Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի...
...Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի.
Գիշերային ժամերգությունն է վերջանում:
Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն,
Իբրև հսկիչ մի Լուսարար`
Մարելով ու հանգցընելով
Ամեն տեսակ լապտեր ու լամպ:
Եվ արեգակն է բարձրանում
Քրմապետի վսեմությամբ:
Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ
Սկսում են կարծես իրենք իրենց մարսել`
Մսաթափվում-նիհարում են,
Հետզհետե դառնալով ձիգ
Ու սլացիկ` պարուհու պես մի թխամորթ:
Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը՝ Արդար Արեգակը,
Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՛ւյս զվարթ»...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ,
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու` առաքյալ ամենօրյա,
Որ բերում է միայն հավատ,
Բայց ի դերև հանում-վանում
Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր:
Դու` սուրհանդակ, բայց և կավատ,
Դու` հետախույզ, բայց և մատնիչ,
Բայց ամենից առաջ` միշտ սե՜ր
Եվ ամենից հետո` միշտ սե՜ր...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Անձրևի պես
Տեղա այնպե՛ս,
Որ աշխարհում
Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա,
Այն էլ միայն երկնի՛ վրա`
Լոկ անձրևի՛ ստվերը կոր`
Ծիածա՜նը...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Այնպե՛ս գործիր,
Որ նկարիչ քո մատներով
Վառեկներն իսկ, գունազարդված,
Դառնան կարծես աքաղաղներ
Ու վերերգեն յուրատեսակ` ծուղրուղուով`
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ․
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Շաղվի՛ր,
Մաղվի՛ր,
Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,
Որ մենք չապրենք`
ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ,
Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ,
Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»...
19.III.1967թ.
Արզնի
Պարույր Սևակի վերջին՝ «Եղիցի լույս» գրքի այս հայտնի բանաստեղծությունը հաճախ վկայակոչվում է որպես հակախորհրդային պատկերներ ու գաղտնագրեր պարունակող գործ։ Սակայն մեզ համար այն ի թիվս «Եղիցի լույսի» այլ շատ բանաստեղծությունների, ուշագրավ է միջնադարյան հայ բանաստեղծության ու հատկապես Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի ու տաղերի հետ կապերով։ Մասնավորապես լույսին ուղղված այս ժամանակակից աղոթքում բացի Նարեկացու Մատյանի՝ Նարեկի ոճն ու ռիթմը հիշեցնող հատվածներն ու նաև աղոթային տոնայնությունը, կա նաև լույսի՝ գերազանցիկ մակդիրը, որը հղում Նարեկացու «Տաղ Յարութեան» գործի այս հատվածին․
...Գետ քառանիւթեայք պաղպաջ երկնի փայլ փայլ.
Փայլք փաղփինատար Աստուած անծայրենի լոյս:
Լոյս գերազանցիկ երկնաշաւիղ ռահ.
Ռահ արքունաճեմ վերայ ծովու քայլ.
Քայլ վէմ շարժելով տեղիարան նիստ.
Նիստ արքունաճեմ անապատի տաւթ։
Կարող է տպավորություն ստեղծվել, որ սա ընդամենը «Եղիցի լույս» ժողովածու հղացքից բխած ոճավորում է, սակայն գրականագետները նկատել են, որ Սևակ-Նարեկացի կապերը սկսվում են բանաստեղծի ստեղծագործության դեռևս վաղ շրջանից։ 1942 թ․ Սևակը գրում է «Աղոթքներ» շարքը, որտեղ ընդգրկված է Նարեկացուն ուղղված մի այդպիսի աղոթք: Այս անտիպ աղոթքը մեջբերում է սևակագետ Ա․ Արիստակեսյանը։
Ո՛ վ Արքա, պարգևիր այդ երգը, պարգևիր այդ երգը այսօր
Պարգևիր գեթ այսօր միայն, որ թեթև շնչեմ,
Տուր հոգուս հաղթություն, երբ այսօր խեղճ է ու անզոր՝
Երբ այսօր ոչինչ է...
Սավառնիր այսօր իմ վրա, սավառնիր Արքա հրաթև,
Թող լսեմ կրկին թևերիդ շառաչը հոգուդ խրոխտանքը
Ծավալիր կրակը շեղջ առ շեղջ անթեղված, ծավալիր հրդեհ,
Տո՛ւր հրդեհ, Արքա... Ա՛ռ, առ քեզ առաքած մաղթանքը...
Նարեկյան ազդեցեություններ նկատելի են նաև «Մարդը ափի մեջ» ժողովածուում։ Գրքի հրատարակությունից հետո Սևակը Նարեկացու ազդեցության մասին խոսում է «Դրուժբա նարադով» ամսագրի հունիսյան համարում՝«Իմ նյութը մարդն է» ակնարկում․
«Բայց, թերևս, առավել չափով ես հիմա ոգևորված եմ վաղ միջնադարի հանճարեղ բանաստեղծ Նարեկացիով: Նրա ստեղծագործությունը լի է ողբերգականությամբ, անմարդկային աշխարհի դեմ մեն-մենակ մնացած անհատը, չկորցնելով հավատը մարդկանց հանդեպ, շարունակում է որոնել ճշմարտություն և արդարություն: Այս բախումն ինձ անվերջ հուզում է: Արևմուտքի պոեզիան դրանից ելք գտավ եսակենտրոնությամբ ու անհատապաշտությամբ: Ինձ մոտ է հենց Նարեկացու պոեզիան, այն թույլ է տալիս ելք գտնել մարդկային անհատականության զարգացման համար' ներդաշնակված հանրության հետ: Նարեկացու պոեզիան բացահայտել է որոնող ու տենչացող ոգու ճշմարտության այնպիսի խորություններ, որոնք առ այսօր ցնցում են իրենց մարդկայնությամբ: Բացի դա, վարպետության և գեղարվեստական արտահայտչականության հզորության ու բազմազանության տեսակետից նրա արվեստն այնքա՜ն բացառիկ է, որ այն, ստեղծված 10-րդ դարում, ոչ միայն հայ գրականության մեջ ոչ ոքի կողմից չի գերազանցվել, այլև ոչ ոք, բացի Չարենցից, չի կարողացել անգամ մոտենալ նրան: Եվ բանաստեղծական ձևի ասպարեզում, և' բանաստեղծական մտածողության ասպարեզում Նարեկացու պոեզիան ինձ շատ արժեքավոր բան է տալիս, թեև, բնական է, ինքնին նրա աշխարհայացքը, ինքնին նրա ողբերգությունը որպես այդպիսին պատկանում են անցյալին: Նարեկացու բանարվեստն ազգային-գեղարվեստական ժառանգության մեծագույն գեղագիտական ավանդույթներից մեկն է», -գրում է Սևակը։
Պարույր Սևակի Սուրբ Գրիգոր Նարեկացու վերաբերյալ կարծիքն ամփոփվում է նրա տպավորիչ ու խորը «Գրիգոր Նարեկացի» հոդվածում, որը լույս է տեսնում 1965 թվականին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում.
Գրականության պատմությունը նման է լեռնապարի. որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից՝ նույնքան փոքրանում են դրանք: Սա, դժբախտաբար, ընդհանուր կարգ է: Իսկ արտակարգերը սակավ են այնքան, որ յուրաքանչյուր ժողովրդի մեկ հատ էլ չի ընկնում:
Մենք, իբրև ժողովուրդ, մեզ կարող ենք բախտավոր համարել, որովհետև ունենք այդպիսի մեկը. անունը՝ Գրիգոր Նարեկացի:
Նա նման չէ նույնիսկ... Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է:
Նա նման է... հորիզոնի. որքան հեռանում ես իրենից՝ նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն՝ այնքան հեռանում է նա, մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող:Ուստի և իր հանդեպ մշտարծարծվող մեր զգացմունքը հար և նման է իր իսկ զգացմունքին առ աստված. «Հետապնդում եմ ու չեմ հասնում»: Ուստի և նա, ահավասիկ ավելի քան մեկ հազարամյակ, իր երկրպագուների համար մնում է նույնը, ինչպիսին էր իրեն համար իր երկրպագյալը. «Անմատչելի հեռավոր և անընմիջելի մերձավոր»:
Շատ քիչ է ասել, թե նա մեր առաջին մեծ բանաստեղծն է: Նրա ծննդից անցել է 1000 և 20 տարի, այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է գեթ 20 մեծ բանաստեղծ, բայց առ այսօր վերստին նույն ինքն է բոլոր այդ մեծերի մեջ մեծագույնը: «Ինչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին...»:
Իսկ կյանքի վերջին հարցազրույցում` տրված 1971 թ. հունիսի 14-ին չեխ լրագրող Իրժի Սկոումալային, բանաստեղծը նշում է.
«Ծրագրեր, պլաններ շատ ունեմ: Դա էլ արդեն հետագայի գործ է: Որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (պոեմի) թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով: Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն: Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը»:
Ցավոք, այս երազանքն իրականություն չի դառնում, սակայն պահպանվել են Նարեկի սևակյան թարգմանության հատվածներ:
Աղբյուրներ՝ Դ. Գասպարյան, Պարույր Սևակ, Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001:
Ռ. Արիստակեսյան, Պ.Սևակ-Նարեկացի. ստեղծագործական ազդակներ և առնչություններ, ՊԲՀ, թիվ 2, 2005 թ.: