ՀԻՇԻՐ ՆՇԱՆԱԲԱՆԸ
Կարևոր է հիմա
դուրս գալ ամեն օր,
դուրս գալ փողոց,
թափառումի տեսքով
շրջել
մայթերին,
գործարաններում,
հերթերում
ու դիտել մարդկանց
Ահեղ դատաստանի օրվա
սպասման մեջ։
Կարևոր է նաև լինել
արվարձաններում և
հիշեցնել մարդկանց
նշանաբանը, որ
մոռացած կլինեն
աշխատանքի ծանրության տակ։
Նկարիչների միությունում բացվեց լուսանկարիչ Սամվել Սևադայի «Լույս՝ ստվերների մեջ» մեծ ցուցահանդեսը։ Լուսանկարչի տարբեր տարիներին արված նաև նոր, հայտնի ու անհայտ բնանկարներն ու դիմանկարները ներկայացվեցին նոր ու անսպասելի համադրություններով, պատկերային ու իմաստային հետաքրքիր զուգորդումներով։ Լույսի ու ստվերների խաղը, լուսանկարների ու գեղանկարների ընդգծված բանաստեղծականությունը, հիշեցրին Սամվել Սևադայի բանաստեղծությունները։ Art365-ը ցուցահանդեսային ակնթարթները ներկայացնում է նկարչի՝ «Կույսի համաստեղություն» գրքում ընդգրկված բանաստեղծությունների ուղեկցությամբ։
ՉԱՍՎԱԾ ԽՈՍՔԵՐ
Երբ ցրվի մշուշը
մոռացության, և իմ
հիշողության ոսկյա
սարդոստայնում թպրտա քո
հայացքը, ուրեմն
դեռ ոչինչ կորած չէ, սիրելիս:
Երբ իջնի երեկոն մեր
հուշերի վրա, կհասկանաս
հանկարծ, որ ներել ես
վաղուց, և ոչ քեն կա
սրտում ու ոչ նույնիսկ
կարոտ։
Միայն չասված խոսքեր,
որ մաշվել են վաղուց՝
մտքում երկար կրկնելուց։
ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
Ամեն սար իր եկեղեցին ունի։
Ամեն եկեղեցի իր հոտն ունի։
Ամեն հոտ իր հովիվն ունի։
Ամեն հովիվ էլ իր շունն ունի։
Ամեն շուն պահպանում է իր գառներին:
Շեն է էն երկիրը,
ուր հավատավոր է հովիվը,
հավատարիմ են շները
և իրենց գառների հետ են
բարձրանում դժվարին սարն ի վեր...
ՓԱԿԱԳԾԵՐԸ ՔՈ ԼՌՈՒԹՅԱՆ
Շուրթերդ փակ են,
աչքերդ են խոսում,
ձայնիս երկչոտ հետագիծը
անզոր է բացել լռության
փակ շղթան:
ժպիտիդ մանրէները
վախից թաքնվել են
շուրթերիդ անկյուններում
և լուռ սպասում են իրենց
պահին, որ ծաղկեն
ու բոցկլտան:
Բա՛ց շուրթերդ, սիրելիս,
թող նրանք թևածեն հանց
թիթեռ, ծնված լուսաբացին..․
ՄԵԿՆԻՐ ԳԻՇԵՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Երբ երեկոն իջնում է
արվեստանոցում, ու
պատկերներն ընկղմվում
են սև լույսի մեջ, շուրջը
ամեն ինչ նոր իմաստ է
ստանում, ծաղիկները
դադարում են արտաշնչել,
նկարները լեզու են
առնում։
Ու եթե դիմանաս այդ
խոսուն լռությանը՝ շուտով
խելքդ կթռցնես:
Դրա համար
լավ է պառկել կռնակի
վրա խելոք, հորիզոնական
դիրքով, անկյունում,
թախտի վրա,
աչքերդ բաց՝ առաստաղին
հառած, ու մտածել ջահել
օրերի մասին, որ անցան
երազում,
երբ նույն դիրքով պառկած
աստղերի տակ՝
փորձում էիր մեկնել
գիշերվա խորհուրդը
խորին.․․