Սուրբ Գրիգոր Նարեկացու և «Նարեկի»՝ «Մատյան ողբերգության» երկի զորության նկատմամբ մեծ հավատն ու ակնածանքը ծնունդ են տվել ժողովրդական ավանդությունների: Այս ավանդություններում Գրիգոր Նարեկացին ամենահաս ու զորավոր սուրբ է, նա կատարում է մարդկանց խնդրանքները, ազատում չարից, տարբեր հրաշքներ գործում Աստծո ու հավատի զորությունը ցույց տալու համար: Art365-ը ներկայացնում է մի զարմանահրաշ ավանդություն Սուրբ Գրիգոր Նարեկացու մասին:
Աղթամարում Անդրեաս անունով մի մարդ է ապրել, որն ունեցել է մի ամուլ կին, զավակ չեն ունեցել: Նա, կնոջն առնելով, եկել է սուրբ Գրիգոր Նարեկացու գերեզմանին ուխտի, սրբից խնդրել են իրենց որդի տալ: Աստված սուրբ Գրիգորի բարեխոսությամբ նրանց որդի է պարգևել: Ծնողները շատ են ուրախացել, մկրտելով` անունը դրել են Գրիգոր:
Երբ լրացել է տղայի 7 տարին, ծնողները կամեցել են ընտանիքով գնալ սրբի գերեզմանին այցի: Վարդավառի շաբաթ օրը նստել են նավակ և եկել հասել Վանա ծովի մեջտեղը: Չարի ազդմամբ քամի է բարձրացել և նավակը քշել Արճեշի ուղղությամբ՝ Ղարաքաշիշի դեմ: Ալեկոծության ժամանակ տղան ընկել է ծովը: Ծնողները դուրս գալով ցամաք, լճի բոլոր կողմերի մարդկանց խնդրել են փնտրել ջուրն ընկածին, սակայն չեն գտել իրենց որդու մարմինը: Խիստ կսկիծով ու արտասուքով վերադարձել են տուն: Հետագա օրերին սաստիկ ողբացել են, ինչի հետևանքով կուրացել են նրանց աչքերը: Հաջորդ տարվա Վարդավառին նրանց համագյուղացիներն ասել են Անդրեասին. «Որդիդ ընկավ ծովը և մեռավ, դուք լալով կուրացաք, արդ, եկեք գնանք սրբի տապանին այցելության, որ ձեր աչքերը լուսավորի»:
Եկել հասել են վանքի ջրաղացի մոտ, ուխտավորներից այլ տղաներ առաջ են գնացել, որ համբուրեն սրբի գերեզմանը: Բացելով գերեզմանի դուռը, նրանք հանկարծ տեսել են մանուկ Գրիգորին` գերեզմանի վրա ջրաթաթախ նստած: Բնականաբար, ապշել են, ապա ուրախությամբ հետ դարձել և ավետիս տվել երեխայի ծնողներին, թե ձեր որդին կենդանի է, սրբի գերեզմանի վրա է: Ծնողները չեն հավատացել, մինչև որ եկել, մոտեցել են իրենց որդուն, գրկել նրան:
Իսկ մանուկ Գրիգորը պատմել է. «Երբ ես ծովն ընկա, մի այլակերպ դև ինձ բռնեց և կամենում էր խեղդել ծովի խորքում, այդ ժամանակ երևաց Գրիգոր Նարեկացին՝ ձեռքին մի գավազան և սաստեց այլակերպ դևին, ազատեց նրա ձեռքից և, առնելով ինձ, իջավ ծովի հատակը: Գավազանը զարկեց գետնին, փիլոնը ձգեց գավազանի վրա որպես վրան, և ջուրն իբրև կամար եղավ ինձ վրա: Խաչակնքեց չորս կողմը և եղավ լուսավոր, ու ես հանգստանում էի ասես լուսեղեն խորանում: Եվ ասաց ինձ. «Դու այստեղ կաց, մինչ ես գնամ ուխտավորների խնդրանքները կատարեմ»: Երկուշաբթի օրը վերադարձավ և երկու նշխար բերեց ինձ, ես կերա ու զորացա: Այսպես ամեն շաբաթ օր երկու նշխար էր բերում ինձ: Իսկ այսօր ինձ ասաց. «Ահա քո հայրն ու մայրը ուխտի են գալիս իմ գերեզմանին, ե՛կ տանեմ քեզ և տամ նրանց»: Վերցրեց ինձ ու հանեց ծովից, և հանկարծակի ինձ տեսա իր գերեզմանի վրա: Իր ձեռքի թաշկինակն էլ տվեց ինձ, թե սրանով էլ լուսավորի՛ր ծնողներիդ աչքերը»:
Երբ ծնողները համբուրել են սրբի թաշկինակը, լուսավորվել ու բժշկվել են նրանց աչքերը: Եվ ովքեր տեսել ու լսել են այս ամենը, ամենուրեք հիացել ու սքանչացել են, փառք տվել Աստծուն և սուրբ վարդապետ Նարեկացուն: