Շուրջ քառամյա դադարից հետո, դեկտեմբերի 5-6-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվեց ավանդական «Նարեկացիական ընթերցումներ» միջոցառումը: Այս տարի այն նվիրված էր Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, այս գիտաժողովի հիմնադիր Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին: Ընթերցումների մեկնարկը տրվեց հայտնի հայագետ Աբրահամ Տերյանի Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»(Նարեկ) և Կորյունի «Վարք Մաշտոցի» երկերի անգլերեն նոր թարգմանությունների շնորհանդեսով:
Անգլերեն Նարեկի ու Կորյունի երկի շնորհանդեսը
«From the Depths of the Heart, Annotated translation of the Prayers of St. Gregory of Narek» (Liturgical Press, Collegeville, Minnesota, 2021) գիրքը շնորհանդեսի ընթացքում ներկայացրեց Մաշտոցյան Մատենադարանի Հայ միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ՝ Արամ Թոփչյանը:
Իսկ Կորյունի երկի թարգմանությունը՝ Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը:
Նարեկը՝ երկխոսություն Աստծո հետ
Արդեն հաջորդող գիտաժողովին ելույթներ ունեցան հայտնի հայագետներ Հայաստանից ու արտերկրից: Մասնավորապես Ժան Պիեռ Մահեն իր «Սուրբ Երրորդությունը և աստվածաճանաչ առաքինությունները Գրիգոր Նարեկացու Մատեանում» զեկուցման մեջ, որն ընթերցեց Ա․ Թամրազյանը, առաջադրում էր այն թեզը, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ որպես միստիկ բանաստեղծ, չի ձգտում ապացուցելու Աստծո գոյության, աստվածային իրողության որևէ ճշմարտություն, նա միայն ստեղծում է Աստծո հետ երկխոսելու իռացիոնալ ձևեր. «Մարդկային գիտակցությունը ծածկատես Աստծո օգնությամբ կարող է թափանցել ոչ միայն գործած, այլև դեռևս չգործած մեղքերի խորքը, Մատեանի ընդարձակ խորագրում արտացոլված է ապաշխարության եռապատիկ բնութագրումն ու նրանից եռապատիկ ապաքինման բանաձևը: Այս ընթացքի մեջ պետք է ներգրավել մարդու՝ Աստծո պատկերի բոլոր կարողությունները, աստվածային լեզվով ներշնչված բանաստեղծությունն այդ գործիքներից մեկն է։ Միաժամանակ Մատեանում հեծեծանքների բանաձևերը չեն կարող դառնալ հուսահատության` յոթ մահացու մեղքերից մեկի նախադուռը։ Այստեղ է բացվում հույսի հայտնությունը, որն անհնար է առանց հավատի` անտեսանելի իրողությունների հայտնատեսության վերապրումի, նրանց միջոցով միայն տրվում է զղջման ու արտասուքի շնորհը»:
Նարեկը և լույսը
Անի Շահինյանի «Լույսի աստվածաբանությունը. Լույսի պատկերի օգտագործումը Նարեկացու Աղոթագրքում» զեկուցման թեման առնչվում է հայ աստվածաբանության մեջ ու Նարեկում լույսի ընկալումներին ու քննարկումներին: Հայագետը մասնավորապես նշեց. «Գրիգոր Նարեկացու աղոթքները հագեցած են լուսային պատկերներով՝ տարբեր կերպերով աստվածային լույսի խորհուրդների արծարծմամբ, ավելի հաճախ արևի լույսի պայծառ, շողշողուն ճառագայթների այլաբանությամբ: Սրան առնչվող որոշ թեմաներն են. մկրտության խորհուրդը` որպես լույս, սուրբ մյուռոնը` որպես լույս, Աստծո շնորհն ու ողորմությունը` որպես լույս, զոհասեղանը` որպես լույս, խաչը` որպես լույս, և այլն: Լույսի նկարագրություններն ուղեկցող ածականներից շատերը մատնանշում են մարդկության ամբողջական լինելու տենչը»:
Նարեկի ընկալումները
Գրիգոր Նարեկացուն վերագրված աղոթքի մեկնաբանությանն էր նվիրված հայագետ Ռոբերտա Էրվինի՝ «Զկատարեալ առողջութիւնն ասեմ, որ է Աստուծոյ կամքն». Գրիգոր Նարեկացիին վերագրուած տերունական աղօթքին չորրորդ խօսքին
մեկնութիւնը» խորագրով ուսումնասիրությունը: Ըստ հայագետի այդ աղոթքում նկատելի են ինչպես Նարեկյան դպրոցի, այնպես էլ հայրաբանական գրականության ուշագրավ ազդեցություններ:
Նարեկացիագետ Արուսյակ Թամրազյանի զեկույցը՝ համեմատական ուսումնասիրություն էր, որի նպատակն էր ներկայացնելու Նարեկի՝ որպես հարահնչող բանական տաճարի վերաիմաստավորումները Գրիգոր Սկևռացի Մլիճեցու, Ծերունի ու Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործություններում: Ա. Թամրազյանը նշում է. «Մատեան ողբերգութեան երկը թե՛ Գրիգոր Նարեկացու կողմից, թե՛ ողջ միջնադարում ելնելով նաև խորագրից, հղացվել է և ընկալվել որպես համապարփակ աղոթագիրք՝ գրված բոլոր բնությունների կարիքների անունից։ Միաժամանակ իր տարբեր աղոթքներով այն հյուսում է Աստծո հետ երկխոսությունների, սուրբգրային հարասությունների և ապաշխարության պատկերների տարբեր ձևեր»: Ըստ ուսումնասիրողի, Մատյանը տարբեր ստեղծագործողների, մասնավորապես գրիչների ու մանրանկարիչների կողմից յուրացվել է տարբեր կերպ, ինչի արտահայտությունն են այս երկի պահպանված հնագույն՝ ՄՄ 1568 Նարեկըում (1773 թ.), որի պատվիրատուն է Ներսես Լամբրոնացին, գրիչն ու ծաղկողը՝ Գրիգոր Մլիճեցին կամ Սկևռացին, և Ծերունի ծաղկած ՄՄ 1874 (1391 թ) ձեռագրերում Նարեկացու և Մատյանի պատկերման տարբերությունները:
Նարեկն ու Նարեկյան դպրոցը
Նարեկի ու Նարեկյան դպրոցի ազդեցություններին էին նվիրված Աբրահամ Տերյանի, Լիլիթ Հովսեփյանի և Լուսինե Թումանյանի զեկույցները: Մասնավորապես Ա. Տերյանը համառոտ ներկայացրեց Անանիա Նարեկացուն ուղղված մեղադրանքները, խոսեց Թոնդրակյան շարժման և այս ամենի հետ Սուրբ Գրիգոր Նարեկացու առնչությունների մասին:
Լիլիթ Հովսեփյան ելույթը նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացու «Երգ երգոցի» մեկնության Վարդան Արևելցու քաղումներին:
Ըստ Լուսինե Թումանյանի զեկուցման, 10-րդ դարում քաղկեդոնականների հալածանքների պատճառով Փոքր Հայքից գաղթած և Վասպուրականում հաստատված Անանիա վարդապետի հիմնադրած վանքը դառնում է հոգևոր և գիտական խոշոր կենտրոն, որտեղ ստեղծագործում էր Անանիա Նարեկացին. «Վանահայր Անանիա Նարեկացու ստեղծագործություններից են վանքի կրոնավորների համար գրված բարոյախոսական խրատները, որոնք այսօր ևս արդիական են և թվում է` ուղղված են մեզանից յուրաքանչյուրին։ ...«Անցավոր աշխարհի մասին» խրատը, որը գրված է կիսով չափ արձակ, կիսով չափ չափածո ոճով: Խրատում ներկայացված է մարդկային կյանքն իր բոլոր կողմերով վերելքներն ու վայրէջքները, ձեռքբերումները և կորուստները, ուրախությունը և տխրությունը, ճոխությունը և աղքատությունը:
Ձեռագրագետ Դավիթ Ղազարյանի զեկուցման թեման էր Հովհաննես Բարաղամյանի ձեռագրացուցակում Նարեկացու Մատյանի ներկայացման առանձնահատկությունները: