Ազգային-ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ Զորավար Անդրանիկի կյանքն ու քաջագործությունները հերոսի կենդանության օրոք արդեն իսկ լեգենդների(ավելին տե՛ս այստեղ) ու երգերի ծնունդ են տվել: Ժողովուրդը ոգեշնչվել է Զորավար Անդրանիկի խիզախությամբ, հայրենիքի ազատագրության գործին անմնացորդ նվիրվածությամբ, անկոտրում կամքով ու սկզբունքայնությամբ: Հայդուկապետին նվիրված հայ գրականության բազմաթիվ երկերում Անդրանիկն անպարտելի հերոս է, էպիկական դյուցազուն, որն անխախտ հավատով ծառայում է իր սուրբ առաքելությանը: Տարբեր ժամանակներում Անդրանիկի կերպարին են անդրադարձել բանաստեղծներ Սիամանթոն և Հովհաննես Շիրազը, արձակագիրներ Վահան Թոթովենցը՝ «Զօրավար Անդրանիկ և իր պատերազմները» (1920, Լևոն Թիւթիւնճեանի հետ համահեղինակությամբ), Համաստեղը՝ «Սպիտակ ձիավորը» (1952), Սերո Խանզադյանը՝ «Անդրանիկ» (1989) վեպերով։ Վերոթվարկյալ գործերից բացի Զորավար Անդրանիկը, նրա մղած կռիվներն ու հերոսական էությունը լավագույնս ներկայանում է հայ գրականության ամենահայտնի ու սիրված գործերից մեկում՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1979) վեպում:
Հայդուկային շարժմանն ու հայ ժողովրդի ազատագրական կռիվներին նվիրված այս գործն իր բնույթով վիպասք է, թե՛ բովանդակությամբ և թե՛ արտահայտությամբ շատ ընդհանրություններ ունի մեր առասպելների, ավանդությունների և, իհարկե, «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության հետ։ Կարելի է ասել, որ այն ուղղակի հյուսված է էպիկական բանահյուսության այդ նմուշների ներշնչումով ու գեղարվեստական միջոցների օգտագործմամբ։ Կորսված հայրենքի, այնտեղ ապրող աշխատասեր ու քաջ մարդկանց կյանքի ու մշակույթի, ազատության համար հերոսական պայքարի մասին պատմող այս գրքի կենտրոնում Զորավար Անդրանիկի պայծառ կերպարն է։
Թեև պատմող հերոսը մեկ այլ հայդուկ է՝ Մախլուտոն(Զորավար Սմբատ Բարոյան), սակայն Անդրանիկի շուրջ է պտտվում ամբողջ պատումը։ Զորավարն այստեղ վերածնված սասնա ծուռ է, քաջ ու նվիրյալ մարտիկ, ազատագրական շարժման առաջնորդ ու ոգի։ Ներկայացնում ենք «Ռանչպարների կանչը» վեպի «ամենաէպոսային» հատվածներից մեկը։
Ռանչպարների կանչը
Պայթող աղբյուրի հրաշքը
— Հրեղեն ձի՜, հրեղեն ձի՜, — հանկարծ բացականչեց Մոսե Իմոն, Պայթող աղբյուրի ակունքից ետ-ետ գնալով։ Սասնա մեծերն իրար անցան։ Մի պահ կարծեցին, թե Մոսե Իմոն խելագարվեց։ Բոլորն էլ գիտեին, որ Պայթող աղբյուրի ակունքում այդպիսի ձիեր կան։ Գիտեին նույնպես, որ նրանք ամեն մարդու աչքին չեն երևում։ Ով քաջ է, միայն նա կարող է այդպիսի ձի տեսնել։ Ոմանք հավատացնում էին, թե իրենք տեսել են այդ ձիերի բաշերը, բայց երբեք չի պատահել, որ հրեղեն ձին աղբյուրի խորքից ելներ և հասակով մեկ կանգներ մահկանացուի աչքերի առաջ։
Միայն մի դեպք էր եղել, որ ձին երևացել էր ամբողջությամբ և այդ դեպքը կապված էր Մոսե Իմոյի հետ։ Պատմում էին, թե նա մի անգամ աղբյուրից ջուր խմելիս նկատել է, թե ինչպես ձին դուրս եկավ ակունքից, բայց իրեն տեսնելով, նորից սուզվեց խորքը, անհետացավ Անդոկ սարի տակ։
Մի այդպիսի պատմություն էլ կապված էր Մոսե Իմոյի պապի հետ, իբրև թե այդ տունը շինելիս, նրա պապը Պայթող աղբյուրի մեջ տեսել է մի հրեղեն զամբիկ։
Մոգիչ աչքեր ուներ Մոսե Իմոն։ Նա հավատացած էր, որ եթե իր աչքը հանդիպեր հրեղեն ձիու աչքերին, ձին անպայման դուրս կգար ակունքից, կամ ինքը նրա աչքերի զորությունից հաղթահարված, կգնար դեպի Անդոկի ծովը։
Այո, կամ ձին պետք է դուրս գար, կամ ինքը սուզվեր աղբյուրի մեջ։
Եվ ահա մի նոր հրաշք։
Ամենքը տեսան, թե ինչպես Մոսե Իմոն ետ-ետ էր գնում զորավոր աչքերը հառած Պայթող աղբյուրի ակունքին, ու այնտեղից, աղբյուրի ակունքից իր հրամանով կարծես ելնում էր հրեղեն ձին։ Զին մահկանացուին տեսնելով թափ տվեց բաշը, ուզեց ետ գնալ, բայց Մոսե Իմոն հանկարծ ցատկ կատարեց, ձեռքը գցեց ձիու բաշին։ Ծառս եղավ հրեղեն ձին ու Մոսե Իմոն կախված մնաց ձիու բաշից։ Զին նորից թոթվեց գլուխը, պոչի վրա ետ-ետ գնաց և ուզում էր դարձյալ ջուրը մտնել, սուզվել Պայթող աղբյուրի մեջ, իր հետ տանելով Մոսե Իմոյին, երբ Մոսե Իմոն դեմը կեցավ, ասաց․
— Մի՛ մտիր Անդոկի տակ, ես ու դու դեռ պարտք ենք աշխարհին։
Եվ ասաց Մոսե Իմոն.
«Ես երազելով երազել եմ քեզ, հրեղեն։ Սա Սասունն է, Գելի գյուղը և սրանք մեծերն են Սասունի։ Սուլթանը վիշապ օձի պես փաթթել է մեր չորս կողմը և գլուխը դրել է մեր կրծքին։ Ինչպես անենք, որ վիշապ օձը սպանվի և կրթանն ու իր ձագերը ազատվեն։ Ես աշխարհի բոլոր մեծերի հողերով անցա ու հասա մինչև ինգլիզաց երկիր, որ միջոց գտնեմ կրթանի ու իր ձագերի փրկության համար։ Նայեցի թագավորների աչքերի մեջ ու նրանց աչքերը իմ աչքերից խորամանկ գտա ու նենգավոր։ Ափսո՜ս, խութեցի ջրաղացպան Միրոյին, որ իր մատների սուրբ այլուրը թափեց Ինգլիզի թագավորի կեղծ թղթի վրա։ Եվ այսօր, այս ուշ ժամին, ես ժայթքող աղբյուրի խորքը նայեցի հուսահատ և դու ջրերի միջից երևացիր ինձ։ Ես մաքուր աչքերով նայեցի քո աչքերին և գոլ դուրս եկար Անդոկի տակից։ Ընդունիր իմ կանչը սասունական և կանգնիր այստեղ, հրեղեն, կանգնիր այստեղ»։
Եվ ասաց հրեղեն ձին. «Քո վիշտը երկրային է, իսկ իմը՝ աստվածային։ Եթե ես մնամ արևերես, աշխարհը ոտնատակ կտամ և Անդոկն ու Մարաթուկը նորից կզարկվեն իրար։ Թող ինձ գնամ, Մոսե Իմո, թող ինձ գնամ»։
— Իսկ ինչպե՞ս փրկեմ իմ ձագերին։
Եվ ձին ասաց.
«Քո ձեռքը դիպավ իմ բաշին։ Յոթ Գդալի դաշտում ծերունի ցեղապետը մի զամբիկ տվեց Շապինանդին։ Հերիք է, որ քո ձեռքը երեք անգամ զարկես նրա մեջքին, որ նա զորանա ինձ պես և ավելի երկար ապրի, քան ձին երկրային։ Եվ այն ժամանակ նրա հեծյալին պարտություն չի լինի, վիշապը կսպանվի և կրթանն ու իր ձագերը կազատվեն։ Թող ինձ գնամ, Մոսե Իմո, թող ինձ գնամ։ Մահկանացու աչքը ատելի է ինձ։ Թե ինչպես դարձանք ստորգետնյա, այդ պատմությունը գրված է Արաբոյի տան գրքի մեջ։ Գտեք այդ Ավետարանը և երդվեցեք նրա վրա»։
— Իսկ որտե՞ղ է այդ Ավետարանը։
— Տատրակ գյուղումն է, որ հիմա Զմոյի գյուղ է կոչվում։ Եվ պղծությունը կմաքրեք Թաղվձորի կրակով։ Թող ինձ գնամ, Մոսե Իմո, թող ինձ գնամ։
Եվ գնաց, ետ-ետ գնաց հրեղեն ձին, պոչը ծալեց ջրերի մեջ ու ձկան պես սուզվեց Անդոկի տակ, դարձավ աներևույթ, ու մնաց Մոսե Իմոն ձեռնունայն կանգնած Պայթող աղբյուրի եզերքին։ Կարծես տեսիլք լիներ, ցնդեց, անհետացավ։
Այդ ժամանակ Պայթող աղբյուրին մոտեցավ ասորի ցեղապետի զամբիկը, որի համար ես տեղ էի պատրաստել Տեր Քաջի մարագում։ Ես բռնեցի սանձը և ձին եկավ առաջ։ Մոսե Իմոն բարձրացրեց իր աջ բազուկը, նայեց իր մատներին և ձեռքը ամբողջ թափով զարկեց Ասլանի մեջքին։ Երկրորդ անգամ դաջեց։
Եվ այն պահից, երբ Մոսե Իմոյի ձեռքը դիպավ նրան, ասես միագամից կերպարանափոխվեց այդ հասարակ ձին։ Հրեղեն ձիու ուժը կարծես անցավ նրան ու դարձավ անսանձ ու մրրկային, հեքիաթային դարձավ։
Սասնա մեծերը փորձեցին սանձել նրան։ Սպաղանաց Մակարը փորձեց թամբին ելնել, բայց ձին թափ տվեց գցեց Սասնո իշխանին։ Գալեն փորձեց սանձել, սրան էլ վայր նետեց։ Հերթով փորձեցին գրեթե բոլոր իշխանները։ Բոլորին էլ ցած գլորեց։
Հերթը հասավ Անդրանիկին։
Գևորգ Չաուշն ասաց. «Գնա, հեծի՛ր քո ձին»։
Ելավ Անդրանիկը տեղից, Ասլանի բաշը բռնեց, պոչն ու բաշը աղեղնաձև բերեց զարկեց իրար, երեք անգամ պտույտ տալով աղբյուրի շուրջ, ապա պոչն ու բաշը ի բաց վանեց և քաջաբար թռավ ձիու թամբին։
Հեծյալն էր քաջ ու ձին առույգ, հեծյալն ու ձին գտան իրար։
Քշեց Անդրանիկն իր ձին և Գևորգ Չաուշի հետ Ծովասարի լանջերով իջավ Մշո դաշտ, նախապես ինձ մի նամակ տալով կարևոր հանձնարարությամբ։
Մոսե Իմոն Անդրանիկի նամակը մի ձեռնափայտի մեջ հաստատելով, ասաց, բարի ճանապարհ։
Այդ ձեռնափայտը ձեռքիս, հետևյալ առավոտ ես հրաժեշտ տվեցի Հրեղեն ձիերի աղբյուրին։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը, Երևան, 1979: