Քեթի Սիլքոքսը յոգայի աշխարհահռչակ ուսուցիչ է, այուրվեդայի հետևորդ, յոգայի մասին ամսագրի հեղինակ: Նա ճանաչվել է Սան Ֆրանցիսկոյի յոգայի լավագույն ուսուցչուհիներից մեկը և ներառվել Origin ամսագրի «70 յոգեր, որոնք փոխել են աշխարհը» ցուցակում:
Նրա պատմությունը...
Մի օր Քեթին որոշեց թողել հաջողակ կարիերան և գտնել ինքն իրեն... Նա ճանապարհորդեց ամբողջ աշխարհով, այցելեց Տիբեթ և Գոայի լողափեր, զրուցեց Մարոկկոյում շամանների հետ և մեդիտացիա արեց Հյուսիսային Կալիֆորնիայում, շփվեց բազմաթիվ գուրուների և ուսուցիչների հետ: Եվ նա գտավ իրեն այուրվեդայի շնորհիվ...
Այսօր Քեթի Սիլքոքսը այուրվեդայի դասընթացներ է անցկացնում ամբողջ աշխարհում և տրամադրում անհատական խորհրդատվություն: Նրա «Առողջ, հաջողակ, սեքսուալ» գրքում, որը բեսթսելեր է, բազմաթիվ ուղեցույցներ կգտնեք ֆիզիկական ու հոգևոր ներդաշնակության հասնելու համար, կծանոթանաք այուրվեդայի կանոններին և ինքներդ ձեզ սիրելու արվեստին:
Այսօր նրա գրքից առանձնացրել ենք այս հատվածը.
«Եկեք ուսումնասիրենք մեր նյութափոխանակությունը արագացնելու կամ գոնե հավասարակշռելու ուղիները:
Տեղեկատվական գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար սկզբում այս ցանկից ընտրեք 1-2 կետ և կիրառեք դրանք: Հենց այդ սկզբունքները սովորություն դառնան, որդեգրեք ևս մի քանիսը և շարունակեք կիրառել այս ցանկի յուրաքանչյուր խորհուրդ ձեր առողջությանն և հոգևոր բալանսին հասնելու համար:
- Առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ կիտրոնով տաք ջուր խմեք. միջին չափի բաժակի մեջ քամեք միջին չափի կիտրոնի ¼ մասը։
- Փորձեք խուսափել հացից, խմորեղենից, թխվածքաբլիթներից, տորթերից, ցանկացած տապակած մթերքներից, պանիրից, պահածոյացված և վերամշակված մթերքներից, երեկվա սննդից, ընկուզեղենից, ալկոհոլից, շաքարավազից և մակարոնեղենից:
- Հիմնական սնունդը պետք է լինի ճաշը։ Հենց ճաշի ժամին է, որ «մարսողական կրակը» այրվում է իր ամբողջ հզորությամբ:
- Ընթրեք երեկոյան մոտ ժամը վեցին. շոգեխաշած բանջարեղեն, բրինձ, մի աման տաք ապուր:
- Օգտագործեք համեմունքներ. չորացրած կամ թարմ կոճապղպեղ, սամիթ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, անանուխ, քարաղ, դարչին, մշկընկույզ, հիլ, քրքում, չաման, համեմ: Այս համեմունքները ոչ միայն օգնում են մարսել և յուրացնել սնունդը, այլև օգնում են օրգանիզմից դուրս հանել տոքսինները:
- Աշխատեք ուտելիքների միջև ոչինչ չուտել:
- Ամեն անգամ ուտելուց առաջ կերեք թարմ կոճապղպեղի բարակ կտոր՝ վրան թարմ կիտրոնի հյութ և մի պտղունց քարաղ ցանելով: Դա կարագացնի մարսողությունը:
- Կերեք հաճույքով, բայց չափը մի անցեք. ստամոքսի ¼ դատարկ պահեք:
- Երբեք (երբեք-երբեք!!!) սառը ջուր մի խմեք սննդի հետ: Ճաշի հետ շատ մի խմեք առհասարակ: Ինչու՞ մարսողական կրակը ջրով հանգցնել և սառույցով ծածկել:
- Նախքան հատիկեղենը եփելը, ավելի լավ է առնվազն 30 րոպե թրջել ջրի մեջ: Որոշ տեսակի հատիկներ (ավելի կոշտ) պետք է թրջել գոնե 12 ժամով։ Եփեք դրանք համեմունքներով (կոճապղպեղ, սև պղպեղ): Համեմունքները կօգնեն կանխել գազերն ու փքվածությունը, ինչպես նաև կօգնեն հատիկեղենն արագ մարսել:
- Դեն նետեք սեղանի սպիտակ աղը: Օգտագործեք բնական, չմշակված աղի տեսակներ՝ ծովի և Հիմալայան։
- Մարսողական թեյեր խմեք՝ կոճապղպեղով, հիլով, սամիթի սերմերով, չամանով, համեմով:
- Կերեք նյութափոխանակությունը խթանող մթերքներ՝ ապուրներ, համեմունքներ, սխտոր, տերևավոր բանջարեղեն, ձիթապտղի յուղ, վարսակի ալյուր, խնձոր, տանձ, գրեյպֆրուտ, կանաչ թեյ, լոլիկ, բրոկկոլի, նեխուր, մաղադանոս, եղինջ, քրքում, ճակնդեղ, սամիթ, գազար, թարմ կոճապղպեղ:
- Խուսափեք «ցածր յուղայնությամբ», «առանց ճարպերի» և «առանց շաքարի» պիտակավորված բոլոր մթերքներից: Այս մթերքների բնական ճարպերն ու շաքարները փոխարինվել են կյանքը սպանող քիմիական նյութերով: Վերացրեք սպիտակ շաքարն ու կերակրի աղը, քիմիապես վերամշակված և գենետիկորեն ձևափոխված բոլոր մթերքները, թռչնամիսն ու միսը, որոնք լիքն են հորմոններով և քիմիկատներով, կոնսերվանտներով մթերքները, վերամշակված մթերքները և ճառագայթմամբ աղտոտված մթերքները, արհեստական քաղցրացուցիչներով և գույներով, անհայտ յուղերով տապակած մթերքները, տրանս ճարպերն և ճարպերի փոխարինիչները (մարգարին և ճաշ պատրաստելու յուղ):
- Անցեք մաքուր և օրգանական մթերքների: Պեստիցիդներով աճեցված և գենետիկորեն ձևափոխված բանջարեղենն ու մրգերը ոչ միայն վատթարացնում են մարսողությունը, այլև, ապացուցված է, որ առաջացնում են նյարդաբանական խանգարումներ, քաղցկեղ, հորմոնալ փոփոխություններ, հոգեկան խանգարումներ, ուշադրության դեֆիցիտ և էնդոկրին խանգարումներ:
Հարգեք ձեր ստամոքսը. ճիշտ համատեղեք մթերքները
Տարբեր մթերքները քայքայելու համար անհրաժեշտ են տարբեր տեսակի մարսողական ֆերմենտներ: Երբ ստամոքսդ գցում ես երկու տարբեր մթերքներով, որոնց մշակման համար պահանջվում են երկու տարբեր տեսակի ֆերմենտներ, նման է նրան, որ ստամոքսիդ ասում ես. «Ինքդ կողմնորոշվիր՝ ոնց մարսես այս ամենը»: Խուսափելով անհամատեղելի մթերքներից՝ մենք դադարում ենք «տխրեցնել» մեր ստամոքսը և «հեշտացնում ենք» նրա կյանքը:
Ահա հիմնական կանոնները
- Մրգերը պետք է ուտել մնացած մթերքներից առանձին։ Սեխը երբեք չի կարելի համադրել ոչ մի բանի հետ։
- Կաթը խմեք միայն առանձին կամ քաղցրավենիքի հետ միասին: Այն լավագույնս մարսվում է, եթե մեջն ավելացնեք համեմունքներ՝ հիլ, դարչին, սև պղպեղ, մշկընկույզ։ Կաթի ամենավատ ուղեկիցներն են բանանը, թթվաշ մրգերը, խմորիչով հացը, ձուկը, միսը:
- Աշխատեք միաժամանակ ձուկ և կաթնամթերք չուտել։
- Ձուն մի համադրեք մրգերի, կաթի, մսի ու մածունի հետ։
- Մեղրը երբեք չի կարելի եռացնել կամ ջերմային մշակման ենթարկել։
- Սմբուկը, լոլիկը, կարտոֆիլը լավ չեն համադրվում սեխի, վարունգի և կաթնամթերքի հետ։
Սկսեք հիմա
Ինչպե՞ս հասկանալ, որ մարսողությունն աշխատում է անխափան: Լեզուն մաքուր է և վարդագույն։ Օրվա որոշակի ժամերին սովի զգացում եք ունենում։ Ահա մթերքներ, որոնք կօգնեն ձեզ ապրել լիարժեք կյանքով:
- Քնջութի սերմեր և քնջութի յուղ
- Դդմի սերմեր
- Կոկոս և կոկոսի յուղ
- Ավոկադո և ավոկադոյի յուղ
- Ձիթապտղի ձեթ
- Վարսակ
- Գարի
- Նուշ (գիշերվա ընթացքում թրջած և կեղևը մաքրված)
- Կտավատի սերմ և ձեթ
- Ընկույզ և ձեթ
- Թարմ մեղր
- Թարմ օրգանական կաթ և սերուցք (կովի, այծի)
- Գհի (մաքուր հալած յուղ) կամ կարագ
- Քաղցր կարտոֆիլ
- Բամիա
- Դդմիկ
- Սմբուկ
- Սպանախ
- Մանգո
- Չամիչ
- Հապալաս
- Կարմիր ոսպ
- Արգանակ, թանձր ապուրներ...