2024 թ․ հունվարի 24-ին լրանում է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը։ Այս նշանակալի հոբելյանին ընդառաջ Art365-ը սկսում է «Սևակն ափի մեջ» նախագիծը, որի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում տարբեր նյութերի միջոցով կներկայացնենք Սևակ մարդուն ու բանաստեղծին, գիտնականին ու հասարակական գործիչին, մտավորականին, ում ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության ու իրականության վրա։
Սևակի մայրը
Այս շարքի առաջին հոդվածում ներկայացնում ենք Պարույր Սևակի մանկության ու պատանեկության դրվագներ, որտեղ երևում է նրա վերաբերմունքը մոր նկատմամբ, ապա նաև հայ գրականության մայրերգության ամենասիրված ստեղծագործությունների մեկը՝ «Մոր ձեռքերը»։
Պարույր Սևակի մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982 թթ․) բանաստեղծի վկայությամբ անգրագետ, սակայն նրբազգաց ու իմաստուն կին էր։ Մորը, թեև անհանգստացրել է որդու ուսման անհագ ծարավը, սակայն հենց մայրն է ներշնչել Պարույրին ու առաջ մղել․
Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը «ս»-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. «Բա «ս» գրել էլ չգիտե՞ս»: Չգիտեր ու չգիտի... Այդ պատճառով չէ՞ր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա, -հիշում է բանաստեղծը «Անցյալը ներկայացած» ակնարկում։
Քչերը գիտեն, որ Պարույր Սևակը մինչև 5 տարեկան իր հորն ու մորը կոչել ամի ու ազի։ Բանն այն է, որ Սևակի հոր Ռաֆայելի ավագ եղբայրը երեխա չի ունեցել և նահապետական սովորությամբ նա որդեգրում է եղբոր երեխային։ Միայն 5 տարի անց Պարույրին վերադարձնում են իրական ծնողներին և բացահայտվում է ճշմարտությունը։
Մեկ այլ առիթով մոր մասին ասում է․
«Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում: Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով: Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դիզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը: Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը: Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»:
«Գիքորը» գրողի պես մարդը
Բանաստեղծ հիշում է, որ ընթերցանության նկատմամբ իր մեծ սերը վախեցնում էր ծնողներին, քանի որ մտածում էին, որ շատ կարդացողը կխելագարվի և կկրկնվի Սևակի պապի ճակատագիրը, որն ըստ գյուղացիների գժվել էր շատ կարդալուց․
Եվ, հավանաբար, պապական այդ արյունն էր շրջում մեջս՝ ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ «շատ կարդալուց կգժվեմ»: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի «գժվելու» ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.
-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ:
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես:
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը:
-Բա ո՜նց:
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ...
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ:
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ էր: Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ:
Մայրերն ու Աստված
Այստեղ էլ բանաստեղծը տալիս է մոր իր ընկալումների նաև մայրերգության համար բնութագրական մոր ու Աստծո հարաբերության սահմանումը․
Ես՝ գաղտնիքս մեծ - ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ո՛չ թե երազում էի, այլ համոզվա՛ծ էի), որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված: Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես...
Մոր ձեռքերը
Պարույր Սևակի ստեղծագործական վերելքը նշանավորող «Նորից քեզ հետ» գրքի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը Սևակի ամենասիրված գործերից է։ Այն գրվել է Մոսկվայում 1955 թվականի հոկտեմբերի 30-ին, և ընդգրկվել 1957-ին տպագրած այս ժողովածուի «Ծուխ ծխանի» շարքում:
Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող - լվացք անող,
Անվերջ դատող - անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը...