1881 թ. հոկտեմբերի 25-ին է ծնվել աշխարհի ամենահայտնի նկարիչների մեկը՝ Պաբլո Պիկասոն: Հակասական վարք, ստեղծագործական երկարատև ու արգասաբեր ընթացք, մեծ ու փոքր հեղափոխություններ գեղանկարչության մեջ...այս ամենը Պիկասոյին դարձրին իսկապես համաշխարհային նշանակության արվեստագետ, որի գործերը մինչ օրս էլ հիացնում են մարդկանց, քննարկումների առիթ տալիս: Ուշագրավ է, որ Պիկասոն որոշակի շփումներ է ունեցել նաև ժամանակին Փարիզում ապրած Երվանդ Քոչարի, նաև Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հետ: Այդպիսի հանդիպումներից մեկի մասին Վիգեն Իսահակյանը պատմում է իր «Հայրս» հուշագրության մեջ:
«Դեպի Սենա գետը տանող փողոցները լիքն էին մեծ ու փոքր պատկերասրահներով, որտեղ ցուցադրվում ու վաճառվում էին փարիզյան նկարիչների գործեր։ Մի օր այցելեցինք սյուրռեալիստների մի մեծ ցուցահանդես, որին մասնակցում էին Պիկասոն, Դալին, Պիքապեան, Մաքս Էռնստը, դե Կիրիկիոն և շատ ուրիշներ։ Քոչարը թեպետ դեռ լայն ճանաչում չէր գտել, սակայն վայելում էր արվեստագետների համակրանքը, ինքն էլ խորապես համակրում էր սյուրռեալիստական շարժմանը։ Զարմացած նայում էինք Սալվադոր Դալիի կտավները. ինքն էլ, ոտից–գլուխ սև հագած, նրանց կողքին կանգնած էր։ Նայեցի՝ շապիկն ու փողկապն էլ սև էին, միայն բաճկոնի կրծքագրպանից մի սպիտակ թաշկինակ էր երևում։
Քոչարը բարևեց, իրար ճանաչում էին. Դալին գնահատում էր Քոչարի որոնումները։ Ես շարունակում էի դիտել։ Դալին երիտասարդ էր, հազիվ 24–25 տարեկան, նիհար, բարձրահասակ, սև, փայլուն մազերով նմանվում էր ավելի շուտ արգենտինացի պարողի, քան մի անվանի նկարչի։ Դալին դեռ չուներ իր հռչակավոր վեր ցցված, երկայն բեղերը, որով նրան նմանեցնում էին Վելասկեզին։ Կեցվածքը բնական ու պարզ էր, համեստ։ Տակավին չուներ այն ինքնահավան տեսքը, որը բերեց նրան համաշխարհային ճանաչումը, հարստությունը։ Խոսելու ժամանակ ձեռքի երկար, սև, փղոսկրե գլխով գավազանով զանազան տարօրինակ շարժումներ էր անում, որոնք կարող էին նշմարել տալ գալիք արտասովոր տարօրինակությունները։ Դալին գրողներ Արագոնի, Անդրե Բրետոնի, Պոլ Էլյուարի հետ սյուրռեալիզմի հիմնադիրներից էր։
Քոչարը մոտեցավ նրան, ուզեց շնորհավորել այն մեծ ներդրումների համար, որով նա փառավորել էր սյուրռեալիստական շարժումը, սակայն Դալին զսպեց նրան և հպարտ, անժխտելի կերպով ասաց.
— Զուր տեղն են ինձ հարակցում սյուրռեալիստական շարժմանը, սյուրռեալիզմը ես եմ,— և կրունկների վրա շրջվելով՝ հեռացավ։
Մենք շարունակեցինք հետաքրքրությամբ դիտել նրա ստեղծած կտավները։ Նրանք արտահայտում էին երազի զորությունը, կտավների վրա իրացված էին մտավոր պատկերների ամբողջապես ազատ զուգորդություններ։
Եվ այս ամենը նկարված էր այնպիսի վարպետությամբ, այնպիսի բարդ տեխնիկայով, որ, իրոք, արժանի էր իր հայրենակից ամենահանճարեղ նկարիչների՝ Վելասկեզի, Գոյայի, ինչպես և Լեոնարդոյի, Ռաֆայելի, Դյուրերի և մանավանդ Երոխիմ Բոսխի հետ նույն շարքում դասվելու։
Մի շքեղ ինքնաշարժ կանգ առավ ցուցահանդեսի դռանը. Պիկասոյի սեփական ինքնաշարժն էր՝ իր վարորդով։ Պիկասոն հարստանալով, փոխել էր իր թաղամասը, վարձել էր մի շքեղ արվեստանոց Գրան օպերայի մոտակայքում, գալիս էր Մոնպառնաս հարուստ օտարականի նման։ Նա իջավ մեքենայից, և ներկաների ուշադրությունն անմիջապես սևեռվեց նրա վրա։ Ես ուշադիր զննում էի նրան. միջահասակ էր, թիկնեղ, աշխույժ շարժումներով, հագել էր մուգ կոստյում, վզին փաթաթել բրդյա, երկար վառ կարմիր վզնոց, որի ծայրը գցել էր մեջքին։ Առանց գլխարկի էր, մազերի գույնը՝ սև սաթ։
Պիկասոն արագորեն նայեց ներկայացրած կտավները, մոտեցավ Քոչարին, ձեռքը սեղմեց։ Ես նայում էի նրա սև, ծակող աչքերին։ Նրա՝ գնահատողի խելամիտ հայացքը կարծես ուզում էր ասել. «Դուք ինձ չեք մոլորեցնի, ես ամեն ինչ գիտեմ…»։
Պիկասոն տեղյակ էր Քոչարի «պենտյուր դան լ’էսպասի» որոնումներին և ցուցաբերում էր իր հետաքրքրությունը։
Ինչպես գիտենք, 15 կամ 20 տարի հետո Պիկասոն էլ ունեցավ իր «նկարչություն տարածության մեջ» կարճ ժամանակաշրջանը։ Նկարում էր կոմպոզիցիաներ մետաղյա շարժական կոնստրուկցիաների վրա, որոնք ընդհանուր շատ բան ունեին Քոչարի «պենտյուր դան լ’էսպասի» հետ, բայց սա եղավ Պիկասոյի համար մի կարճատև, անցողիկ շրջան, ինչպիսին նա ունեցել է իր ստեղծագործական կյանքում բազում անգամներ։
Պիկասոն փոխանակեց Քոչարի հետ մի քանի սովորական խոսքեր, տպավորություններ ցուցահանդեսից, հետո իմ կողմը դարձավ և հարցրեց ֆրանսերեն՝ մի սարսափելի իսպանական առոգանությամբ.
— Իսկ դո՞ւք, երիտասարդ, դո՞ւք էլ եք նկարիչ։
— Ոչ,— շփոթված, պատասխանեցի ես,— բայց սիրում եմ նկարչությունը։
— Իսկ իմ արվեստը սիրո՞ւմ եք,— հարցրեց Պիկասոն։
Ես ավելի շփոթված ասացի.
— Այո, իհարկե, բայց սիրում եմ նաև ինձ ավելի հասկանալի նկարիչների արվեստը։
— Որո՞նց,— կտրուկ հարցրեց Պիկասոն աչքերի մի խորամանկ առկայծումով։
— Ռենուարին կամ էլ Թուլուզ–Լոտրեկին,— պատասխանեցի ես։
Պիկասոն բավարարված ժպտաց. տվածս անունները նրա ժամանակակիցները չէին, և ասաց.
— Ես էլ եմ սիրում նրանց։
Եվ հրաժեշտ տալով՝ հեռացավ։
Միշտ պիտի պահեմ հիշողությանս մեջ նրա սատանայական աչքերը և սարսափելի իսպանական առոգանությունը»։