Ցավալի է իհարկե, որ հնարավորություն չես ունենում քո սիրելի գրողին տալ քեզ ու շատ-շատերին հուզող հարցերը, սակայն բարեբախտություն է, որ կա նրա ստեղծած գրականությունը, կան հարցազրույցներ, ելույթներ, հոդվածներ։ Այս նյութերում, իհարկե, գրողին կգտնես որոշակի ժամանակի մեջ, սակայն խոսքը վերժամանակային է, իմաստությունը՝ անանց, խորհուրդները՝ հավերժ։ Մեծ բարեբախտություն է նորից-ու նորից, ամեն օր ընթերցել Հրանտ Մաթևոսյանին, հուսահատվել ու ներշնչվել նրա հետ, հավատալ խոսքի զորությանն ու գրականության Աստծուն։ Ապրել նրա գրականության հետ՝ վայելելով յուրաքանչյուր բառն ու նախադասությունը, երջանիկ լինել, որ նրա շնորհիվ գոնե մի քիչ առնչվել ես «գրականության Աստծո» հետ։ Ընթերցելով Հրանտ Մաթևոսյանի տարբեր տարիների հարցազրույցներն ու հոդվածները՝ գայթակղություն առաջացավ դրանք միավորել մի երևակայական հարցազրույցի շրջանակում:
Ի՞նչ էի անում
— Ծնվել եմ 1935 թվականին: Հաջորդ 15, 20 և նույնիսկ 30 տարիների իմ կյանքի պատկերը շատ ավելի նման է Թումանյանի–Տոլստոյի, Հոմերոսի ժամանակներին, քան մեր այս օրերին: Ես հող էի մշակում, խոտ էի հնձում, օգնում էի հորթին ծնվելիս, ծառ էի պատվաստում,— որպեսզի ամեն ինչ չթվարկեմ, միանգամից ասեմ. եթե կրկնվեր ջրհեղեղի լեգենդը, ես, ինչպես Նոյը, կկարողանայի վերականգնել երկրի վրա հողագործության ու անասնապահության մշակույթը… Եվ եթե ինչ–որ բան պատահեր մարդկության հիշողությանը, ես կարող էի իմ համագյուղացիների պատկերով ու նմանությամբ, նրանց այն ժամանակվա կյանքի պատկերով նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը...
Ես կցանկանայի հնարել հիասքանչ շատ մարդկանց, և այդ դեպքում տեղ չէր մնա վատ մարդկանց համար..
Ինչպե՞ս սկսեցի
Սարում հորս հետ խոտ էինք հնձում: Հետո հոգնած էինք: Էդպես լավ տարիք էր իսկապես: Ընկերոջ պես էինք: Ինքը մոտ հիսուն տարեկան էր, ես՝ քսաներեք, ես՝ ընդամենը քսաներեք տարեկան: Ընկերության տարիք էր: Հոգնած սարից գալիս էինք: Էդ ժամանակ էլ կոլխոզը սովխոզացնում էին: Էնպես, կոլտնտեսականների ունեցվածքը մի քիչ պիտի խուզեին... Էնքան խուզեցին, և նրանք էնքան զզվեցին ունեցված ից, որ հիմա նրանց խնդրում են անասուն պահել, և նրանք չեն պահում: Ասում են՝ ինչո՞ւ պահենք, որ... Դուք պահեք, մենք էլ ուտենք...
Դեռ տպավորությունները թարմ էին, դեռ մասնավոր սեփականության քաղցրությունը բերաններում էր՝ երբ ձի ունես ու ձիդ սիրում ես, կով ունես, հորթ ունես... Դեռ նոր էին զրկվել էդ բոլորից և արտասվում էին էդ կորուստների համար: Ձին, իր ձին տարել էր, ձին ստիպված տարել էր, մի երկու կոպեկով տվել էր ուրիշ գյուղ:
Հետո՝ ձին ծնելու վրա ետ էր եկել: Ասում է՝ ձին որ եկել դռանը կանգնել էր, հերս, որ մի քիչ, էդպես, կոշտ մարդ էր, սենտիմենտների տրվող մարդ չէր, ասում է՝ մորս ներկայությամբ լաց եղավ... Ասում էր՝ ձիս էլ ետ չեմ տա... Բայց ձիուց զրկվել էր... Ասի՝ ես կգրեմ, և թույլ կտան դարձյալ ձի պահել: Էսպես, կասկածով նայեց, թե՝ էդ դու էդ ո՞վ ես, որ կանոնադրությունը փոխես, կոլխոզային օրինակելի կանոնադրությունը փոխես և ինձ ձի տաս...
Իսկապես, ամենաագրեսիվ ցանկությունս, ամենասրված ցանկությունս, ինչքան որ գրել եմ, էդ է եղել, որ հորս ձին վերադարձնեն:
Ինչո՞ւ եմ գրում
...Օհանեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ նոր մի հովիտ փռել և բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով և կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ՝ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ: Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտ ինձանից» ստեղծել, և այդ ամենը վերաբնակեցման տպավորություն է թողնում: Շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի, որ նրա բնակիչները միայն լավ
մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում, և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը:
Ինչու եմ գրո՞ւմ. որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե՝ այո, բայց շատ ավելի գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ճշմարտությանը մոտ էր լինելու, եթե ասեի՝ չգիտեմ՝ ինչու եմ գրում: Աստծու որևէ արարած, եթե կարողանա ասել, թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի, թե ինքն ինչու է գրող, ինչու է գրում:
Ինչի՞ն եմ հավատում
Ես լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների երկրին եմ հավատում:
Իսկ գրականությո՞ւնը
— Գրականությունը Աստծուն բերել, տեղադրել է մարդու մեջ:
Երջանկությունը
— Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ։
Աստված և գիր
Ցավալիորեն ուշ հասկացա, որ չի կարելի էդքան վավերագրող լինել։ Մեղքը մի քիչ էլ միջավայրինն էր, գրաքննադատությանը և գրչեղբայրներինը, ովքեր ամենայն լրջությամբ գրում էին բաներ, որ մեր կյանքի հետ ոչ մի կապ չունեին՝ ժամանակով և տարածությամբ հեռու, հաճախ նաև մեկ անգամ արդեն գրված բաների մասին։ Ես էլ ստիպված էի հակառակ բևեռից բռնել՝ յուրաքանչյուր կնոջ մասին պետք է էնպես գրել, որպես թե մորդ մասին ես գրում։ Եվ յուրաքանչյուր մարդ արդեն աբստրակցիա է, յուրաքանչյուրն արժանի է հատուկ իր վերաբերմունքին։ Ասենք, յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։
Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն։
Գրողը
․․այս սիրելի–սարսափելի, խելացի–խելագար, հասկանալի–խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել
աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։
Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։
Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է և ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։ Եվ մինչև հիմա այն է արել,
որ փշուր–փշուր, փշուր–փշուր, ինչպես գրանիտից կերտել է Քրիստոս, սոսկական ծննդաբերողից կնոջը դարձրել է կուռք, սիրելի է դարձրել Հունաստանը, Պարսկաստանը, Իսպանիան, հին կանեփի դաշտ Ռուսաստանը դարձրել է աշխարհին գրականություն տվող Ռուսաստան։ Առանց «Աբու–Լալա Մահարու» անապատը կլիներ միայն ավազուտ։
Մարդատյաց աշխարհը մարդասիրացրել է։ Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական,– Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ։
Մշակույթը
Մշակույթը ապրելու կերպ է այս անհարմար, չափազանց սառը, չափազանց տաք երկրում, թշնամանքի մեջ: Մշակույթը պարզապես ապրելակերպ է: Բեդվինն անապատում ապրում է մի ուղտի շնորհիվ՝ բրդից վրան է հյուսում, կաթով սնվում է, մեզով՝ լվացվում: Ուղտը օգտագործվում է ոսկորներից մինչև շնչառություն՝ բեդվինին ապրեցնելով անապատում, և դա կոչվում է Ուղտի կուլտուրա: Թաթարներն այդ ամենը ստանում էին ձիուց: Մշակույթը կենցաղ է, մարդու կենցաղ: Նույնը տեղի է ունենում այսօրվա Ամերիկայում: Ամենուր մշակույթը վերածվել է քաղաքակրթության, և առաջին հերթին՝ կենցաղի: Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք:
Որտեղ ենք մենք
Քաղաքական միտքը մեծավ մասամբ հազվագյուտ սթափ անձերից զատ կամ թերևս շատերից, որոնք, այնուամենայնիվ, իրենց չեն բացահայտում, ահա այդ հազվագյուտ անձերից զատ՝ դեռևս Սասունի լեռներից չի իջել: Որակումն իմը չէ: Դրսից ժամանակին, պատմությանը, մեր իրականությանը քննադատաբար նայողներից մեկի արտահայտությունն է: Ճշգրիտ արտահայտությունը: Ես նույնությամբ որդեգրում եմ:
Սասունի լեռներից չենք իջել: Հուզական կտրվածքով գրեթե ոչ մեկս չի իջել Սասունի լեռներից:
Դարասկզբին կրած ծանր պարտությունն այնքան ճակատագրական է եղել մեզ համար, որ թվում է, թե ազգի հարցերը արդեն վճռվել են այն ժամանակ: Չենք կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ, այնուամենայնիվ, վերածնունդ ունեցանք, առաջացավ Հայաստանի Հանրապետությունը՝ երեք հանրապետությունները կարելի է համարել մեկ հանրապետություն:
Հայը
Հայի Աստվածորդու գլխավոր պատգամը, կարծում եմ, մեր նախկին տիրակալներից՝ ռուսներից կամ թուրքերից մեզ պարտադրված հատկանիշ չէ. դա աշխատանքն է, աշխատասիրությունը: Աշխատանքը, որից այս վերջին՝ եթե ոչ յոթանասուն, գոնե մի երեսուն տարում ետ ենք սովորել: Այդ յոթանասուն տարիների առաջին քառասուն տարիներին, դեռ իրենց կոչումին հավատարիմ մնալով, իներցիայով, բարեխղճորեն աշխատում էին: Հետո մեր աչքերի առաջ հայի ավանդական պատկերը աղարտվեց: Չգիտեմ՝ անկախությունը մեզ ինչ ուրիշ իրական օգուտ կբերի, բայց մի բանի մեջ վստահ եմ: Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը: Խաչքարերի, տաճարների, մաճկալների, հացթուխների, տպագրիչների, գորգագործների ցեղը մեզանում դարձյալ պիտի արթնանա, ուզենք թե չուզենք, այլապես
աշխարհի վրա մեզ չեն պահի:
Մենք ու աշխարհը
Ի՞նչ երաշխիքներով ենք 21–րդ դարում հայտնվում: Ինձ համար մեծագույն երաշխիք է, որ թշնամանքը հարևան որոշ երկրների իրենց համար ավելի ծանր բեռ է լինելու, քան մեր հանդուրժումը, քան մեզ մեկուսի թողնելը: Ավելի ստույգ ասեմ՝ թուրքերի ագրեսիվ վերաբերմունքը մեր նկատմամբ իրենց համար ավելի ծանր խնդիր է լինելու, քան մեզ համար: Ինձ թվում է՝ մեր գործոնը նրանք չպիտի չափազանցնեն, չպիտի անտեսեն, չպիտի փոքրացած տեսնեն, իրենց ագրեսիայի մեջ չպիտի մտածեն, որ ահա այս թումբը իրենց դեպի արևելք լայն ճանապարհի առաջ կվերացնի: Մենք պարտավոր ենք մեզ պահել գոնե այնպես, որ մեր արգելք լինելու հետ հաշվի նստեն: Մնացածը դժվարություններ են, որ անցողիկ են: Միայն այդ ժամանակ մենք առաջընթացի մեջ գործընկերներ կունենանք: Իսկ մյուս դեպքում մենք խոցի կվերաճենք և՛ իրենց մարմնի վրա, և՛ աշխարհի մարմնի վրա: Շատ ցավալի է էդ խոց բառը, որովհետև կուզենայի, որ իմ աղջիկը, իմ տղան, իմ
թոռը առանց ազգային բարդույթների, առանց խոց լինելու աշխարհի մեջ ազատ քաղաքացիներ լինեին հավասարների շքերթի մեջ: Մենք կոչված ենք սկզբունք ունենալ ինքնությունը, հզորների մեջ աննշմար չենք, շատ փոքրերի մեջ էլ չենք, աշխարհը լիքը մեզնից մանր, շատ խնդիրներով, անհետացման եզրին գտնվող ժողովուրդներ կան, մեր իրավունքները չենք չափազանցնում, չենք ուռչում եզան չափ առնել ուզող գորտի պես: Կյանք: Եվ զորանալու ենք: Տևելը մեր արյան մեջ է։
Խոսքը
Այս Չարենցը, Ֆոլքները, Գոդարը, Բակունցը, Ղուկասը, Պլատոնովը և դեռ շատ ու շատ հեղինակներ ու գործեր, նկարիչներ ու երգեր,– սրա՞նք են ահա ինձ մատնացույց արել իմ հայրենիքում ինձ տրված իմ կյանքի ժամանակը, իմ կյա՞նքն է աշխարհի ծով գրականությունից մատը դրել այս հեղինակների ու գործերի վրա՝ չգիտեմ, երևի թե և՛ մեկը, և՛ մյուսը, երևի թե երկուսը միաժամանակ:
...Եվ ուրեմն ի՜նչ գեղեցիկ են նրանք, ովքեր մարդու համար գրում են ի՛ր խոսքը, մարդու մեջ բացում են ի՛ր լույսը,արձակում ի՛ր ձգտումը: Պիտի ցանկանայի նույնազոր եղբոր նման միանալ նրանց և իմ անձնական ու ազգային թուլությունը չբացահայտել, քանի որ երկրի վրա ինչ որ լինում է՝ լինում է նախ խոսքի մեջ
Աղբյուրը՝ www.hrantmatevossian.org
Լուսանկարները՝ Զ.Խաչիկյանի, Ս. Սևադայի, Գ. Ավագյանի