Դեկտեմբերի 5-ին լրացավ Հրաչյա Թամրազյանի (1953-2016) ծննդյան 70-ամյակը: Սիրված բանաստեղծի գործերն իրենց յուրահատուկ տոնայնությամբ ու ձևաբովանդակային յուրահատկություններով առանձնանում են հայ արդի պոեզիայի համապատկերում: «Ապակե քաղաք» (1985), «Ձայների կղզի» (1989), «Պաշարված ամրոց» (1999), «Ասացող երկիր» (2007), «Զվարթ գիտություն» (2001), «Համլետ» (2002), «Հարասություններ» (2003), «Մի հոգու թատրոն» (2005) և «Ars poetika» (2007) գրքերում, բանաստեղծություններին իրենց հիմնական մոտիվներով կարծես թե վերացարկված են իրականությունից՝ ժամանակից ու տարածությունից, սակայն ուշադիր ընթերցմամբ դրանք այժմեական են թվում միշտ: Հր.Թամրազյանի պոեզիայի առանցքում կարծես հենց բանաստեղծությունն է՝ պոեզիան է իր մաքուր ձևով ընդհանրապես, մասնավորապես պոեզիայի հիմքը՝ բառը: Այստեղից էլ թերևս նրա բանաստեղծությունները կարծես փակ են, շշուկով ասված, այն էլ հատուկ ընտրված փոքրաթիվ ականջների համար: Ժամանակների հոլովույթում ու հատկապես հեղինակի ապրած օրերում բառին ու բանին դավաճանությունը կամ անտարբերությունը պոեզիայի ու աստվածային խոսքի նկատմամբ, ըստ բանաստեղծի հանգեցնում է ճգնաժամի, իսկ բանաստեղծության մեջ դա արտահայտվում է վախճանաբանական մոտիվներով: Այդուհանդերձ, հեղինակը մշտապես պահպանում է փրկության հույսը, փրկություն, որը գալու է խոսքի միջոցով, եթե իհարկե այդ խոսքը հասու լինի ընթերցողին կամ գտնի իր ընթերցողին: Art365-ը ներկայացնում է բանաստեղծություններ Հրաչյա Թամրազյանի «Ասացող երկիր» ժողովածուից:
ՆՐԱՆՔ ՇՆՉՈՒՄ ԵՆ
Այս բառերի տակ մարդ կա թաքնված,
Նա թույլ շնչում է, նա շարժվում է դեռ,
- Հնչում են իբրև մանկան թոթովանք
Նրա բառերը անթաքույց, թեթև։
Ու ալիքվում են բառերն անաղմուկ,
Ուռչում է դանդաղ հենքը խոսվածքի,
Այդ խախուտ տանն եմ ես ապրում վաղուց`
Առանց տանիքի և առանց ծածկի:
Ու թափառում է մանվածքն այդ խոսքի,
Ուր մի մենավոր կարոտ է կենում,
Ու, տրված կյանքի հեղհեղուկ հոսքին,
Նրա հետքերն եմ փնտրում ամենուր:
Ու բառերի տակ ապրող այդ ոգին
Հասակ առնելով հառնում է իմ դեմ․
Տարիներ է վեր դու ես իմ կողքին,
Բայց քո անունը ես դեռ չգիտեմ:
Ու որ չփլչեն որմերը իր տան,
Ու իր վախճանը հանկարծ չգուժեն,
Ես ստիպված եմ նրան անուն տալ
Եվ իմ անունը շարունակ հուշել:
Ու հետո հիշել բոլոր նրանց, որ
Հեռացան մեզնից անուն առ անուն,
Բառերն ապրում են միայն նրանցով,
Որ հեռանում են, բայց չեն մահանում:
Նրանք ծածկված են խոսքի շղարշով,
Կյանքից բաժանող քողով սպիտակ
Ու դեպի խորքն են շարունակ քաչում…
– Նրանք շնչում են այս բառերի տակ:
22.06.2005
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Ու երազներում թռչելու նման
Բառերն են իջնում խոսքի մանվածքին`
Բնության հոսող խորքում թաքնված,
Ու դա նման է թափառող ասքի։
Պարող գծերն են ասես տեղանքի
Ելևէջներով սահում քո ներսում,
Ու սահանքներն այդ տողի և հանգի
Նոր եզրեր են քո հայացքով տեսնում:
Ու տարածվում է եզերքն այդ հանգիստ
Քո հոգու ու մերկ բնության միջև,
Ասես գահավեժ, բարձր տարածքից
Այդ եզերքներին քո սերն է իջել։
Դա ներքին խոսք է, ներքին բնագիր
Բնության թաքուն խորքերին հաղորդ
Ու խորքն արարողն այն գիտի անգիր,
Ու մեկտեղումը այդ խորհրդավոր
Մի պահ հայտնվում – կորչում է անհետ...
Այդ սահանքներին դու չես հասնելու,
Նման պահերին այն երանավետ,
Երբ դու թռչում ես քո երազներում:
31.03.2002
ԿԵՆԱՑ ԾԱՌԸ
Մարդեղացած մա՛յր մոլորակ,
Հղացումը կենաց ծառի
Քո սրբազան ծեսը եղավ,
Ու բաբախող սիրտն անտառի
Համաչափ է խփում քեզ հետ,
Ու հաղորդ եմ ես այդ զարկին,
Օ, սրբազան մայր տիեզերք,
Իմ արյան մեջ մի պահ զարթնիր
Թող նա ցողվի ծառի արյամբ,
Թող նա զնգա յոթ երկնքով
Հեղուկի պես աստվածարյալ
Ու խաղաղվի զվարթ երգով...
«Այս անարատ երգն է միակ,
Որ չունի բառ ու խորագիր -
Կենաց ծառն է զգում միայն
Պտույտը Մայր մոլորակի...»:
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
Ու կյանքն է միակ այն հանգրվանը,
Որ ընդունում է և՛ ծնունդ, և՛ մահ
Եվ կրկնելի է ամեն ինչ թվում,
Եվ այդ խնդիրն է իմ առջև դրված –
Այդ խոլ տարերքը վերածել բառի,
Եվ հենց ա՛յս պահին, և հենց ա՛յս գիշեր
Օրվա պատկերը նա կպահպանի,
Եվ հենց նրանով ինձ միշտ կհիշեն
Նա է օծել իմ ծննդյան օրը
Թե մի բան պակաս, թե մի բան ավել,
Ես չեմ մոռանա նրա օրորը,
Երբ քարի նման ըմկղմվեմ հավերժ
Խոր ջրերի մեջ իր անհուսության
Եվ կամ թաղվեմ իր որբ հողերի տակ
Եվ գուցե ա՞յդ է խորքը բնության,
Որտեղ ինձ մի օր իմ մայրը գտավ
Բախտն իմ ― ներհյուսված խոր անդունդներին
Որտեղից նա ինձ լույս աշխարհ բերեց
Մի խոր տրտմությամբ, մի խոր քնքչությամբ
Բայց ո՞վ կարող է մերժել երբևէ
Որևէ մի սերմ այս հողում ծնված:
Եվ ես չգիտեմ, թե էլ ու՞մ դիմեմ,
Երբ կյանքը ինքը – մի առեղծված է,
Մի ակնթարթ է տիեզերքի մեջ։
ՊԱՏԱՐԱԳ
Ես հավաքում եմ խոհերս վերջին,
Տարիքը արդեն իրենն է վերցնում,
Հիշում եմ օրն այդ – արցունքի պես ջինջ,
Եվ պատարագը այն եկեղեցում:
Ու ինչպե՞ս հոգին կարդաս քաղաքի,
Եթե չգիտես իր անունն անգամ,
Ու անգիտության այդ կախարդանքից
Ինձ ազատում է կիրքն օտարական,
Որ մի այլ կյանքի դռներ է բախում,
Տենչում նոր կյանքի օդը ներշնչել,
Արձագանքում են խորքերը անխուլ,
Ու բարձրանում է մի զուլալ հնչերգ,
Ու պատարագը ձգվում է երկար,
Կամարների տակ նոր օր է ծագել,
Իմ հառնո՛ղ օրեր, ձե՛րն եմ, եթե կամ,
Եթե կան այսքան բյուրավոր կյանքեր:
Ու հոգիների այս խորապտույտն
Ու՞ր է հեռանում խմբերգերի հետ,
Ի՞նչ բարձունքներով պիտի անցնես դու,
Ի՞նչ անդունդներ են, ինչ խորին վիհեր
Ու ի՞նչ աշխարհներ` անհայտ, անանուն,
Եվ ինչպե՞ս պիտի չշեղվես ուղուց,
Եթե դու էլ ես խորքն հեռանալու,
Սակայն ինչու՞ է հոգին երկյուղում
Երկնամերձ, խաղաղ կամարների տակ,
Եզերքում մաքուր սրբասացության,
Թող ուղևորվի՛ կյանքդ անավարտ
Այսժա՛մ, այսօ՛ր իսկ, այրո՛ղ ցանկությամբ
Նրանց տեսնելու տենչանքով անմար,
Եվ լույսերի մեջ այս սիրազեղուն
Ոգի է առնում շունչը արարման,
Ու եկեղեցուն սերն է եզերում․
Որ ողջ աշխարհը դառնա գեղեցիկ,
Եվ որ սրբատաշ քարը բարբառի,
Աղոթք մրմնջա Մայր եկեղեցին,
Որ նախադուռն է Մեծ ճանապարհի…
22-23.2006