Երբ ես 18 տարեկան էի․․․ գրելը ավելի հեշտ էր ստացվում, բայց ավելի վատ։
Իսկ հիմա, այս անհասկանալի ու խառը ժամանակներում փակվել իմ ներսում ու փորձում եմ հասկանալ․․․ արժի՞ բացվել, թե՞ չէ. ավելի շատ չէ, քան հա։
Անցած-գնացած բաներ չեն լինում երևի․․․ Սա ոնց որ ես եմ գրել ու ոնց որ ճիշտ եմ գրել, ցավոք։
Իսկ կյանքը ավարտուն ֆիլմ կամ գիրք չի դառնում․․․ այդպես կիսատ էլ մնում է, ու մի կյանք էլ երևի պետք է, որ հասկանանք, թե ինչ եղավ այս կյանքում, ու գրենք դրա մասին։
Գրականությունը երեկ անում էր մի բան, որ գրականությունն այսօր․․․ չի կարող անել, որովհետև գրողները դառնում են ծրագրավորողներ, դառնում են ռեժիսորներ, սցենարիստներ, ռեփերներ։ Գրականությունը, կարելի է ասել, լայնանում է, բայց շատերս դա չենք զգում՝ դեռ գրքի մեջ փնտրելով այն, ինչ վաղուց կարելի է գտնել ուրիշ տեղ։
Ինչևէ, իմ միջի գրողը․․․ կարող էր և ավելի պրոդուկտիվ լինել, եթե նրան չխանգարեին իմ միջի երազողներն ու քննադատները։
Հայաստանն այսօր նման է․․․ միգուցե իր անցյալին, իրեն նման չէ ամեն դեպքում, իմ ճանաչած Հայաստանը չէ։
Իսկ ես անվերջ ու աննահանջ փորձում եմ․․․ ժամանակ ու տարածություն շահել մի քիչ իմ, մի քիչ էլ Հայաստանի համար։
Պարտություններն ու հաղթանակները հաջորդում են իրար, իրարով արժևորվում․․․ իրարով էլ արժեզրկվում։
Իսկ ազգային պարտությունները իմ նեղանձնային․․․ մղձավանջներն են, բայց դրանք տարօրինակորեն շատ ավելի պինդ են կապում ինձ այստեղի հետ։ Հայերեն խոսող փախստականից ծանր բան չէի կարող պատկերացնել։
Ներսումս տարածքներ են բաց ու ամայի, որ լցվելու են․․․ իմաստով ու պատասխանատվությամբ։
Հայրենիք մենք չենք ընտրում, ուստի․․․ պիտի ստեղծենք եղած հնարավորություններով, այս հարցով միշտ նայում եմ 88-ից 94 թվականներն իրենց ուսերին տարած սերնդին ու հասկանում, որ ավելի բարդ է եղել, բայց նրանց հաջողվել է պատվով դուրս գալ իրավիճակից, ու ամաչում եմ վհատվելուց։
Իսկ ակտիվ քաղաքացին այսօրվա Հայաստանում մի մարդ է, որը․․․ պիտի չստի, չների սուտը ու չհիասթափվի։
Այնքան պարզ թվացող բաներ կան, որոնք հեչ էլ պարզ չեն, բայց․․․ ամեն դեպքում միգուցե պարզ են, ուղղակի չեն հասկացվում, երևի ցավոտ են ու դուրներս չեն գալիս, դրանից է։
Իսկ գրող մարդուն մնում է․․․ մի քիչ ավելի բարձրանալ ֆեյսբուքի ստատուսչու մակարդակից ու փորձել ուրիշ հայացքով նայել տեղի ունեցածին։
Գրականությունը կյանքին նայելու․․․․ ամենահետաքրքիր միջոցներից մեկն է, ժամանակի հետ խաղալով՝ նոր կյանք ստեղծելու հազվագյուտ հնարավորություն։
Իմ միջի հայը․․․ այն օրը մենակով Յարխուշտա էր պարում տանը։
Իմ միջի գրողը իմ միջի հային․․․․ փորձում է ստիպել ապրել գրածով։
Երևանը մի քաղաք է․․․ որտեղ ապրել է Չարենցը։
Ինքնաոչնչացման ճամփան բռնում եմ մեկ-մեկ, որ․․․ վերջին պահին փրկվեմ ու վերգտնեմ ապրելու մղումս։
Թեպետ որքան փորփրես ներսդ, էնքան փորելու կա, ուստի․․․ ավելի լավ է շտապես, որ մի քիչ ավելի խորը գնաս, քան գնացել են մյուսները։
Աշխարհն այսօր հասել է մի կետի․․․ որից հետո գիծ ենք քաշելու, որովհետև ուրիշի ուղղակի խոսք է սկսվելու կարծես։
Իսկ զգացմունքայնությունը․․․ բերում է առողջական խնդիրներ․ իմ փորձից եմ ասում։
Մի լավ ֆիլմ եմ տեսել վերջերս, որ պատմում էր․․․ լրիվ ուրիշ մի բանի մասին, բայց ես իմ մանկությունն էի հիշել ու մոռացել ֆիլմի մասին։
Թեպետ վերջերս կարդացած ամենատպավորիչ գիրքը․․․ Դոստոևսկին էր գրել ու հանճարեղ էր գրել, բայց ես չկարողացա մինչև վերջ կարդալ, խանգարեցին իմ միջի դևերը։
Սիրո մասին են ի վերջո բոլոր կյանքերը․․․ սիրո ու մի քիչ էլ ապուշության։
Իսկ մահը երևի․․․ կգա անսպասելի ու կբռնացնի ինձ՝ կյանքից դեռ չհոգնած։
Իմ միջի մտածողը․․․ վերջերս մի քանի էսսե-հոդված գրեց մեր վիճակի մասին, բայց նախորդ հարցերից մեկի «իմ միջի հայը» այն չի հավանել ու նեղացել է։
Իմ միջի զգացողը․․․ լավ կաներ՝ մի քիչ համեստ պահեր իրեն իմ ներսում, որովհետև իմ միջի ստամոքսը ցավում է իր ծավալած բուռն գործունեությունից։
Իմ միջի մտածողն իմ միջի զգացողին․․․ բանի տեղ չի դնում մեկ-մեկ, ու դրա համար էլ հաճախ ինչ-որ կիսատ գործեր են արվում։
Բայց կարծում եմ, որ մտածելն ու զգալը այդքան էլ իրարից անջատ ու տարբեր բաներ չեն․․․ ավելի ճիշտ կլինի ասել՝ իրար շարունակող բաներ են, մտածելը զգացածը բացատրել փորձելն է նախորդ զգացածների արդյունքում կուտակած փորձով։
Ինչ ուզում է լինի՝ սերն է, սերն է մեզ առաջ տանում․․․ սերն ու դավաճանությունը։
Ամուսնությունը նման է․․․ ծնողներիդ՝ ընտանիք կազմելու սխալները ուղղելու փորձի։
Ազատություն կոչվածը մի բան է, որը․․․ շատ է գերագնահատված։
Իմ միջի սիրողը․․․ իրեն լավ է զգում, որովհետև սիրված է։
Իմ միջի ազատը․․․ մի գլուխ ուզում է ծխել ու քայլել աշխարհի բոլոր սիրուն քաղաքների փողոցներով, սուրճ խմել սրճարաններում․ շատ բան չի ուզում։
Իմ միջի սիրողն իմ միջի ազատին․․․ վնաս չէ։
Ծխելը վատ սովորություն է, վնասակար մի բան, բայց․․․ կերպարի մի մաս է, որից շատ դժվար է ազատվել։
Հայաստանում այսօր գրվում են գրքեր, որոնք բոլորը․․․ հերթով հայտնվում են իմ գրապահարանում։
Իսկ ես կարդում եմ․․․ ավելի քիչ, քան պետք է։
Գրականությունը, աշխարհը կանացիի ու տղամարդկայինի բաժանելը․․․ մեկ-մեկ շատ արհեստական է ստացվում ու ավելի շատ նման է ուղղակի դիրքավորելու, քան հասկանալու փորձի։
Ֆեմինիզմն իրականում․․․ սոցիալիզմից պոկված մի բան է, որը շատ լավ օգտագործում են կապիտալիստները, ինչպես սոցիալիզմից պոկված ցանկացած բան։
Սեքսիզմն էլ սովորաբար․․․ մեռնում է, երբ իրոք սիրում ես մեկին։
Թեպետ ֆեմինիստ, թե սեքսիստ․․․․ ես բոլորին էլ սիրում եմ, երբ լավ տրամադրություն ունեմ, ու բոլորին էլ ատում եմ, երբ տրամադրությունս ընկած է լինում։
Մարդը մարդու մեջ միշտ ու անվերջ փնտրում է․․․ հարազատություն ու հոգատարություն։
Իսկ ես գտել եմ մի բան․․․ որը, եթե շատ պարզեցնենք, կասենք՝ սեր է։
Կանգնել կանաչ դաշտում, կամ ծովի դիմաց, կամ սարի գագաթին, կանգնել անշարժ ու մտածել․․․ արժեր արդյոք գնալ հասնել այդտեղ մտածելու համար, հատկապես երբ տանը թուղթ ու գրիչ կա ու մի քիչ էլ երևակայություն։
Ասում են, կրիան ճանապարհի մասին ավելին գիտի, քան նապաստակը․․․ ու դա համարյա աքսիոմա է։
Կռիվներ էլ կան մարդու ներսում, որ դառնում են․․․ գրքեր, որոնք հանդարտեցնում կամ բորբոքում են կռիվներ միլիոնավոր մարդկանց ներսում։
Իմ միջի լուռը․․․ այնքան է հզորացել, որ ընկերներս մեկ-մեկ չեն ճանաչում ինձ։
Իմ միջի ըմբոստը․․․ ավելի ու ավելի է մտնում գրականություն ու հեռանում կենցաղից։
Իմ միջի լուռն ու ըմբոստը․․․ վերջերս համաձայնության են եկել, որ իրար հետ աշխատեն վեպիս վրա։
Պատերազմները, թվում է, 21-րդ դարում․․․ շատ ավելի լավ են լուսաբանվում, ինչպես և ցանկացած բան, բայց ավելի անբովանդակ են դարձնում մարդու տառապանքը։
Իսկ 2020-ի աշունը․․․․ դաժան գտնվեց մեր հանդեպ, հիմա պոստֆակտում մենք նայում ենք մեր անկախության սխալներին ու ինքներս մեզ համար կարծես փորձում արդարացնել մեզ հետ տեղի ունեցածը, իմաստավորել այն, բայց չեմ ուզի, որ երբևէ մտածենք, որ արժանի էինք սրան։
Իսկ 2021-ի հույսերը․․․ մեծ են, հոգսերն էլ՝ շատ։
Մենք մնացել ենք մեր օդում․․․ կախված, անպաշտպան օդում, իմիջիայլոց։
Հուզմունքը սրտիցս բարձրանում, լցվում է կոկորդիս մեջ, հայացքիս մեջ ամեն անգամ, երբ․․․ այս ամենից հետո լսում եմ Արցախի բարբառը։
Ու ես հեչ էլ չեմ վախենում․․․ կլիշեավորված մարդկանց կողմից չհասկացված լինելուց ու նրանց հարձակումներից։
Գիտեք, այսօր ես որոշել եմ․․․․ մի քանի էջ էլ գրել վեպիս համար։
Իսկ վաղը կգրեմ այն ամենի մասին․․․ ինչի մասին վաղուց պիտի գրած լինեի, բայց միշտ վախեցնում է միտքը, որ միգուցե վաղը ավելի լավ ձևակերպեմ։ Հուսանք՝ վաղը կլինի հենց այդ վաղը։
Հայ ժամանակակից գրականությունն էլ նման է․․․ ժամանակակից հայ հասարակությանը, ինչ ասես կպատահի, ու շատ տարօրինակ կլիներ, եթե ավելի լավը լիներ կամ ավելի վատը, քան հանրությունը, որի մեջ ստեղծվում է այն։
Ու եթե ուզում եք իմանալ, գրականագիտությունը, գրաքննադատությունը․․․․ շատ ավելի կարևոր բաներ են, քան ինձ թվում էր 18 տարեկանում։
Բայց և այնպես, ես փորձում եմ ադեկվատ մնալ այն բոլոր անադեկվատ իրավիճակներում․․․․ որոնցում ադեկվատ մնալը հաճախ շատ ծանր է ազդում նյարդային համակարգիս վրա։
Ես կառուցել եմ իմ չինական պատը, որ․․․ հասկանամ՝ ինչ բան է կառուցելը։
Ու պարիսպներիս ներսում նստած՝ փորձում եմ․․․ նայել փոքր անցքերից ու հասկանալ, թե ինչ կա դրսում։
Իսկ վաղը ես վեր կկենամ, կքանդեմ կառուցածս, որ․․․ հասկանամ՝ ինչ բան է քանդելը։
Այնուամենայնիվ ու այդուհանդերձ․․․․ կարելի էր ավելի լավ պատասխանել այս հարցերին։
Ես Նորայր Սարգսյանն եմ, ես․․․ իմ բնավորության գծերից ամենաբարձրը գնահատում եմ հետաքրքրասիրությունը։