Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»:
Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը:
Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»:
Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»:
Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ:Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»: Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ:Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»:Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ:
Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»:
Հովհաննես 20.19-29
Կարավաջոյի` ավետարանական այս դրվագը ներկայացնող 1600-1602 թթ. ստեղծած գլուխգործոցը ուշագրավ է իր հղացմամբ, կառուցվածքով, մեծ նկարչի վրձնին բնորոշ լույսի ու խավարի նուրբ հերթագայությամբ: Նկարի կոմպոզիցիան կազմակերպվում լավ լուսավորված Փրկչի ու աջ կողմում կանգնած երեք առաքյալների ֆիգուրների հակադրությամբ: Նկարի կենտրոնում Թերահավատ Թովման՝ ապշահար դեմքով ու ձեռքը Քրիստոսի վերքին մեկնած: Ուշագրավ է, որ առաքյալի ձեռքն իր վերքին է մոտեցնում Քրիստոս:
Թեև սովորաբար անհավատ կամ թերահավատ է կոչվում Թովման, սակայն Կարավաջոյի կտավում զննող, փորձող ու թերահավատ հայացք ունեն նաև մյուս առաքյալները՝ ենթադրաբար Սուրբ Պետրոսն ու Սուրբ Հովհաննեսը: Նկարում լույսն ընկնելով ձախ կողմից՝ լուսավորում է Փրկչի մարմինը՝ առաքյալներից մեկի ճակատն ու Թովմայի դեմքը, մնացածը համեմատաբար խավարում է:
Թովա առաքյալի վրայով անցնում է ստվերը, որը կարծես բաժանում է նրան Քրիստոսից, սակայն նա հակված է դեպի Փրկիչը, այսինքն անցնում է ստվերի՝ կասկածի սահմանն ու գնում դեպի լույսը:
Անչափ տպավորիչ են Թովմայի մեծ ձեռքն ու կեղտոտ մատը, որով նա շոշափում է Փրկչի վերքը: Այն թերևս ընդգծում է Սրբազանի նկատմամբ մարդկային մոտեցումները, հաճախ ակնածանքի բացակայությունն ու մարդու մեղավորությունը: Առաքյալը թափառաշրջիկի տեսք ունի, հագուստները պատառոտված են, մազերը՝ գզգզված:
Այս նկարը Կարավաջոյի ամենից շատ ընդօրինակված գործն է. միայն 17-րդ դարում այն ընդօրինակվել է 22 անգամ: Կա «Սուրբ Թոմասի անհավատությունը» նկարի երկու տարբերակ՝ եկեղեցական՝ «Տրիեստ» տարբերակը՝ արված Ջիրոլամո Մատտեի համար, որն այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում.
Աշխարհիկ՝ «Պոտսդամ» տարբերակը Վինչենցո Ջուստինիանիի համար է արվել և պահվում է Պոտսդամում ՝ Պրուսիայի թագավորական հավաքածուում:
Եկեղեցական տարբերակում փրկչի ազդրը ծածկված է, իսկ տարբերակում՝ բաց, կան նաև այլ տարբեություններ: