Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է հանդիպել հայ քանդակագործների աշխատանքներ: Արձաններ, կիսանդրիներ, հուշարձաններ և իհարկե խաչքարեր: Հայազգի քանդակագործների աշխատանքները հիմնականում նվիրված են հայոց պատմության կարևոր իրադարձություններին, հատկապես Հայոց մեծ եղեռնի հիշատակին, սակայն կան նաև այնպիսի ստեղծագործություններ, որոնք կապված չեն հայոց պատմության հետ: Մենք առանձնացրել ենք հայ քանդակագործների 5 հայտնի աշխատանք, որոնց կարելի է հանդիպել աշխարհի տարբեր վայրերում:
1.Դավիթ Երևանցի, Կոմիտասի հուշարձանը Փարիզում, 2003 թ.
Հայ մեծ երգահան Կոմիտասի փարիզյան հուշարձանը գտնվում Ալբեր գետի ափին, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության շենքի հարևանությամբ՝ «Երևան» պուրակում: Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6 մետր է, նյութը՝ բրոնզ: Առջևում Կոմիտաս վարդապետն է՝ գիրքը ձեռքին, կողքին երեխայի գլուխ է քանդակված: Ետևում՝ հայկական խաչքար է: Հուշարձանի վրա գրություն կա.
«Ի յիշատակ Կոմիտաս վարդապետին և 1915-ին Օսմանեան կայսրութեան գործած ցեղասպանութեան 1500000 հայ զոհերուն»:
Քչերը գիտեն, որ Փարիզում Կոմիտասի հուշարձանի տեղադրումը նախաձեռնվել է հեռավոր 1978 թ., երբ Փարիզի քաղաքապետը, հետագայում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն էր: Սակայն հուշարձանի տեղադրման աշխատանքները սկսվեցին միայն 2001 թ., երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հուշարձանը պաշտոնապես բացվել է 2003 թ.:
2. Արտո Չաքմաքչյան, Կոմիտասի հուշարձանը Դեթրոյթում, 1980 թ.
ԱՄՆ Դեթրոյթ քաղաքի Ջեֆերսոն կենտրոնական պողոտայի վրա տեղադրված այս արձանը նույնպես նվիրված էՀայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: ԱՄՆ այս նահանգում և Դեթրոյթին հարակից քաղաքներում հայկական մեծ ու ակտիվ համայնք կա: Մեր հայրենակիցները յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին այս հուշարձանի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին:Հուշարձանը պատրաստված է բրոնզից: Պատվանդանի վրա համապատասխան գրություն ու խաչքար կա: Արձանի պատվանդանին գրված է՝ «GOMIDAS»: Այս հուշարձանի հետ կապված տարբեր պատմություններ կան:Ըստ դրանցից մեկի, տեղացի սևամորթները՝ մտածելով, որ «GOMIDAS»-ը, սևամորթ է ու շատ հավանելով քանդակը՝ իրենց երեխաներին այդ անունն են տալիս:
3.Գեորգի Ֆրանգուլյան, Բուլատ Ակուջավա, Մոսկվա, 2002 թ.
Մոսկվայում՝ Արբատ փողոցի ու Պլոտնիկովի նրբանցքի անկյունում է գտնվում մեր հայրենակից, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանի աշխատանքը: Բանաստեղծ, երգահան Բուլատ Ակուջավայի բրոնզաձույլ հուշարձանը ներառում է երկու կիսակամար, երկու նստարան և երգահանի 2.5 մետրանոց արձանը: Գեորգի Ֆրանգուլյանը Ակուջավային նվիրված մեկ այլ արձանի հեղինակ էլ, որը տեղադրվել է 2007 թ.: Արձանը մասնագետների կողմից թեև բավական քննադատվել է, սակայն տեղացիներն ու զբոսաշրջիկները այն կարծես թե hավանում են:
4.Վարազ Սամուելյան, Սասունցի Դավիթ, Ֆրեզնո, 1971 թ.
Քանդակագործ Վարազ Սամուելյանի այս ուշագրավ աշխատանքն, իր կոմպոզիցիայով և կատարմամբ լիովին հակադրվում է մեր ազգային էպոսի գլխավոր հերոսի մեզ հայտնի երևանյան քանդակին: Դավիթն ու ձին այստեղ հերոսական ու իդեալական չեն, ընդհակառակը փոքր ինչ անճոռնի ու գրոտեսկային: Ֆրեզնոյի քաղաքապետարանի առջև այս քանդակը տեղադրվել է 1971 թ., երբ այստեղ մեր էպոսին նվիրված մեծ գիտաժողով կազմակերպվեց: Վարազ Սամուելյանը ծնվել է Հայաստանում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին ու Դիմադրության շարժմանը: Ֆրեզնոյում է հաստատվել 1957 թ.: Ուշագրավ է, որ Վիլյամ Սարոյանը նրան մի պատմվածք է նվիրել՝ «Ո՞վ է Վարազը» վերնագրով:
5.Խաչիկ Ղազանչյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Վատիկան, 2005 թ.
Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի այս հուշարձանը հեղինակել է ֆրանսիահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանը: Այն տեղադրված է Վատիկանի կենտրոնական՝ Սուրբ Պետրոսի տաճարի որմնախորշերից մեկում: Քանդակը մարմարից է, ունի 5.7 մետր բարձրություն:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան