար հանգստյան տեղ։ Կարծեմ, 11-րղ դարի եկեղեցի է։ Իսկ թուրքերը իրենց ճղում են, որ այս հողերն իրենցն են։ Իսկ եկեղեցին՝ ամենաիսկական վկան է, որ այս հողերր մերն են և չքնաղ հողեր են։ Այս հողերի բերք ու բարիքով ամբողջ Հայաստանը կապրի։
Պատերազմը կրակի նման հանգչում է, դանդաղ ու աննկատելի։
Լևոն ջան, տղաս, հեչ չանհանգստանաս, շուտով կգամ։
Աստղիկ ջան, հանգիստ եղիր, քաղցր աղջիկս։
Իմ անուշ Աիդա ջան, ես քո ուժեղ ջանին մեռնեմ, քիչ մնաց, շուտով կգամ։ Կգամ ու բոլորիդ հետ երջանիկ կապրենք։
Բոլորիդ պինդ զրկում ու համբուրում եմ։ Շատ եմ կարոտում, բայց քիչ մնաց։ Ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, շուտով պատերազմը կավարտվի։ Բոլորին բարևիր, ասա՝ շուտով կգամ...
Քո Գևորգ
13 ապրիլի, 1994 թ․
Գևորգ Համբարձումյանը իր 13 ընկերների հետ մինչև վերջ հերոսաբար կռվելով՝ զոհվել է Արցախում՝ 1994 թվականի ապրիլի 21-ին:
Երկրում էլ չենք տեսնի իրար,
Եվ թվում է՝ բաժանումն այս
Շատ-շատերի համար նշան,
Ու անմեկին խորհուրդ է խոր,
Թե ինձ է լոկ այդպես թվում:
Ես շարունակ այս երկնքի
Կարոտից եմ այսպես մաշվում,
Շարունակ քեզ եմ սպասում,
Եվ լավ գիտեմ ճանապարհը:
Այս խաչերը, այս վշտերը...
Հերն էլ անիծած, թե թվում է,
Ես շատ գոհ եմ այս ամենից.
Ու կարծես թե դիտում եմ ես,
Թե ինչպես է ֆիլմի նման,
Հայացքիս դեմ անցնում անձայն,
Իմ օրերի շարքը մոլոր,
Ապրած-չապրած տարիներիս
Օրագիրը դառն ու տխուր:
Կատարվեց այն, ինչ գիտեի:
Երկրում էլ չենք տեսնի իրար:
1985թ.
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան