Համաշխարհային հռչակ ունեցող հայտնի նկարիչների անուններն ավելի հաճախ լսում ենք նրանց նկարների գողությունների և, իհարկե, վաճառքների աստղաբաշխական գների հետ կապված։ Օրինակ, աշխարհի ամենաթանկարժեք նկար է համարվում է Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը»(1499)։ Այն 2017 թվականին գնել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ Իբն Սալման Ալ Սաուդը՝ ռեկորդային 450,3 մլն դոլարով։ Ամենթանկարժեք նկարների եռյակում են Պաբլո Պիկասսոյի «Ալժիրյան կանայք»(1955)` 179,3 մլն և Ամադեո Մոդիլյանիի՝ «Պառկած, մերկ»(1917) 170.4 մլն դոլար արժեքով նկարները։ Երեք նկարներն էլ վաճառվել են Նյու-Յորքի «Քրիսթիս» աճուրդում, որը «Սոթբիս» աճուրդի տան հետ միասին արվեստի գործերի վաճառք կազմակերպող ամենամեծ ու հայտնի կազմակերպությունն է աշխարհում։
«Թանկարժեք» հայ նկարիչները
Իսկ ի՞նչ գիտենք հայ նկարիչների աշխատանքների գների մասին։ Մեր նկարիչները ցավոք այդքան հայտնի չեն աշխարհում, սակայն ժամանակ առ ժամանակ հայտնի աճուրդներում ներկայացվում և վաճառվում են նաև հայազգի նկարիչների գործեր, իհարկե ոչ այդքան մեծ գումարներով։ Ընդ որում, կարող ենք տեսնել, որ ամենից թանկ գներով վաճառվում են հիմնականում երկու նկարչի աշխատանքներ՝ Արշիլ Գորկի և Հովհաննես Այվազովսկի։
Ի՞նչ պետք է իմանալ Արշիլ Գորկու մասին
Արշիլ Գորկին(1904-1948)՝ ծնունդով Վանից Ոստանիկ Ադոյանը, ամերիկահայ նկարիչ է։ Նա ցեղասպանությունից հետո գաղթում է Արևելյան Հայաստան, ապա 1920 թվականին հաստատվում ԱՄՆ-ում։ Այստեղ նկարչական կրթություն է ստանում Բոստոնում։ Հայտնի են նրա ստեղծած Նյու-Յորքի օդանավակայանի պաննոն և իհարկե բազմաթիվ նկարները։ Կյանքի վերջին տարիները շատ ծանր են դասավորվում Արշիլ Գորկու համար․ հրդեհ արվեստանոցում, քաղցկեղ, ավտովթար, որի հետևանքով նկարչի աջ ձեռքն անաշխատունակ է դառնում։ Արշիլ Գորկին ստեղծագործել է հիմնականում աբստրակտ էքսպրեսիոնիզմի ուղղության շրջանակում։ Նրա նկարները գտնվում են աշխարհի հայտնի ցուցասրահներում և անհատական հավաքածուներում։
Հովհաննես Այվազովսկի
Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին(1817-1900) Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ էր, պատվավոր ծովակալ։ Ապրել ու աշխատել է իր ծննդավայր Ղրիմում։ Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, նկարչական վարպետությունը կատարելագործել Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում։ Ստեղծել է ավելի քան 6000 կտավ, մեծ մասը ծովանկարներ։ Մշտապես պահել է կապը հայ ժողովրդի ու հայկական միջավայրի հետ։ Բողոքելով Օսմանյան կայսրությունում 1890-ական թվականների հայկական ջարդերի դեմ՝ շան պարանոցին կապում և ծովն է նետում սուլթանի պարգևած շքանշանը։
Հայ նկարիչների ամենաթանկարժեք 7 նկարները
7
Հովհաննես Այվազովսկի
Կոստանդնուպոլսի տեսարան, 1852, 3.17 մլն․ դոլար, Քրիսթիս
6
Հովհաննես Այվազովսկի
Վայրագները Դնեպրի վրա, 1876, 3.3 մլն․ դոլար, Սոթբիս
5
Հովհաննես Այվազովսկի
Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ, 1873, 4.2 մլն․ դոլար, Քրիսթիս
4
Արշիլ Գորկի, Խորկոմ, 1938, 4.2 մլն․ դոլար, Քրիսթիս
3
Հովհաննես Այվազովսկի, Կոստանդնուպոլսի ու Բոսֆորի տեսարան, 1856, 5.2 մլն․ դոլար, Սոթբիս
2
Արշիլ Գորկի, Impatience(Անհամբերություն), 1945, 6.8 մլն․ դոլար, Սոթբիս
1
Արշիլ Գորկի, Բարի կեսօր, միսիս Լինքոլն, 14․1 մլն․ դոլար, Քրիսթիս
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան