Հայ նոր գրականության հիմնադիր երկը՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» գնահատվել ու գնահատվում է ո՛չ միայն այն պատճառով, որ գրականության նոր լեզու է բերել, ո՛չ միայն այն պատճառով, որ բերել է նոր թեմաներ, բովանդակություն ու հերոս, այլ առաջին հերթին, որ այն հայոց ազգային ոգու յուրօրինակ հանրագիտարան է։ Այն հերոսականության, աննկուն կամքի, ազգային արժանապատվության ու ընդվզումի ինքնատիպ ավետարան է։ Երկար դարերից հետո հենց այստեղ առաջին անգամ հայ մարդը ներկայանում է իր քաջությամբ, հերոսականությամբ, ազգային արժեքներին հավատարմությամբ, բնության, հայրենիքի ու մարդկանց նկատմամբ սիրով, նվիրումով ու հպարտությամբ։ Մեծ հայը՝ Խաչատուր Աբովյանն իր հերոսների միջոցով, նաև իր հեղինակային խոսքով դարերի, տագնապների ու տառապանքների մեջ թուլացած ու թերահավատ հայրենակիցներին ասում է՝ թե ովքեր են հայերը, ինչ պատմություն ունեն, ինչ լեզու, հավատ, ու մշակույթ ունեն։ Աբովյանն է, որ ոգի ու նոր կյանք է տալիս Հայաստանին, քանի որ հավատում է հայ մարդու ուժին, զորեղ կամքին, հավատին ու լեզվին։ Փոխում է լեզուն, տեսնում ու առաջ է քաշում հերոսին, հիշեցնում անցյալի փառքն ու կապ ստեղծում այդ փառքի հետ։ Ցույց է տալիս փառավոր անցյալի ու ողբերգական ներկայի միջև կապող օղակները։ Դրանք են՝ ազգային արժեքների՝ հավատի ու լեզվի նկատմամբ հավատարմությունն ու ուժեղ, չընկրող ու հերոսական հայ մարդու նկատմամբ սերն ու նրա ուժերի նկատմամբ հավատը։ Ներկայացնում ենք հայ գրականության ամենազորավոր բնագրերից մեկի՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ամենաներշնչող հատվածներից մեկը՝ արդի արևելահայերեն փոխադրությամբ։
ԱՌԱՋԱԲԱՆ
Երբ պարսից Կյուրոս արքան տիրեց Լիդիայի թագավորությանը և արար աշխարհին, երբ կռվում Կրեսոսին՝ Լիդիայի թագավորին լքեցին
բոլորը՝ զորք ու զորապետ, սիրելի, բարեկամ, և իր անգին քարերով ու ադամանդներով զարդարված պալատներում մեծացած Կրեսոսը, որը իրենից բացի, այլ բախտավոր մարդ չէր ճանաչում, այժմ շնչահատ փախչում էր մի պարսիկ զորականից, որ գոնե իր գլուխն ազատի, բայց պարսիկը հասավ նրան: Սուրը փայլեց Կրեսոսի գլխավերևում, աչքերը սևացան, դեռ չսպանված՝ հասկացավ, թե մահը հոգին արդեն առավ: Եվ ուզում էր իր սուրը սիրտը խրի, որ թշնամին իրեն չսպանի, և երբ պարսիկ զորականը թուրը բարձրացրեց, թագավորի միամոր, միակ որդին,
որ հոր մահը չտեսավ իր առջև, քսան տարվա փակ լեզուն կապը իսկույն կտրեց, բացվեց ու քսան տարվա լուռ սիրտն առաջին անգամ ձայն տվեց.
— Անօրե՛ն, այդ ո՞ւմ ես սպանում, հեռացրո՛ւ թուրդ, չե՞ս տեսնում, որ քո առջև Կրեսոսն է՝ աշխարհի տերն է:
Զորականի ձեռքերը թուլացան, թագավորը գլուխն ազատեց, քսան տարեկան համր որդին փրկեց իր հորը:
Այդքան տարի իր կյանքն էր ապրել թշվառ արքայազնը, բայց ո՛չ ծնողների այնքան սերը, նրանց այնքան գութն ու փափագը, որ նրա ձայնը գոնե լսեն, մխիթարվեն, ուրախանան, ո՛չ այն փառքն ու մեծությունը, ո՛չ այն պատիվը և իշխանությունը, ո՛չ այն գանձն ու հարստությունը,
ո՛չ աշխարհի սերը և վայելչությունը, ո՛չ սիրելիների ու բարեկամների այդքան սերն ու քաղցր զրույցը, ո՛չ ամպի ձայնը, ո՛չ թռչունների
անուշ դայլայլը, ո՛չ գետի կարկաչն այդքան ժամանակ նրա սրտին այն ներգործությունը չունեցան, որ մի ծպտուն իսկ հանի, բայց իր հոր, իր սիրելի հոր մահվան սարսափը, որ իր առջև տեսավ, սիրտն իր խուփը մի կողմ դրեց, պապանձված լեզուն կապը կտրեց, փակ բերանն
իր կսկիծը հայտնեց, վերջին հույսով ապրող հայրն իր որդու ձայնը լսեց, որ լսողի սիրտն այսօր էլ է այրում, երբ մտածում է՝ որդիական
սերն էր, որ բնության դրած շղթաներն այսպես ջարդեց ու փշրեց:
Ոչ թե քսան, այլ երեսուն տարուց ավելի է, իմ պաշտելի՛ հայր, իմ սիրելի՛ ազգ, որ սիրտս կրակ է ընկել, այրվում է, տոչորվում, գիշեր–
ցերեկ լացն ու սուգն իմ աչքերից, ախն ու վախն իմ լեզվից չի պակասում, այ իմ արյունակի՛ց բարեկամներ, որ միայն իմ միտքն ու փափագս
ձեզ պատմեի և հետո հողը մտնեի:
Ամեն օր տեսնում էի իմ գերեզմանը, ամեն վայրկյան մահվան հրեղեն սուրն էր գլխիս վերևում, ամեն րոպե ձեր վիշտն ու հոգսն իմ սիրտն այրում էր, մաշում, լսում էի ձեր քաղցր ձայնը, տեսնում ձեր գեղեցիկ դեմքը, գիտեի ձեր ազնիվ միտքը և կամքը, վայելում էի ձեր անգին սերն ու բարեկամությունը, մտածում էի ձեր կորցրած փառքի և մեծության, մեր ա՜յն առաջին հիանալին թագավորների, իշխանների գործի և կյանքի, մեր Հայրենիքի, մեր սուրբ աշխարհի նախկին սքանչելիքների և հրաշագործությունների, մեր ընտիր ազգի աննման բնավորության ու գործած քաջությունների մասին։
Մասիսը միշտ առաջիս էր կանգնած, որ մատնացույց էր անում, թե ի՞նչ աշխարհի ծնունդ եմ ես, մտքիս մեջ Դրախտն էր կենդանի, որ երազում, թե արթմնի միշտ մեր երկրի անունն ու պատվականությունն էր իմ առջև բերում։ Հայկը, Վարդանը, Տրդատը, Լուսավորիչը` նույնիսկ քնած ժամանակ ասում էին ինձ, որ ես իրենց որդին եմ. Եվրոպա թե Ասիա` ինձ անդադար ձայնում էին, թե Հայկի զավակն եմ ես, Նոյի թոռը, Էջմիածնի որդին, դրախտի բնակիչը։
Դաշտում թե եկեղեցում, տանը թե դրսում այն քարերն էլ էին ուզում, որ սիրտս տեղից պոկեն—հանեն, որտեղ իմ ազգի ոտքը դիպել է և այսօր էլ դիպչում է, շատ անգամ, թե - կուզ մի Հայի տեսնելիս զւմ էի իմ ունեցած հոգին ու շունչը նրան տամ։ Բայց, ախ, լեզուս փակ էր, աչքս՝ թաց, բերանս` փակված, սիրտս` խոր, ձեռքս՝ պակաս, լեզուս՝ կարճ. գանձ չունեի, որ ուզածս գործով ցույց տայի, անունս մեծ չէր, որ ասածս տեղ հասնի։ Մեր գրքերն էլ գրաբար, մեր նոր լեզուն էլ անպատիվ, որ սրտիս փափագը խոսքով հայտնեի, հրա- մայել չէի կարող, եթե խնդրեի, աղաչեի անգամ լեզուս մարդ չէր հասկանա, որովհետև ես էլ էի ուզում, որ ինձ վրա չծիծաղեին, չասեն` կոպիտ է, հիմար, որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի ես էլ էի ուզում, որ ասեն. «Օ՛, այնպես խոր, խրթին է կարողանում շարադրել, որ սատանան էլ միջից մի բառ անգամ չի կարող իմանալ, հասկանա»։ Ես էլ էի ուզում ինձ ցույց տալ, որ ինձ վրա զարմանան ու գովեն, թե՝ «հայերենին շատ խոր տեղյակ եմ»։ Ով մի լեզու գիտե, ես մի քանիսը գիտեմ, ինչ գիրք ասեք, որ չեմ սկսել թարգմանել ու կիսատ թողել. ոտանավոր, շարադրանք և այլն այնքան եմ գլխիցս գրաբար դուրս տվել, որ մեկ մեծ գիրք էլ դա կդառնա։
Այդ ընթացքում Աստված ինձ մի քանի աշակերտներ ուղարկեց, որոնց պետք է ուսուցանեի: Սիրտս ուզում էր պատռվի, երբ այդ երեխաներին ինչպիսի հայկական ու հայերեն գիրք էլ տալիս էի, չէին հասկանում։ Ռուսերեն, գերմաներեն ու ֆրանսերեն ինչ կարդում էին, նրանց անմեղ հոգում հենց դրանք էին տպավորվում: Ուզում էի շատ անգամ մազերս պոկել, որ այդ օտար լեզուներն ավելի էին սիրում, քան մերը: Բայց պատճառը շատ բնական էր. այն լեզուներով նրանք կարդում էին երևելի մարդկանց գործերի մասին, նրանց արածների ու ասածների մասին: Նրանք կարդում էին այն բաների մասին, որոնք մարդու սիրտ կարող էին գրավել, քանի որ սրտի բաներ էին, ով չի սիրի: Ո՞վ չի ցանկանա լսել, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ինչ բաներ են, բայց մեր լեզվով գրված թե այդպիսի բաներ կան, թող աչքս հանեն։ Էլ ինչով երեխային քո լեզուն սիրել տաս։ Գյուղացու վրա գոհար ծախիր, այո, շատ լավ բան է, բայց եթե կարողություն չունի, մեկ կտոր հացի հետ էլ չի փոխի քո տված անգին քարը։
Ահա սա այսպես, Եվրոպայում որոշ գրքերում կարդում էի, թե հայ ժողովուրդը երևի սիրտ չի ունեցել, որ այդքան բաներ է անցկացրել իր գլխով, ու մի մարդ չի եղել, որ մի սրտի բան գրի, ինչ կա` եկեղեցու մասին, Աստծո և սրբերի բայց հեթանոս Հոմերոսի, Հորացիոսի, Վիրգիլիոսի Սոֆոկլեսի գրքերը եվրոպացի երեխաները գլխատակերին ունեն, քանի որ բոլորը աշխարհի բաներ են:
Թե ասեի` բոլոր եվրոպացիներն են անխելք ու անհավատ, որ Աստծո գոր ծերը թողած՝ ծռտի–մռտի բաների հետևից են ընկել, հիմարություն կլիներ: Թե չէ մեր Նարեկը թողած՝ ախր ինչպես են նրանք այդ գրքերը հավանում։ Լավ գիտեի, որ մեր ազգն այն չէր, ինչ նրանք ասում էին, բայց ի՞նչ անես, անաղուն ջրաղացի քարն էլ չի պտտվում, ում ասես:
Միտք էի անում, թե կտրիճ մարդու մասին ասես, ախր մեր մեջ հազարավորներն են եղել և այսօր էլ կան. թե խելոք խոսք ասես, մեր պառավներն էլ հազարը գիտեն: Թե աղ ու հաց ասես, սեր, բարեկամություն, քաջություն, երևելի անձինք ասես, մեր գյուղացիների սիրտն էլ է լի այդպիսի մտքերով։ Առակ, ասացվածք, սուր–սուր խոսքեր որ ուզենաս, այն հետին ռամիկ մարդն էլ մեկի փոխարեն հազարը կասի: Ախր ի՞նչ պետք էր անել, որ մեր սիրտն էլ ուրիշ ազգերը Ճանաչեին, մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին, մնացել էի տարակուսած: Լավ գիտեի, որ թե՛ օսմանցիների, թե՛ պարսիկների երկրներում ինչքան այնպիսի երևելի, խելացի, հնարագետ, մարդիկ են եղել, ինչքան խանի, շահի, սուլթանի պալատներում սիրահար աշուղ, լավ երգող, ոտանավոր գրող մարդիկ են եղել, նրանցից շատերը հայ են եղել։ Միայն Քեշիշ օղլին, Քյոռ օղլին բավական են, որ ասածս սուտ դուրս չգա: Թող այսօր էլ մի մարդ Գրիգոր Թարխանովի հետ խոսի, նրա խոսքերը, նրա այն ճարտար լեզուն, նրա այն հիանալի հասակն ու պատկերը, նրա միայն մեկ շնորհքը տեսնի. հարյուր տեսակ տարբեր մարդկանց և ազգերի լեզուն, շարժուձևը, նստել-ելնելն այնպես ցույց կտա, որ կուրանամ, թե եվրոպական այն ընտիր թատրոններում տեսած լինեմ, ու վարժատան երես, կարող է, իր օրում տեսել է այն ժամանակ, երբ մեզանում այբուբենի տառերը փայտե կեռ կարթով էին բռնում, ատրճանակի կրակոցով ցած բերում և այդժամ միայն կիմանա, թե հայերի մեջ ինչքան շնորհք կան։
Այդպիսի բաներ մտածելով` օրս ու կյանքս մաշվել էին։ Շատ անգամներ ուզում էի ինձ մահվան տալ: Չգիտեի, թե սրա փրկությունն ինչ է լինելու: Թող լսողը չհավատա, բայց այս ցավն այնպես էր սիրտս բռնել, որ շատ անգամ գժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլի սիրտս լեցուն տուն էի գալիս։ Հենց սա էր պատճառը, որ մի օր էլ՝ ամառվա դասերի ժամանակ, աշակերտներիս առավոտյան թողեցի ու ճաշից հետո նորից ընկա սարեսար: Հույսս կտրված գնացի գերմանացիների գաղութ–բնակատեղին` մի գերմանացի բարեկամի մոտ։ Նրանք էլ, ինձ կարեկցելով, երեք օր պահեցին իրենց մոտ, չթողեցին վերադառնալ քաղաք։ Բայց քաղաքում իմ սիրելի աշակերտները, ծանոթ–բարեկամները իմ սուգը վաղուց էին կատարել։ Կարծել էին, թե Քուռն եմ ընկել, որովհետև ամեն առավոտ, իրիկուն գնում էի լողում: Դարձյալ իմ սիրելի աշակերտներն էին հետաքրքրվել ինձնով, որ գուցե մի բան իմանան: Մի առավոտ էլ, պատուհանի մոտ նստած, նորից իմ մտքերի հետ էի, երբ նրանք անցան իմ առջևից: Որ նրանց չտեսա, իր տեղից հոգիս դուրս թռավ։ Իմ ու նրանց այն օրվա իրար տեսնելը, հանդիպելը ով կկարողանա պատմել. ով սիրտ ունի, նա կհասկանա ինձ: Գուցե թե միայն գերեզմանում այս ձեր սերը մոռանամ, այ իմ սիրելի, իմ անգին բարեկամներ, թե չէ որքան այս կապույտ երկինքն է գլխիս վերև, շունչս` բերանիս մեջ, ձեզ, ձեզ պետք է սուրբ համարեմ, ձեր արևին մեռնեմ:
Բայց ախ, ե՞րբ է երկինքը մնացել նույն դիրքում, որ մարդու սիրտը մնա: Հենց մի քիչ մտքիս արևը ճառագեց, դարձյալ սև-սև ամպերը գլուխները բարձրացրին, էլի կայծակ- որոտը սրտիս մեջ ասպարեզ բացեց: Ջուրն ընկնել անգամ չէի կարող, որովհետև Աստծո ահը կար մտքիս մեջ, անմեղ երեխայի ձայնն էր ականջիս, սերն ու ծնողակա գութը` սրտիս մեջ, ես մեռնեի, հանգստանայի, իսկ իմ զավակին ով կպահեր։
Հենց սա էր, որ ասում էի մտքումս, թե նստեմ, ինչքան խելքս կկտրի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց քաջությունների մասին պատմեմ, բայց դարձյալ մտածում էի, թե ում համար գրեմ, երբ ազգը լեզուս չի հասկանալու։ Թե կուզ ռուսերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն գրած, թեկուզ գրաբար, տասը հոգի կհասկանային, իսկ հարյուր հազարների համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մի քամու ջաղացը: Ախր, որ ազգն այդ լեզվով չի խոսում, այդ լեզուն չի հասկանում, թեկուզ բերանիցդ ոսկի էլ թափիր, ում համար ասես։ Ամեն մարդ իր սրտի վայել բան է ուզում: Քո յուղ ու մեղրով փլավն ինձ ինչ օգուտ, որ ես չեմ սիրում։
Ում հետ խոսում էի, բոլորը մատնանշում էին մի բան, թե մեր ազգը ուսումնասեր չի, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ մեր կարդալ չսիրող ազգի մեջ Ռոբինզոն Կռուզոյի պատմությունը, Պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռքից ձեռք է անցնում: Սա էլ լավ գիտեի, որ ինչպիսի երևելի ազգեր կան, բոլորն էլ երկու լեզու ունեն՝ հին ու նոր: Եթե լուսավորյալ լեզուն լավն է, և քարերն էլ պետք է պայթեն ու հասկանան, հապա աշխատավարձ, նշան, պատիվ ին- չու են տալիս թարգմանչին: Իսկ լեզվագետ իմաստունը թող գնա, կանգնի, գոռա, հոգին դուրս գա, լսողը թող ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի, որ ցավի:
Մտածում էի, որ խելագարն էլ դա չի անի: Դարձյալ այդպես մտքիս հետ ընկած՝ շատ դեպքերում, երբ հյուր էի գնում կամ քաղաքով անցնում էի, ուշք ու միտքս հավաքում էի, թե տեսնեմ՝ ժողովուրդը խոսալիս, քեֆ անելիս ինչն է ավելի ախորժում։ Հաճախ տեսնում էի, հրապարակում, փողոցում | մի կույր աշուղի այնքան են հմայված նայում–լսում, փող տալիս նրան, բերանների ջուրն է գնում։ Հավաքի և հարսանիքի Ժամանակ առանց սազանդար–երաժիշտների երբ է հացը կուլ գնում։ Ասածները թեև թուրքերեն են, շատերը նույնիսկ մի բառ անգամ չեն հասկանում, բայց լսողի, տեսնողի հոգին դրախտ էր գնում ու գալիս: Միտք արի, միտք արի, մի օր էլ ինձ ու ինձ ասացի, արի քո քերականությունը, ճարտասան նությունը, տրամաբանությունը ծալիր, մի կողմ դիր ու մի աշուղ էլ դու դարձիր, ինչ ուզում է, թող լինի, դաշույնիդ քարը չի ընկնի, զառ վարաղդ` ոսկեջրած թերթիկը, հո չի փախչի գնա։ Մի օր դու էլ կընկնես–կմեռնես և մի ողորմի ասող էլ չես ունենա:
Բարիկենդանի օրն էր, աշակերտներիս դասերից հետո տուն ուղարկեցի։ Սկսեցի, ինչ որ գիտեի դեռ երեխա ժամանակներից, բոլորը մի տեղ հավաքել, ի մի բերել:
Վերջում հիշեցի իմ ջահել–ջիվան Աղասուն, նրա հետ հարյուր քաջ հայ տղերք, որ իրենց գլուխները բարձրացրին, ու բոլորն էլ ուզում էին, որ իրենց մոտ գնամ։ Մյուսները մեծ–մեծ մարդիկ էին, շատերը նրանցից, փառք Աստծո, ողջ– առողջ են։ Իսկ Աղասին` աղքատ ու մեռած, նրա սուրբ գերեզմանին մեռնեմ: Ասացի` կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի: Սիրտս եկել, բերանիս էր հասել։ Տեսնում էի, որ արդեն հայի գիրք վերցնող, հայերեն խոսողներն են քիչ: Մեկ ազգին պահողը լեզուն է և հավատը, թե սրանք էլ կորցնենք, վայն է եկել մեր օրին: Հայոց լեզուն իմ առջևից փախչում էր Կրեսոսի նման, երեսուն տարվա փակ բերանս Աղասին բացեց։
Մի էջ էլ դեռ չէի գրել, երբ իմ մանկության սիրելի բարեկամ և ազնիվ հայորդի պարոն դոկտոր Աղաֆոն (Աղաբեկ) Սմբատյանը ներս մտավ։ Ուզում էի գրածս ծածկել, չկարողացա: Ինձ համար Աստված էր նրան ուղարկել հենց այդ ժամանակ, նրա ջանին մեռնեմ։ Ստիպեց, որ կարդամ. բարեկամից ի՞նչ թաքցնեի: Սիրտս դողում էր կարդալիս, մտքում ասում էի, թե հենց հիմա նա որտեղ որ է կսկսի գլուխը շարժել, հոնքերը կկիտի մյուսների նման և իմ ապուշության վրա էլ մտքում կծիծաղի, եթե ոչ բացեիբաց: Բայց վատը ես էի, դ դեռ նրա ազնվական հոգին լավ չէի ճանաչել։ Վերջացնել թվում էր` թուրը եկել է ոսկորին դեմ առել, երբ բարեկս ասաց. «Եթե այդպես շարունակեք, շատ հիանալի գործ կդառնա»: Ուզում էի տեղիցս թռչել նրա բերանը, այն քաղցր բերանը համբուրել: Նրա սուրբ բարեկամությանն եմ պարտական, որ մունջ լեզուս բացեց։ Երբ նա գնաց, մարմինս կարծես կրակ դարաձավ։ Առավոտյան ժամը տասն էր, այլևս հաց, կերակուր չհիշեցի: Երբ ճանճն անցավ–թռավ իմ առջևից, ուզում էի սատկացնեմ, այնպես էի կրակվել:
Հայաստանը հրեշտակի պես առջևս կանգնել, ինձ թև էր տալի։ Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ այնպես էին կենդանացել, էլ աշխարհը միտքս չէր գալիս։ Ինչքան խուլ, կորած մտքեր ունեի, բոլորը բացվել ու հետ էին եկել: Նոր էի հասկանում, որ գրաբարը և այլ լեզուները մինչև այս պահը միտքս փակել, կապանքել էին: Ինչ որ ասում էի կամ գրում մինչև այդ ժամանակ գողացած կամ հնարած բաներ էին, որի պատճառով էլ, թե մի քանի տող էլ գրում էի, քունս էր տանում կամ ձեռքս հոգնում: Գիշերվա մինչև ժամը հինգը ոչ հացի նստեցի, ո՛չ թեյի. չիբուխն էր իմ կերակուրը, գրելը` իմ հացը:
Տնեցիների նեղվելուն, խնդրելուն կամ խռովելուն այլևս ուշադրություն չէի դարձնում: Երեսուն մեծադիր թերթ լցվել էր, որ բնությունն իր պարտքը պահանջեց, աչքերս գնացին: Ամբողջ գիշեր ինձ այնպես էր թվում, թե նստած գրում եմ: Երանի կլիներ ինձ, եթե այդ մտքերը ցերեկը գային:
Սիրելի՛ ընթերցող, չնեղանաս, որ խոսքս այդքան երկարեց։ Այն պատճառով եմ դրանք հիշում, որ իմանաս, թե ազգի սերն ի՞նչ համ ու հոտ ունի, ի՞նչ զորություն։ Այն օրվա առավոտը թող նույնիսկ իմ թշնամու տանը չպատահի, ինչ ես տեսա : Աչքերս բացում եմ և իմ խեղճ, պանդուխտ գերմանացի կնոջ ձայնն է հասնում ականջներիս: Տեսնում եմ՝ միակ որդիս նրա գրկին, և այնպես է արտասվում, որ քարերն էլ կմղկտային: Ծառան ու սպասավորը` փայտացած կանգնել են սենյակի անկյունում ու կարեկցանքով ինձ են նայում։ Ո՞ւմ սիրտն այդ պահին չէր պայթի: Ես խենթի նման անկողնուց թռա, երեխային եմ նայում, փառք Աստծո, ողջ է, առողջ աղաչում եմ կնոջս` ուշքի գա: Ի՞նչ էր եղել, չէի հասկանում։
«Անաստված, ինձ սպանեցիր, այս ի՞նչ բերեցիր մեր գլխին»,— վերջապես լսում եմ կնոջս ձայնը: Ծառաներն էլ մի կողմից են ինձ հանդիմանում։ Վերջապես պարզվում է, որ ամբողջ գիշեր զառանցել, գոռացել, ախ քաշել, խոսել, տնեցիք ինչ որ հարցրել են, միշտ էլ ոչ թե գերմաներեն, այլ հայերեն եմ պատասխանել, հազար տնսակ վայրիվերո բաներ ասել, հետո նորից շարունակել իմ կռիվը։ Մինչև ժամը ինն այս վիճակում ես իմ քեֆն եմ արել, նրանք` իրենց սուգը, և ինձնից ձեռք են քաշել։ Այն առավոտ, ամբողջ շաբաթ և մի ամիս շարունակ, այսօր էլ իմ միակ փափագս այն է եղել, որ գնամ մի իշխանի ոտքն ընկնեմ, ասեմ` ինձ մի կտոր հաց տա, ու ես գիշեր–ցերեկ գյուղեգյուղ ընկնեմ և մեր ազգի պատմությունները հավաքեմ, գրեմ:
Թող ինձ այսուհետև տգետ կանչեն, լեզուս բացվել է, իմ ընտիր, իմ անգին, իմ սիրելի ազգ: Թող տրամաբանություն գիտցողն իր շրջանակի համար գրի, ես` քո կորած, շվարած որդին` քո մասին, քեզ համար:
Ո՛վ թուր ունի, թող նախ իմ գլխին խփի, իմ սիրտը խրի, ապա թե ոչ` քանի բերանումս լեզու կա, մարմնումս` սիրտ, ես լեղապատառ ձայն կտամ,
«Այդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»:
Միայն թե դու, դու, իմ պատվական ազգ, քո որդու արածը, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունես, ինչպես հայրն իր մանկան կմկմալը, որ աշխարհի հետ չի փոխի: Երբ կմեծանամ, խրթին լեզվով էլ կխոսենք։ Աղասին քո փոքր որ- դին է, նրանից ավելի մեծ, ավելի անվանի շատ ունես, ինձ սիրտ տուր, արևի՛դ մատաղ, տես, թե ի՞նչ ձևով եմ գնում, նրանց բերում, առջևդ կանգնեցնում, որ դու էլ զարմանաս, թե այդպիսի զավակներ ունեցողն աշխարհում էլ ի՞նչ վիշտ կանի: Երեսս ոտքիդ տակ: Տուր այդ սուրբ ձեռքդ նորից համբուրեմ, որ ինձ ներես, ու գնանք մեր սիրուն Աղասու մոտ:
Արդի արևելահայերենի փոխադրումը՝ Արսեն Սարգսյանի
Աղբյուրը՝ Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի, Երևան, Զանգակ, 2022։