«Չարենցի մեջ ինձ առանձնապես դուր էր գալիս նրա խանդավառ հայրենասիրությունը, արվեստը նուրբ ու խորը
ընկալելու նրա ունակությունը: Նա գեղանկարչության պատմությունը գիտեր մասնագետի նման և որ առանձնապես կարևոր է, զգում էր գեղանկարչությունը՝ դա նրա վեցերորդ զգայարանն էր», -հիշում է Մարտիրոս Սարյանը:
Չարենցն ու եգիպտական դիմակը
«Ու թերևս այդ ամենն էր պատճառը, որ դեռ 1923-ին ես Չարենցի դիմանկարն արեցի: Նկարի համար ֆոն ծառայող կապույտ թաշկինակի վրա ես կախեցի իմ սիրած եգիպտական դիմակը: Դժվարանում եմ ասել, թե ի՞նչու Չարենցի հետ կողք-կողքի նկարեցի դարերի խորքից եկող այդ դիմակը: Հաճախ արվեստագետը, ներքին խոյանքի ենթարկվելով, ստեղծագործության մեջ ներդնում է մինչև վերջ չգիտակցված և չմտածված մի բովանդակություն, որը բացահայտվում է տարիներ հետո միայն: Կարևորն այն է, որ եգիպտական դիմակը Չարենցին էլ դուր եկավ: Ըստ երևույթին, հին եգիպտական արվեստի այդ բարձրագույն նվաճման մեջ, ինչպես կիզակետում համընկան մեր գեղարվեստական ճաշակները:Դիմակի աչքերը, որոնց մեջ հավերժի պաղությունն էր արտացոլվում, հակադրվելով Չարենցի կենդանի, իմաստուն աչքերի հետ՝ շեշտում էին դրանց անհուն խորությունը» -գրում է Մարտիրոս Սարյանը:
Վարպետը հետագայում մանրամասն հիշում է, թե ինչպես են նրանք հանդիպել Աստաֆյան փողոցում, ինչպես են պայմանավորվել հաջորդ օրը՝ կիրակի հանդիպելու և աշխատանքը սկսելու: Սակայն Չարենցը տրամադրված չի լինում, ինչը խանգարում է Վարպետին նկարել: Նա աշխատանքը դեռ չսկսած կիսատ է թողնում և հորդորում բանաստեղծին հանդիպել հաջորդ օրը և շարունակել: Չարենցը դժկամությամբ, մի քիչ նեղացած, համաձայնում է և հաջորդ օրն արդեն Վարպետին բոլորովին այլ Չարենց է ընդունում.
«Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը, ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է: Մազերը սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը»
Նկարը Վենետիկում
Ստեղծումից մեկ տարի անց՝ 1924 թ. Եղիշե Չարենցի դիմանկարը Մարտիրոս Սարյանի՝ «Հայաստան», «Լեռներ: Հայաստան», «Գունագեղ բնանկար», «Երևան» (1924), «Արևոտ բնանկար» (1923), «Կեսօրյա անդորր», «Նատյուրմորտ» և այլ կտավների հետ միասին ցուցադրվել է Վենետիկի 14-րդ միջազգային Բիենալեում: Ցուցադրության հայկական բաժինը և հատկապես Սարյանի նկարները առաջացնում են օտարերկացիների հիացմունքը: Այս մասին վկայում է նաև այդ օրերին Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանը.
«Ամենից շատ ուշագրավ են պ. Սարտիրոս Սարյանի նկարները: Սոսկվայից եկած ռուս ներկայացուցիչները կես-լուրջ, կես-կատակով ինձ ասացին, թե՝ ձեր հայրենակիցն է record-ն առնելու, և իրավ, բացման օրն իսկ հանդիսականներից շատերի ուշադրությունը կենտրոնացավ նրա նկարների վրա»:
Միջանկյալ
Եղիշե Չարենցի դիմանկարի խորհրդավոր դիմակն ու մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնին էլ նկարել է բանաստեղծին նկարիչը պահվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Մտերմություն և աշխատանք
Չարենցին ու Սարյանին կապել է անձնական համակրանքն ու մտերմությունը, նաև համատեղ աշխատանքը: Սարյանը Չարենցի երեք ճեպանակար է նկարել, նաև նկարազարդել է նրա «Երկիր Նաիրի» վեպի ռուսերեն հրատարակարությունը:
Չարենցի սարյանական ճեպանկարները պահվում են բանաստեղծի թանգարանում, իսկ դիմակով գեղանկարը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:Երկու մեծերը միասին աշխատել են 1930-ականներին՝ Հայաստանի պետական հրատարակչությունում՝ Հայպետհրատում, որտեղ Եղիշե Չարենցը գեղարվեստական բաժնի վարիչ էր:
«Ինքը հայրենիքի զինվորի հոգեբանություն ուներ և նույնը պահանջում էր շրջապատից: Ամեն ինչ և ամենքին, հենց իրեն գնահատում էր այդ հոգեբանությամբ: Գիտեր վարակել, ոգեշնչել ու գործի մղել: Հիշում եմ, օրինակ, թե ինչպես էր վարում Պետհրատի գրական բաժինը...Չարենցը մոլի գրասեր էր ու գիրք լավ էր հասկանում: Զարմանալի նուրբ դիտողություններ կաներ ձևավորողին, տեխնիկակական խմբագրին, կազմարարին, կարճ ասած, բոլորին ովքեր կապ ունեն գրքի ստեղծման հետ», -գրում է Մ. Սարյանը:
Դիմակով նկարի ճակատագիրը
Այդ նկարը հրաշքով է փրկվել ու մեզ հասել, քանի որ 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են ժողովրդի թշնամի հռչակված հայ մտավորականների 12 դիմանկար, որոնք հեղինակել էր Մարտիրոս Սարյանը: Փրկվում է միայն Եղիշե Չարենցի դիմանկարը, որ թաքցնում են թանգարանի աշխատակիցներ՝ Նշան Մուրադյանը և Պարգևուհի Սիմոնյանը:
Չարենց լեգենդը
«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան: Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են: Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով՝ մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի ներկապնակս մաքրել՝ վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին․
-Այ մարդ, էս ո՞նց ես աշխատում։ Այսքան էլ արագ աշխատել կլինի՞»:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Մարտիրոս Սարյան, Արվեստի մասին, Երևան, 1986:
Ռուզան Սարյան, Մարտիրոս Սարյանը Վենետիկում (1924 թ.), «Գրականագիտական հանդես», 2009: