Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի թեման եվրոպական քրիստոնեական արվեստի ու հայ մանրանկարչության սիրելի թեմաներից է։ Հայկական ձեռագրարվեստում տերունական շարքի այս պատկերն իր բազմազան արտահայտությունն է գտել։ Այս պատկերն իր ինքնատիպ գծերով հատկապես ներկայանում է Մաշտոցյան Մատենադարանում պահվող մի ուշագրավ ձեռագրում՝ Հաղբատի Ավետարանում։ Ձեռագրի ծաղկողը Մարգարեն է։
Այն գրվել է 1211 թ․ Անիի Սահակ քահանայի պատվերով Հաղբատի վանքում, ապա նկարազարդվել Անիում, հետո հայտնվել Արցախում, որտեղից էլ 1920-ական թվականներին Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը մատյանը տեղափոխել է Էջմիածին:
Ձեռագրի մանրանկարչական յուրահատկություննեերից է այն, որ ավանդական հոգևոր թեմաներն ու կերպարները պատկերվում են աշխարհիկ շնչով, բնապատկերներն ու ճարտարապետական կառույցները հիշեցնում են Անի քաղաքի իրական տեսարաններ, նույնիսկ կան իրական մարդկային կերպարներ։ Մանրանկարչի այս մոտեցումը տեսանելի է հատկապես «Հաղբատի Ավետարանի» միակ թեմատիկ ավետարանական պատկերում` «Մուտք Երուսաղեմ»-ում։ Պահպանելով ավանդականությունը՝ այն բացառիկ է իր հորինվածքով ու ինքնատիպ աշխարհիկ ուղղվածությամբ:
Երկու աշակերտների ուղեկցությամբ քաղաք է մտնում Քրիստոս` ավանակին բազմած: Քաղաքացիները Փրկչին դիմավորում են նկարի ձախ կողմում բարձրացող շինության պատուհանից ու պատշգամբից: Նկարի աջ կողմում՝ ձիթենու երկու բարձր ծառերի վրա պատկերված չորս կերպարներից երկուսը ճյուղեր են կտրում և գցում Քրիստոսի ճանապարհին: Հիսուս աջ ձեռքով օրհնություն է բաշխում, իսկ ձախով պահում մագաղաթե գլան: Պատկերում այլ կերպարներ ևս կան. մի փոքրամարմին խափշիկ զգեստ է փռում ճանապարհին։ Մի տարեց ու ճերմակամորուս քաղաքացի է կանգնած` խալաթանման ճոխ վերնազգեստով, դեղնակարմիր չալմայով ու ձիթենու ճյուղը ձեռքին: Եռահարկ աշտարակաձև շինության պատուհանից Փրկչին մի տարեց կին է ողջունում: Նույն շինության պատշգամբում կանգնած երկու աղջիկ ձեռքերը մեկնել են ծառերի վրա գտնվող երիտասարդներին, որոնք թերևս իրական կերպարներ են․
Պատկերի ուշագրավ մանրամասներից է կենտրոնական ծառը, որի հետ հատվում է Քրիստոսի Աջը։ Այն խորհրդանշում է ձեռագրի նվիրատուի տոհմածառը: Նկարիչը Քրիստոսին ուղեկցող աշակերտներից պատկերել է միայն երկուսին, դրա փոխարեն պատկերել է իրական մարդկանց՝ ձեռագրի ստացող Սահակի ընտանիքի անդամներին։ Ըստ ձեռագրի հիշատակարանի նրանք իրենց ամբողջ գույքը վաճառել են, եկեղեցի կառուցել և Ավետարանը նվիրել այդ եկեղեցուն։ Թվարկվում են նաև ընտանիքի անդամները, որոնք էլ ըստ արվեստաբանների պատկերված են նկարում․ Սահակի հայրը՝ Ռոմանոսը, մայրը՝ Կատարինեն, երկու քույրերն ու եկու եղբայրները։ Մեկ այլ խորհրդավոր կերպար է ծառի բնի միջնամասում պատկերվածը, որն ըստ մանրանկարչության ուսումնասիրող Տատյանա Իզմայլովայի` նախամոր հնագույն կերպարի վերապրուկ է:
Զգացվում է, որ Մարգարե մանրանկարիչն օժտված է կոմպոզիցիայի արտակարգ զգացողությամբ։ Նկարի հորինվածքի հիմքում խաչն է, սակայն կան հորիզոնական և ուղղահայաց այլ համաչափություններ, որոնց համար հիմք է հանդիսացել իրականում գոյություն ունեցած և Հոռոմոսից-Անի ճանապարհի վրա գտնված եռահարկ շինությունը.
«…բոլոր կերպարներում, ակնհայտ թե ենթատեքստային, բոլոր իրադրություններում Էլ նկարիչը հայեցակետ Է ունեցել քաղաքային աշխարհիկ կյանքի առօրյան։ Եվ այս առօրյայի մեջ նա տեսել ու վերարտացոլել Է մարդկային անանց ջերմություն։ Իր հերոսների առտնին գործողությունների և զբաղմունքի, նրանց սովորական թե հանդիսավոր փոխհարաբերությունների մեջ դրել Է սեր ու վստահություն։ Մի առանձին հոգածությամբ նկարիչը ներքին հուզումնալից կապ Է ստեղծել մարդկանց ու շրջապատի միջև»,- գրում է Մարգարեի արվեստի ուսումնասիրող Վիլհելմ Մաթևոսյանը: