Աշխարհի գրեթե բոլոր բանաստեղծները ստեղծագործություններ ունեն նվիրված իրենց զավակներին։ Մեծ ու ճանաչված անհատներ լինելով հանդերձ, ստեղծագործելով ամենատարբեր թեմաներով, նրանք առաջին հերթին ծնողներ են, որոնք աշխարհի մյուս բոլոր ծնողների նման հոգատարությամբ ու սիրով են լցված իրենց երեխաների նկատմամբ։ Նրանք ոգեշնչվել են նրանց ծնունդով, ներշնչվել առաջին քայլերով, ուրախացել հաջողություններով, տրտմել անհաջողություններից, կամ շատ ծանր տարել նրանց կորուստը։ Art365-ը ներկայացնում է հայ բանաստեղծների իրենց երեխաներին ուղղված ու նրանց նվիրված գործերի մի զարմանալի ու ներշնչող փունջ։
Վահան Տերյան
Գալիս ու որպես ալիք
Գնում են օրերն արագ.
Սիրուն իմ, ննջի՛ր, բալիկ,
Աշխարհը՝ մի չար կըրակ։
Երկինքը փակ է հավետ,
Երկիրը՝ դառն ու դաժան.
Լոկ ես եմ, ես եմ քեզ հետ,
Մանուկ իմ, մաքուր շուշան։
Քնքուշ իմ, քնքուշ թիթեռ,
Այրված են թևերըդ նուրբ,
Ընկած ենք երկրում անտեր,
Եվ սերն է, սերն է լոկ սուրբ։
Հովհաննես Թումանյանը՝ դստերը Անուշին
Կանցնեն օրերն, Անուշ ջան,
Կանցնի քո հերն, Անուշ ջան,
Ու կըտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան։
Ցավը՝ անտակ ծովի պես,
Սերը՝ անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի՝
Անբախտ Սայաթ-Նովի պես։
Եղիշե Չարենցը՝ դստերը՝ Արփենիկ Չարենցին
Ակրոստիքոս
Արեգա՛կ է օվկիան զորության,
Րոպե առ րոպե քո հրով
Փայփայի՛ր, տուր զորություն
էակին այս երգի ու սիրո.
Նա դեռ փո՜քր է այնքան ու թույլ,
Իր սիրտը — դեռ սափոր է մաքուր,—
Կազդուրվի՛ թող նա քո հրով։
Պարույր Սևակը՝ որդուն
Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված...
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
Ռազմիկ Դավոյանը՝ որդուն՝ Մհերին
Հայրեն Մհերին
Դու կաց, արեգա՛կ, դու կաց,
Ես գնամ ծովեծով ընկնեմ,
Ծովեծով լուսնյակը ման գամ
Եվ նրա բոլորակ ականջին
Քո ոսկյա բառերը կրկնեմ:
Դու կա՛ց, արեգա՛կ, դու կա՛ց,
Արեգակ մանուկս է քնած,
Ծովեծով լուսնյակը բերեմ,
Մանկանս ճոճք անեմ կապույտ,
Որ այդ քո ծիծաղկոտ մատներով
Ձեռ տաս, ու չարթնանա հանկարծ:
Տաթևիկ Խուրշուդյան
Երեք երգ Բիատրիսին
Պատուհանից խլելով քո ծիծաղի գույնզգույն երանգները`
քամին ծաղիկներ է ասեղնագործում գարնան ծառերին:
Չեմ հասկանում, թե ինչ ես բլբլում հիմա,
բայց շոյում եմ խոսքերիդ նոտաներն ամենայն քնքշությամբ:
Քո բառերն անհնար է թարգմանել:
Ես արագ-արագ կրկնում եմ այս տողերը,
միաժամանակ գունավոր թղթեր փնտրելով,
որովհետև սպիտակ մտքերը չեն գրվում սպիտակ թղթի վրա,
և արդեն որերորդ անգամ լսում եմ հորդ ձայնը.
“Նաֆնա՞ֆն էր մեծ եղբայրը, թե՞ Նուֆնուֆը”…
Կեսգիշերին, քո քնելուց հետո,
խաղալիքներդ լվանալը հորդ հետ զրուցելու ամենահարմար առիթն է.
ես ու հայրդ չափազանց հոգնած ենք իրար կարոտելու համար:
Իմ գիշերներն ու ցերեկները միահյուսվել
և անցնում են
արդուկ-լվացքով,
մաքրել-կերակրելով,
հաչել-մլավելով,
մաշենկա-արջով,
բոքոնիկով,
կարմիր գլխարկով…
Բայց
այս ամենը լոկ մեկ ակնթարթ է լինելու,
ինչպես ձյան փաթիլը տաք ափի մեջ,
և տարիները գլորվելու են թանկարժեք մեքենայի խելահեղ արագությամբ,
Ես ու հայրդ
ինչքան ասես մենակ մնալու ժամանակ կունենանք,
մենք միասին հանգիստ կտեղավորվենք քո օրօրոցի մեջ
ու ժամերով կզրուցենք…
…Ինչ լավ է, որ անձրևն ապակուց այն կողմ է,
այլապես կլվանար փոքրիկ մատնահետքերդ,
որ դրոշմված են մեր տան բոլոր պատուհաններին…