Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում կին հեղինակների ստեղծագործությունները, որոնց հայերեն թարգմանությունները դարձել են բեսթսելերներ։
1. Ջեյն Օսթին, «Էմմա»
Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին, իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերն ի սպաս դնի շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին:
Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն նրա կերպարով ընդհանուր առմամբ հիացող անաչառ ընթերցողը մեկ անգամ չէ, որ նրա հանդեպ զայրույթով կլցվի` նրա իրասածի, անխոհեմ արարքների համար: Բարեբախտաբար, Էմմայի կողքին մանկությունից ի վեր կա մի կորովամիտ բարեկամ, որը միշտ կարողանում է նկատել ու մատնանշել նրա սխալները, ճիշտ ճանապարհի բերել նրան: Ու հենց այդ վաղեմի բարեկամին էլ վիճակված է, ի վերջո, դրժել տալ երբեք չամուսնանալու նրա որոշումը:
2. Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը»
Թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի այս վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն։ Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն։ Սթափ հայացքով ու մեծ քաղաքի կոլորիտային մանրամասների վարպետ ներկայացմամբ Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը՝ իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ։
«Ստամբուլի բիճը» Էլիֆ Շաֆակի անգլերեն գրած երկրորդ վեպն է: Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին` թուրք և ամերիկահայ, նրանց՝ իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով:
«Ստամբուլի բիճը» համարձակ ու հզոր պատմություն է՝ գրված Թուրքիայի անաչառ վիպագիրներից մեկի կողմից: Դրամատիզմով լի և գունեղ այս վեպը հիշելու և մոռանալու մասին է, այն լարվածության մասին, որ գոյություն ունի անցյալը քննարկելու անհրաժեշտության և այն ջնջելու ցանկության միջև:
3. Ջեյն Օսթին, «Հպարտություն և նախապաշարմունք»
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով և արժանավայել պահվածքով։ Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից ու ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում են, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին… Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար։
4. Էլիֆ Շաֆաք, «Պատիվ»
Էլիֆ Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի:
1978-ի նոյեմբերի 14-ին ամբողջ ընտանիքի կյանքը փոխվում է կործանարար մի արարքի պատճառով: Գործողություն, որն արդարացում չունի: Որը խաչ է քաշում ներկայի վրա, փոխարենը բացում է անցյալի փակ մնացած ծալքերը՝ սարսռեցնելով բոլորին… Սա պատում է ընտանիքի մի քանի սերունդների մասին, որոնք բնակվում են Թուրքիայում և Անգլիայում: Հին ավանդույթների համաձայն ապրող ընտանիք, որի համար պատիվն ամենակարևորն է: Սա պատմություն է երկվորյակ քույրերի, մոր և որդու, դժբախտ սիրո, ցավի ու զղջման…
5. Ջեյն Օսթին, «Զգացմունք և բանականություն»
Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերի համար սովորական ապահովված կյանքից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են հոգեբանական դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը:
Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա հիմնված այդ հասարակության մեջ նաև ազնիվ ու զգացմունքային մարդիկ են ապրում:
6. Էլիֆ Շաֆաք, «Սիրո քառասուն կանոնները»
Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները» նրա ամենահայտնի վեպերից է: Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է: Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով: Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ, թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև:
7. Էլիֆ Շաֆաք «Եվայի երեք դուստրերը»
Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է՛ որպես ֆեմինիստականգործ: Այն կրոնի՝ հատկապես կանանց կյանքի վրա ունեցած ազդեցության ու հետևանքների մասին է:
8. Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները»
Հեղինակի կենդանության օրոք վեպը հրատարակվել է մեկ անգամ՝ 1935թ. Երևանում, այնուհետև՝ 1950 թ.՝ Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները:
9.Մարգրեթ Աթվուդ, «Աղախնի պատմությունը»
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքին:
10.Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»
Էլիզաբեթ Գիլբերթի հուշերն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ մտորելու անհրաժեշտություն կա: