Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի
Հայ գրականության ամենահայտնի ու նշանակալի գրքերից մեկը՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» հայտնի է որպես պատմական, հայրենասիրական նաև ողբերգական բովանդակությամբ մի գործ: Վեպի ընթերցողներից քչերն են հիշում այն հատվածները, որոնք ընթերցողին ներշնչում ու ոգևորություն են տալիս: Ահա՛, այդպիսի մի հատված, որը բերվում է գրական արևելահայերեն թարգմանությամբ: Այստեղ հերոս Աղասին խոսում է բնության ու Աստծու արարած աշխարհի վերաբերյալ իր հիացմունքի, կյանքի իմաստի, երջանիկ լինելու գաղտնիքի մասին:
«Բոլոր, բոլորը, հիանալի սովորություններ էին, աննման օրենք, սուրբ աստվածապաշտություն ու մարդասիրություն: Աստված տա, ամեն ազգ այս բարեգործությունները ունենա, որ մեր ընտիր հայերն ունեն, սակայն Աղասու բարկությունը այն բանի վրա էր շատ անգամ գալիս, որ ի՞նչ էլ անում էին, մարդու խելքին չէր նստում, թե ի՞նչն է դրանց զորությունը: Հանդ էր դուրս գալիս, հացահատկի բերքն ու պտուղը, դաշտերի ծառն ու ծաղիկը, երկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լույսը տեսնելիս նրա հոգին վերանում էր, խելքը` թռչում, շատ անգամ աչքերը ծով դարձած՝ տեղն ու տեղը մնում կանգնած. ու թվում էր, թե իրեն դրախտ տարան: Ձեռքերը գցում, գլխաբաց կանգնում, երեսը մեկ դեպի երկինք, մեկ երկրին էր հառում, հոգոց հանում ու ցանկանում էր, որ ձայն տա, կանչի, իր խոսքը լսվի:
«Ա՜խ, ո՞վ ես դու, ո՞վ, արարչագործությանդ ղուրբան, Աստված, որ այսքան բարիքը ստեղծել ես մեզ համար: Ա՜խ, ինչո՞ւ չես քո սուրբ երեսը մի օր մեզ ցույց տալիս, որ ոտքերդ ընկնենք, մեր սիրտը, մեր հոգին քեզ մատաղ անենք: Թե ասեմ երկիրն է մենակ գեղեցիկ, հազար ծաղիկներով, բույսերով զարդարված, հապա երկինքը ո՞ւր թողնեմ, որ ցերեկն ինձ լույս է տալիս, հանդիս պտուղը հասցնում, գիշերը մութն իմ աչքից հեռացնում է ու այնպես վրանի պես գլխիս վրա կանգնած՝ անձրև, արև տալիս, որ ես ապրեմ, որդիներիս պահպանեմ, աշխարհին պետք գամ, որ մեռնելիս էլ գան գերեզմանիս վրա ինձ մի դատարկ ողորմի ասեն: Ա՜խ, երկնային թագավոր Աստված, քանի աչքերս բացում եմ, այս քո արարածըը տեսնում, սիրտս կրակ է դառնում, աչքս՝ ծով, բերանս քարանում, մնում եմ տաքացած, ջեռուցած, բայց, ա՜խ ո՛չ այս կրակն է ինձ այրում, ո՛չ այս ջուրն է ինձ խեղդում: Աչքերս մոլորված՝ այս թփից այն թուփ, էս սրից այն սարն են ընկնում, ծառի տակ ասես, սարի գլխին ասես` նայելով աչքերս շաղվում են՝ ջուր կտրում: Թվում է, թե մի ձայն, մի թև, մի աներևույթ հոգի` տերևները խշշալիս, թռչունը թռչելիս, աղբյուրը քչքչալիս, սոխակը երգելիս, հովը փչելիս շաղը երեսիս թափելիս, ամպը գոռալիս, անձրևը գալիս` ինձ կարծես ձայն են տալիս, ինձ ձեռքով են ասես անում, ինձ վրա խնդում, թե սրանք վայելի՛ր, հողածին մարդ, բարի մնա՛ և բարություն արա՛, արարչիդ մեծությունը և խնամքը ճանաչի՛ր, ծառի պես պտուղ տո՛ւր, ծաղկի պես՝ հոտ, սարի պես՝ աղբյուր, դաշտի պես՝ բերք, երկրի պես՝ հաց, երկնքի պես՝ լույս: Վայելի՛ր Աստծո բարությունը, ուրիշին էլ բաժին հանի՛ր. աղքատի տեսնելիս՝ կերցրո՛ւ, կշտացրո՛ւ. թռչունին՝ քո վրայով թռչելիս՝ կանչի՛ր, կուտ տո՛ւր, դու առատ ձեռք ունեցիր, որ առատ առնես ու բախտավոր լինես: Ա՜խ, բոլորը կանեմ, կյանքս ուզեն՝ չե՛մ խնայի, բայց ի՞նչ կլինի, տե՛ր իմ և Աստված ջա՜ն, այս հոգին հոգին մի օր էլ ինձ երևա, որ այսպես կարոտով չմնամ, չայրվեմ, չմաշվեմ նրա աննման սիրուց: Եթե երազիս մեջ էլ մեկ անգամ նրա պատկերը տեսնեի, սրտումս այլևս վիշտ չէր մնա, այսքան չէի փափագի ու տանջվի: Թե դու ես նրան ուղարկում, ո՜վ Տեր իմ և արարիչ, ինչո՞ւ չես հրամայում, որ մեկ օր, մեկ օր, ա՜խ, մեկ րոպե անգամ, մեկ անգամ աչքերս բացուխուփ անելիս, նա աչքով ընկնի, նրան տեսնեմ, սիրտս հովանա և էլի նրա ասածն անեմ: Բերանիս վերջին պատառը հանեմ՝ ուրիշին տամ, հագիս շորը հանեմ՝ ուրիշի մարմինը ծածկեմ, որ իմ հոր ու մոր սիրտն էլ ուրախանա և ասեն, թե` Աստված իրենց բարի զավակ է պարգևել, որ իրենց խրատը գետին չի՛ գցում, իրենց բարի ճամփին է հետևում, իրենց ասածն անում»:
Աղբյուրը՝ Խ.Աբովյան, Վերք Հայաստանի (գրական արևելահայերեն թարգմանություն), Երևան, 2021
Նկ. Գ. Խանջյան, Աղասի ( «Վերք Հայաստանի» վեպի նկարազարդումներից)
աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am