Դարեր շարունակ հայ և համաշխարհային արվեստում ներկայացվել ու գովերգվել է Սուրբ Մարիամ Աստվածածինը: Նրա կյանքի տարբեր դրվագները՝ Ավետում, Փրկչի Ծնունդը, Վերափոխումը պատկերվել են որմնանկարներում ու մանրանկարներում, փառաբանվել շարականներում, տաղերում ու բանաստեղծություններում: Սուրբ Աստվածամոր երկրային կյանքի վերջին դրվագը՝ Վերափոխումն է:Ըստ եկեղեցական ավանդության Համբարձումից առաջ Քրիստոս խոստանում է, որ նրան չի թողնի.
«Խաղաղություն քեզ, քաղցր մայր իմ: Մի՛ տրտմիր, քանի որ Ես Հորս մոտ եմ բարձրանում և քեզ չեմ թողնի, մարգարի՛տ Իմ, չեմ թողնի քեզ, տիեզերքի արեգա՛կ, անթառամ ծաղի՛կ, չեմ թողնի անարատ և աննենգ բնությունդ, ամբողջ աշխարհում ամենահավատարմիդ, Իմ սրբության անքակտելի տապանակիդ, բոլոր արարածների գանձիդ: Առագա՛ստ Իմ անճառելի մարդեղության և բանավոր խորա՛ն՝ Իմ անհաս տնօրինության, չեմ անտեսելու քեզ արհամարհելով, այլ ինչպես որ քեզ հանձնեցի Իմ հավատարիմ ու սիրելի աշակերտին, մի փոքր ժամանակ Իմ ընտրյալ աշակերտների հետ եմ թողնում, որպեսզի քեզ տեսնելով սփոփվեն»
Խաչելությունից հետո Տիրամայրն ապրում է 15 տարի՝ Հովհաննես Ավետարանիչի խնամքի ներքո: Վերափոխումից օրեր առաջ, Տիրամորն այցելում է Գաբրիել Հրեշտակապետը՝ ինչպես Ավետման դրվագում, սակայն այս անգամ տալիս հոգևոր ծննդի՝ երկինք բարձրանալու ավետիսը:
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման պատմությունը ներկայացվում է նաև «Հայսմավուրք» ժողովածուում, որից մի հատված ենք մեջբերում՝ Տիրամոր Վերափոխման պատկերագրության հայտնի նմուշների ուղեկցությամբ.
«Երբ հասավ ամենասրբուհու` մարմնավոր կյանքից դեպի հանդերձյալը փոխվելու ժամանակը, ինչպես օրեր առաջ Գաբրիել հրեշտակապետն իջավ նրա մոտ և հղության ավետիսը տվեց, նույն Գաբրիել հրեշտակապետն էլ ավետեց Սուրբ Կույսի` երկրից երկինք փոխադրվելու լուրը: Բերկրեց և զվարճացավ նրա հոգին: Եվ ելնելով սկսեց շրջել և աղոթել Քրիստոսի տնօրինական վայրերում: Եվ դարձյալ 13 օրից հետո եկավ Գաբրիելը և խոնարհվելով ողջունեց Տիրածին Կույս Մարիամին` ասելով. «Ուրախացիր բերկրեալդ կանանցից, քանզի կանչում է քեզ մեր Արարիչը` քո Միածին Որդին»:
Եվ պսակեց Սուրբ Կույսի գլուխը Ադամի Դրախտից բերած բրաբիոնե պսակով: Ամենասուրբ Կույսի համար ծաղիկներից և արմավենու ոստերից հյուսված բրաբիոնի պսակը իր` երկրից երկինք փոխադրման ավետիսն եղավ: Մանավանդ որ հետո այն բժշկության և հրաշքների աղբյուր եղավ: Ապա ելավ Ձիթենյաց լեռը աղոթելու, և ամբողջ բույսերը և ծառերի տունկերը խոնարհվելով երկրպագում էին նրան: Այսպես էր աղոթում Աստվածածինն և ասում. «Դու, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո Հայր Աստծո Որդի և իմ ` մոր Քո աղախնիդ` Տեր իմ Միածին,Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որ Քեզանով ավանդեմ իմ հոգին»:
Այնժամ երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Չեմ թողնի քեզ, Մայր իմ Տիրուհի և կկատարեմ քո խնդրանքները»: Եվ աղոթքից ելնելով` ամենօրհնյալ Մարիամը երեք օր շրջեց, աղոթեց և երկրպագեց Աստվածորդու` իր Միածնի տնօրինական վայրերով` ունենալով իր հետ Սողոմեին` Հովհաննեսի մորը և Նիկոդիմոսի դստերը` Մարթային:
Տուն վերադառնալով` կանչեց իր մոտ ազգականներին և այլ սուրբ կանանց, ասաց նրանց վառել ջահերն ու ղամպարները և մնալ իր մոտ երեք օր: Եվ ապա սկսեց պատմել Աստծո փառքը: Իսկ մահվան մասին ասաց. «Երկու հրեշտակներ են գալիս մարդու հոգու ետևից` մեկը չար, մյուսը` բարի: Եվ եթե մեղավոր է հոգին, չար հրեշտակն է այն ժառանգում, և ուրախանում են դևերն այդ հոգու կորստյան համար: Եվ ցույց է տալիս չար հրեշտակը մեղավոր հոգու արդար դատաստանը և տանջանքների վայրը: Իսկ եթե արդար է հոգին, ժառանգվում է բարի հրեշտակին, և ցույց է տրվում նրան կենաց հարությունը և փառքի հանգստավայրը»:
Եվ մինչ պատմում էր, եկավ Հովհաննես ավետարանիչը, որ Քրիստոս էր քարոզում մերձակա գյուղերում և մենակ էր: Մտնելով ողջունեց և երկրպագեց Կույս Մարիամ Աստվածամորը, իսկ նա ընդունեց ողջույնն ասելով. «Բարի եկար որդյակ իմ և իմ Որդու սիրելի»: Պատմեց նրան իր փոխման մասին և ցույց տվեց իր թաղման տեղը հայրենի Գեթսեմանիի ձորում: Պատվիրեց նաև իր երկու հանդերձները տալ այն այրի կանանց, որ շրջեցին իր հետ փրկչական վայրերում: Եվ պատվիրեց Հովհաննեսին մատուցել աստվածային Պատարագը, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին և Արյանը, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը /…/թե. «Իմ ատամների մեջ իմ մարմինն ունեմ»:
Այնժամ Հովհաննեսը կանանց և Հիսուսի մայր Մարիամի հետ ելավ Վերնատունը և այնտեղ պատարագեց Հիսուս Քրիստոսին: Եվ մինչ գոհաբանական աղոթքներ էր մատուցում, իսկույն նրան ձայնակից եղան սուրբ առաքյալների դասերը, որոնց Սուրբ Հոգին ի մի հավաքեց ամբողջ աշխարհից, ուր գնացել էին Քրիստոս Աստված քարոզելու: Եվ այսպես տասը և յոթանասունը` յուրաքանչյուրն իր վիճակից Սուրբ Հոգու կանչով եկավ, հասավ Սբ Աստվածածնի ննջմանը: Եվ Պատարագի վերջին` սուրբ Հաղորդության ավարտին, երկրպագեցին սուրբ Աստվածամորը` մատուցելով հիսուսավանդ ողջույնը և ապա ողջունեցին միմյանց «ի համբոյր սրբութեան» և օրհնեցին Աստծուն իրենց` այս զարմանալի հավաքման համար: Հետո մտան Վերնատան մոտ գտնվող տունն Աստվածամոր: Եվ սուրբ Աստվածածինը ցույց տվեց նրանց բրաբիոնը, խոսեց իր ննջման մասին և ցույց տվեց իր հանգստի վայրը` Գեթսեմանի գերեզմանը: Այնժամ արտասվեցին սուրբ առաքյալները, սաստիկ լաց եղան և հիացած բրաբիոնի վայելուչ պայծառությամբ` գոհացան Աստծուց: Եվ ապա հրամայեց նստել, վառել ջահերն ու ղամպարներն, իսկ ինքը մտավ մահիճ. Պետրոսը նստեց սնարին, իսկ Հովհաննեսը` պատվանդանին: Եվ Պետրոսն սկսեց գովերգել կանանց մեջ ամենօրհնյալին` Մորն Աստծո: Աստվածամայրն իր հերթին փառավորեց և երանի տվեց Պետրոսին ` որպես «եկեղեցու հիմք և հավատի վեմ»..:
Առավոտյան սրբուհի Մարիամն արևածագի հետ վեր բարձրացրեց ձեռքերը, աղոթեց Աստծուն և ընկողմանեց մահճում: Իսկ սուրբ առաքյալներն գիշերային հսկումից և առավոտյան պաշտամունքից հետո շրջապատեցին սրբուհու մահիճը: Իսկ Հովհաննեսը վերցրել էր կիպարիսի մի տախտակ և փորագրել վրան Տիրամոր պատկերը և տվեց Պետրոսին, և Պետրոսն ու բոլոր առաքյալներն աղաչեցին Աստվածամորն ասելով. «Ով Տիրածին Կույս, որովհետև հանդերձյալն ես գնում` քո անձկալի Միածնիդ մոտ. վերցրու և օրհնիր այս պատկերը, թող այն նշան լինի հիվանդների առողջացման և մանավանդ, բորոտների համար: Որ նրանք, ովքեր ապավինեն քո բարեխոսությանը, գտնեն առողջություն և բժշկությունիրենց ցավերից, որովհետև տրտմություն է քո` մեր միջից փոխադրվելը, որովհետև քեզանով էինք մխիթարվում Քո Որդու և մեր Աստծո համբարձվելուց հետո: Որեմն, տուր մեզ քո պատկերը, որպեսզի քո փոխվելուց հետո նրանով մխիթարվենք»:
Եվ Աստվածամայրն իր ձեռքը վերցրեց պատկերը, խաչակնքեց և դնելով իր երեսի վրա`թրջեց արտասուքով և խնդրեց Աատծուն նրանով բժշկել բոլոր տեսակի ցավերը, առավել ևս`բորոտների պիսակները: Նույն այդ պահին լուսեղեն կամար եկավ սրբուհու վրա, ձայն լսվեց և ասաց. «Թող կատարվի քո կամքը, մայր իմ»: Եղավ ահագին որոտ, աստվածային անուշահոտություն բուրեց, և առաքյալներից բացի` բոլորը թմրեցին: Եվ օրվա երրորդ ժամն էր, երբ երկնային բազում զորքերով երկնքից իջավ Սուրբ Կույսի Որդին: Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը գալիս էին Նրա առջևից: Եվ այդ ամբողջ ժամանակ փայտյա պատկերը, որ սրբուհին ուներ իր ձեռքերում, դրեց իր հանդեպ հրեղեն կառքում կանգնած Աստվածորդու առջև, և Նա Իր աստվածային Աջով տեառնագրեց Իր Մոր պատկերը: Նրանք վերցնելով երկրպագեցին և տեսան, որ տախտակի վրա նկարվել է Աստվածածին Կույսի պատկերը` աչքերն ու հոնքերը, բերանն ու քիթը, գույնն ու կերպը` ամբողջովին կատարյալ:
Եվ տեսնելով մայրը Միածին Տիրոջն իր` Հիսուս Որդուն` գոհացավ Աստծուց և փառաբանեց Նրա անունը, որ կատարեց իրեն տված խոստումը: Ապա ամենամաքուր Կույսն Մարիամ զվարթերես ավանդեց սրբասնունդ հոգին իր Միածին Որդու և մեր բոլորին Ստեղծողի ձեռքը: Եվ Տերը` Քրիստոս, վերցնելով Իր Մոր հոգին` հանձնեց Գաբրիել հրեշտակապետին:
Եվ ով կարող է նկարագրել պայծառությունն Աստվածամոր հոգու, քանզի լույսից առավել սպիտակ էր, կատարյալ էր իբրև մարդ` ոչ էգ և ոչ արու` տասնհինգամյա պատանու նմանությամբ: Այս տեսնելով` առաքյալները զարմացան: Այնժամ Պետրոսը հիացմունքով դիմեց Տիրոջը. «Ամենայնի Տերդ իմ և Մոր քո Միածի Որդի, Քո անարատ Մոր հոգու պես որ մահկանացուի հոգին է, որ արձակվելուց հետո նման է պայծառ արեգակի»: Տերն ասաց Պետրոսին. «Ով Պետրե, ի սկզբանե բոլոր արարածների հոգիներն այդպես պայծառ ստեղծեցի, ինչպիսին Իմ Մորն էր, որ ցույց տվեցի, բայց մարդիկ ապրելով մեղքերով սևացնում և աղտեղի են դարձնում: Ով Պետրե, գնա Գեթսեմանի ձորը և այնտեղ պատրաստիր իմ Մոր գերեզմանը և երեք օր մի հեռացեք դրանից»: Հենց որ այս ասաց Տերը, այնժամ խոսեց Տիրամայրն առանց հոգու և ասաց. «Հիշիր ինձ, Տեր, որ ստեղծեցիր Քո անարատ ձեռքերով: Հիշիր ինձ, Տեր, որովհետև զգուշությամբ պահեցի քեզնից ինձ տրված իմ կուսության գանձը»: «Չեմ թողնի քեզ, իմ գանձերի գանձ, չեմ թողնի քեզ, Մայր Իմ սիրելի և մարդեղության առագաստ», — պատասխանեց Տերը:
Այս ասելով` Տերը վերացավ երկինք: Այնժամ Առաքյալների և սուրբ կույսերի հետ Սուրբ Կույսին մոտեցավ Հովհաննեսը և մաքուր կտավով պատեց անարատ Կույս Մարիամի աստվածաբնակ մարմինը:
Երբ դագաղ դրեցին, բրաբիոնե պսակը վրան դրեցին, և առաքյալներն Սուրբ Կույսին իրենց ուսերի վրա տարան և դրեցին տապանի մեջ: Լսում էին հրեշտակների երգեցողության ձայնը, բայց չէին տեսնում նրանց: Եվ Պետրոսն իր ձեռքին պահել էր Տիրամոր պատկերը, Հակոբոս Տեառնեղբայրը` Տերունական Խաչի սուրբ Նշանը, իսկ Թովմասը` խնկի բուրվառը: Եվ Պետրոսն սկսեց խորհրդաբար սաղմոսել. «Իսրայելին Եգիպտոսից հանելու համար, ալելուիա»: Եվ ողբաձայն` քաղցր ու անուշ եղանակով ամբողջ երկնավոր խումբը միաբանված` սաղմոսով ձայնակցում էին նրան:
Եվ Տիրամոր աստվածընկալ մարմինը առաքյալները սաղմոսներով և օրհնությամբ տարան և դրեցին տապանի մեջ և մնալով այնտեղ 3 օր` պահպանում էին: Եվ լսվում էր հրեշտակների փառաբանության խոսքերը: Իսկ երեք օր հետո` առավոտյան, բարձունքներից իջան անմարմին հրեշտակների զորքերը. նրանց հետ լուսափայլ ամպերի միջով եկավ Տերը մեր` Հիսուս Քրիստոս, և հրեշտակներն, առանց խախտելու Սուրբ Կույսի կնքված գերեզմանը, վերցնելով աստվածընկալ մարմինը բարձրացրին ամպերի մեջ: Իսկ Հիսուս վերցնելով միավորեց Իր Մոր և Կույսի մարմինն ու հոգին, տարավ նրան երկինք և բազմեցրեց Իր փառքի Աթոռի աջ կողմում...»
Վերափոխման պատկերաշարում, ինչպես և հայսմավուրքյան բնագրում է, Աստվածամայրը մահվան մահճում է, Քրիստոս բարուրի մեջ պատկերված մանկան տեսքով փոխադրում է նրան երկինք: Այս պատկերը խորհրդանշում է մարդու նոր, հոգևոր ծնունդը և Մարիամ Աստվածամոր մանկան մաքրությունն ու պայծառությունը: Քրիստոս բարուրը փոխանցում է հրեշտակներին, որպեսզի Տիրամոր հոգին երկինք տանեն:
Պատրաստեց՝ Հայկ Համբարձումյանը
Բնագրի աղբյուրը՝ Ամենօրհնյալ սուրբ Կույս Մարիամի վերափոխման պատմությունն ըստ Հայսմավուրքի