Երբ ես 18 տարեկան էի... սկսեցի սովորել կիթառ նվագել:
Իսկ հիմա... այդպես էլ չսովորեցի նվագելը:
«Նեմրան» խումբ է, որը... անհրաժեշտ է ինձ և տարբեր մարդկանց:
«Նեմրա» նշանակում է... զգացմունք:
Ինձ ու խմբի մյուս անդամներին՝ եղբորս՝ Վասպուրին, և Մարիաննային միավորում է... երազանքը:
Լավ ռոքը նման է... ցանկացած լավ երաժշտության, ցանկացած ոճում:
Իսկ մեր երաժշտությունն այն մասին է... ինչի մասին որ կյանքն է:
Այսօր Հայաստանում... սարսափելի դժվար է:
Ես մասնագիտությամբ... տնտեսագետ եմ:
Մասնագիտությունս երաժշտության մեջ... խորտակվել է:
Ես դեմ եմ... ամեն ինչին դեմ լինելուն:
Ես ամենաշատ չեմ սիրում... քնել:
Բայց ամեն առավոտ արթնանալիս փորձում եմ... ավելի երկար քնել:
Երևանը մի քաղաք է, որը... ես շատ սիրում եմ, երբ քիչ մարդ կա:
Լավ երաժշտություն ստեղծվում է... երբ կարծում ես՝ էլ երբեք չես կարողանա լավ երաժշտություն ստեղծել:
Մեր գործերից ինձ ամենահարազատը... The past has passed-ն է:
Իմ միջի երաժիշտը... համերգների ծարավ է 2020-ից հետո:
Պարտությունները մեզ սովորեցնում են... գլուխ գովելու փոխարեն աշխատել, հզորանալ և ձգտել հաղթանակի:
Իսկ հաղթանակները... գնահատականն են մեր աշխատանքի:
Հայաստանը մի փոքրիկ երկիր է, որը... հաճախ ծնում է մեծ մարդկանց:
Իմ միջի հայը... փորձում է իր գործն անել լավ:
Երբ ռոք երաժիշտները կոտրում են իրենց կիթառները... ուրեմն ավելորդ ուշադրության կարիք ունեն:
Եվ այն կլիշեները, որ կան ռոք երաժիշտների մասին... ինձ համար ոչինչ են: Ես ժանրերի բաժանումն առհասարակ չեմ ընդունում, կամ երաժշտությունը հաճելի է, կամ՝ ոչ:
Թե այսօր The Beatles-ը լիներ, գուցե երգեր այն մասին, որ... մարդկանց զգացմունքներն ու ապրումները բոլոր ժամանակներում նույնն են, և իրենց երգերը միշտ էլ ակտուալ կլինեն, քանի դեռ մարդիկ զգացմունքներ ունեն:
Իսկ եթե ես ապրեի, օրինակ, Մեքսիկայում, գուցե... փախչեի Ամերիկա:
Եվ գուցե մի օր ես... անհետանամ:
Ռոքի լեգենդներից ամենալեգենդարն ինձ համար... Ջոն Լեննոնն է, երևի:
Կուզեի մի օր նույն բեմի վրա հայտնվել... իմ սիրելի երաժիտներից ցանկացածի հետ:
Իմ միջի երաժշտասերը... չի կարող ապրել առանց երաժշտության:
Բայց գիտեք, ինչ էլ լինի, կյանքում ամենակարևորը... սերն է:
Իսկ սերը, սերը... ամենակարևորն է:
Ինձ հաճախ են ասում... ամեն ինչ լավ կլինի:
Եվ թեպետ արտաքինից թվում եմ ինքնամփոփ... իրականում ճիշտ է թվում:
Ներքին փոթորիկներն ու կռիվները... գեղեցիկ են, երբ ծնում են երգեր:
Ինչ էլ լինի, պետք է հիշել, որ այս կյանքն այն մասին է, որ... պետք է հաղթահարելով դժվարությունները՝ մագլցել դեպի երազանք:
Զարմանալի բան է... կյանքը:
Ես սիրում եմ... (վերջակետ):
Ես երգում եմ այն մասին... ինչ ապրում եմ:
Ես լռում եմ այն մասին... ինչի մասին հիմա էլ կլռեմ:
Ես կռիվ եմ տալիս այն բանի դեմ... ինչն անարդար է:
Ես խուսափում եմ... հեռախոսին պատասխանելուց:
Ես հանձնվում եմ... հետո նորից ուժ գտնում պայքարելու:
Ես հիանում եմ... տաղանդավոր մարդկանցով:
Ես զարմանում եմ... ինքնաթիռում:
Եվ ես ապրում եմ... որովհետև ծնվել եմ:
Ես Վան Նեմրան եմ, ես... փնտրում եմ երգեր:
Ես Վան Եղիազարյանն եմ, ես... փնտրում եմ իմաստ: