Կիրակնօրյա քամոտ երեկոն, գրեթե սարերում ՝ Ձորաղբյուրում գտնվող Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահում խոստանում էր ջազ հայկական ակցենտով ու նյույորքյան շնչով՝ համեմված ARARAT հայկական կոնյակների ջերմացնող բույրերով ու գույներով: Այս ամենն իհարկե կար լիուլի, գումարած հյուրերի ջերմ ու մտերմիկ շփումները, որոնք երևանյան մշակութային միջացառումների կարևոր բաղադրիչն են․ բոլորը բոլորին ճանաչում են, բոլորն իրար կարոտած են ու միշտ քննարկելու ու միմյանցով ներշնչվելու կարիք ունեն։
Նոյեմբերի 19-ին Տիգրան Ձիթողցյանի Art-studio-ում էին հավաքվել տաղանդավոր և արվեստասեր մարդիկ՝ Տիգրան Համասյանի երաժշտությունը վայելելու ակնկալիքով, իրար հետ զրուցելու ոգևորվածությամբ և կոնյակով ջերմանալու պատրաստակամությամբ։
Նույնիսկ ցուցասրահի պատուհանից այն կողմ՝ մթության մեջ սավառնող ու համերգը նկարահանող դրոնը, իր կապտականաչ լույսերով ու անհանգիստ շարժումներով, չխանգարեց Տիգրան Համասյանի ընկերոջ՝ տաղանդավոր կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի ելույթին։ Կամաց-կամաց խտացող մութը, կոնտրաբասի թավ հնչյուններն ու երաժշտի անմիջականությունը ստեղծել էին յուրահատուկ մթնոլորտ, որը թեև մի պահ ընդհատվեց անակնկալ կոտրված կոնյակի գավաթի ձայնից, սակայն Ռիքի՝ «Good Luck» ասելուց հետո երաժշտության կախարդանքը շարունակվեց:
Եվ «Good Luck»-ն իրեն երկար սպասեցնել չտվեց. ռոյալին մոտեցավ Տիգրան Համասյանը: Տիգրանի՝ Ձիթողցյան, յուրահատուկ կտավները ինտիմ միջավայր էին ստեղծել՝ էլ ավելի ընդգծելով Տիգրանի՝ Համասյան, երաժշտության հմայքը։
Համասյանի յուրաքանչյուր համերգ հայրենիքում իսկական տոն է դառնում երաժշտասերների համար, ուստի այս երեկոն էլ տոն էր՝ երաժշտության ու նկարչության, համերի, բույրերի ու գույների ներդաշնակության։
Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի