Արմատներս... Խարբերդից,Ղարսից և Անիից են, որոնք Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են Հայաստան: Մորս մայրը և հայրը մեծացել են ամերիկյան որբանոցում: Տատիկս՝ Շուշանիկը, Գյումրու տեքստիլ գործարանի, այնուհետև գորգագործարանի տնօրենն էր երկար տարիներ: Հայրիկիս հայրը՝ Հայորդին, Վանաձորի առաջին Ծիածան լուսանկարչական ստուդիայի հիմնադիրն էր: Մեր ընտանիքում կա թե Գյումրու և թե Վանաձորի շունչը, քանի որ նախնիներս ապրել են այդ քաղաքներում:
Նկարչի ընտանիքում՝ արվեստագետի կողքին...ողջ գիտակցական կյանքում լինելով արվեստագետի ընտանիքում, հասկացել եմ, որ դու պարտավոր ես ապրել մեկ այլ՝ ոչ ֆորմալ իրականության մեջ: Մեր ընտանիքն իր տեսակով յուրահատուկ է եղել ու մնացել է այդպիսին…Մեզ բոլորիս միավորում է արվեստն ու երաժշտությունը, գեղեցիկը, ամենակարևորը՝ բարձր ճաշակը, որի հենքը՝ լավ կրթությունն է, կյանքի անցած ճանապարհից, ինչպես նաև փորձից, մեր կոլորիտային տեսակից և իդեալիստական մոտեցումներից: Ինձ մշտապես ուրախացրել է այն, որ մեր տանը կար հարգանք միմյանց նկատմամբ, հորս համար ապահովում էինք ներդաշնակ միջավայր, որպեսզի հանգիստ ստեղծագործեր: Գեղանկարիչ Հենրի Գարուկյանի ընտանիքում բոլոր առնչվել ենք արվեստի հետ։ Մայրս՝ Անահիտ Գարուկյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի բազմամյա երաժշտագետ-մանկավարժներից է, եղբայրս՝ Մուշեղը հայտնի դիզայներ՝ «Ստատուս դիջիթալ» ընկերության արտ տնօրենը, ես՝ մենակատար ջութակահարուհի և «Նոր կվինտետ» -ի հիմնադիր, 1-ին ջութակահար, Մանանա գեղանկարչական ափսեների հեղինակ:
Հայրս՝ Հենրի Գարուկյանը միշտ ասում էր...Մարդու հնարավորություններն անսահման են, նա կյանքի ընթացքում բացահայտում է դրանց առավելագույնը 3%-ը…Այդպիսով, մեզ բոլորիս դրդում էր ինքնաբացահայտվել կարողությունների և թաքնված տաղանդի կամ շնորհի առումով: Եվ երկրորդ սիրած արտահայտությունը՝ դու քո գործն արա սիրով, հավատքով, նվիրվածությամբ և ամենակարևորը որակով, մնացածը՝ կտրվի:
Գեղանկարչությունն ինձ տվել է... հանգստություն: Կան, իհարկե, բարդ ճանապարհներ հասնելու ցանկալիին, պատկերացման և արդյունքի հասնելու միջև այնքան դժվարությունների ես հանդիպում, որ ցանկանում ես կանգ առնել, հետո նորից մղվում ես առաջ…Մի ընդհանրական խոսքով, գեղանկարչությունը տալիս է այն լույսը, այն իրական երջանկությունը, որը օգնում է քեզ կյանքի ամենադժվար իրավիճակներում հաղթահարելու ինքդ քեզ ՝ ձևավորելով իմաստալից ու գունեղ կյանք:
Երաժշտությունն ինձ դարձրել է...Երաժշտության մեջ եմ դեռևս չծնված ժամանակներից։ Մայրս մշտապես երաժշտության մեջ էր, երիտասարդ տարիներին, հղիության ժամանակ լսել է միայն Յ.Ս. Բախ, որը նրա երաժշտագիտական դիպլոմային աշխատանքի թեման էր կոնսերվատորիայում: Երևի դա է պատճառը, որ իմ մեկնաբանմամբ Բախի ստեղծագործություններն այդքան հաջողված են: Երաժշտությունն իմ մշտական ընկերն է, կյանքի կարևորագույն մասը, որտեղ ես ինձ իսկապես լավ եմ զգում, ներդաշնակ ու բավարարված: Այն իմ մեջ նաև կոփեց կամքի ուժ, դարձրեց առավել բարի ու դիմացիններին հասկացող, զգացող և կարեկցող…Անհնարին է միաժամանակ լինել երաժիշտ ու վատ մարդ, երաժշտությունը հաստատ քեզ փոխանցում է աստվածահաճո որակներ:
Երաժշտական շատ գործիքներ կան, բայց ջութակը...ես նրան ընտրեցի յոթ տարեկանից, երբ ընդունվեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, այնուհետև ավարտեցի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանն ու Կոմիտասի անվ պետական կոնսերվատորիան: Ուսանողական տարիներից սկսած աշխատում էի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում, մեկնում հյուրախաղերի և բազում համերգների մասնակից էի: Այդ ամենի մեջ հարց էի տալիս ինձ՝ ինչո՞ւ հենց ջութակը…Վստահաբար կարող եմ ասել, այն իր հնչողությամբ իմ ներքին ձայնն է, իմ ներաշխարհի վառ արտահայտչամիջոցը:Երջանիկ է այն մարդը, ով ճիշտ ընտրություն է կատարում թե՛ երաժշտական գործիքների, և թե՛ իր մասնագիտության հարցում: Թագուհի-գործիքի մեջ տեսնել ինքդ քեզ, զգալ նրան, ընկերանալ նրա հետ․ ահա սա է իմ էներգիայի աղբյուրը… Բարդագույն գործիքը դարձավ կյանքիս ուղեկիցն ու իրական, անդավաճան ընկերը:
Իմ կյանքի «Նոտա»-ները...Այդպես ստացվեց, որ 2002 թ․-ին, մի շարք համախոհ արվեստագետներով, որոնց թվում էր նաև հայրս, կազմավորվեց մեր «Նոտա» մշակութային-բարեգործական Հկ-ն:
Այն ծառայում էր ՀՀ հաշմանդամ, թոշակառու և փախստականի կարգավիճակ ունեցող երաժիշտների բազմաթիվ խնդիրների լուծմանը, սկսած առողջականից մինչև մշակութային:15 տարի իրականացնելով ակցիաներ, մշակութային և սոցիալ-հոգեբանական միջոցառումներ, նպաստեցինք այդ մարդկանց կյանքի որակի բարելավմանը:Հետաքրքրականն այն էր, որ մեր նավի անունը կոչելով «Նոտա», անմասն չմնացի նաև որպես երաժիշտ և շատ համերգներ կազմակերպեցի, որոնց ինքս մասնակցում էի որպես ջութակահար:Այդ տարիներին ձևավորվեց իմ սիրելի երաժշտախումբը ՝ «Նոր կվինտետ»-ը, որի բարեգործական համերգներն անցան Երևանի և ՀՀ մարզերի լավագույն բեմերում: Սա առանձնահատուկ օրիգինալ խումբ է, որն ապրեց մոտ 7 տարի:Հիմա մեծ պաուզայից հետո փորձում ենք վերականգնել կազմը՝ վերանայելով նախկին ծրագրերն ու ստեղծելով նորերը: Շարունակական անդրադարձը կատարողական արվեստին զարգացման մեծ հնարավորություններ է ընձեռում, երաժշտությունը բուժում է մարդուն հոգեպես և ֆիզիկապես, դարձնում ամուր ու կեսունակ:
Կյանքն առանց նոտաների...Կյանքին գույն ու օդ հաղորդողը դու ես: Լինեն դժվար օրեր, թե թեթև, պետք է կարողանալ լցնել այն:Իսկ դա արվում է արվեստի, գրականության, մի որևէ հոբբիի, կամ սիրած զբաղմունքի միջոցով: Դրանք կարելի է կոչել նոտաներ կամ երաժշտական հնչյուններ, որոնք փոխում են իրականությունն ու նոր երանգ ստեղծում: Իսկ նոտաների հարմոնիկ, գրագետ դասավորվածության միջոցով մենք ստանում ենք երաժշտություն: Արվեստի բոլոր ճյուղերից այն ամենաարագն է ազդում մարդու վրա, իսկ առանց դրա մենք կմնանք անկշռելիության մեջ, առանց կարևոր մագնիսի:
Նարեկացուց մինչ Բախ ու ժամանակակից մարդ, շատ ժամանակներ ու տարածություններ են ընկած, սակայն...Հայի համար Նարեկացին այն մեծագույն արժեքն է, հոգևոր այն գագաթը, որտեղ տրվում են մեծաքանակ հարցերի պատասխաններ: Սրտի խորքից խոսք Աստծո հետ, «Նարեկ» -ը կամ «Մատյան ողբերգության» պոեմը դարձավ հայրիկիս գաղափարի հենքը, որի մտահղացման հիման վրա իրականացրել եմ մի նախագիծ ՝ «Նարեկացուց մինչև Բախ»: Յ.Ս. Բախի մենանվագ ջութակի սոնատներից, պարտիտներից և «Նարեկ»-ի հատվածաբար ներկայացման,ն ախագծի գաղափարի իրականացման համար պահանջվեց հինգ տարի: Ծրագիրն ուներ մեկ նպատակ․ նպաստել երկու մեծությունների մշակութային երկխոսության կայացմանը խոսքի և երաժշտության լեզվով՝ ի բարօրություն կրթված երիտասարդության: Նախագծի պրեմիերան կայացավ 2016 թ․-ի հոկտեմբերին՝ Կոմիտաս թանգարան–ինստիտուտում, անվանի արտիստ Մակիչ Մարգարյանի բեմականացմամբ և մեր երկուսիս մասնակցությամբ: Նարեկացին ու Բախը բոլոր ժամանակների համար են, բացառված է այստեղ «ժամանակակից մարդ» արտահայտությունը: Այս ամենը համամարդկային է ,բոլոր ժամանակների համար և գրավում է մարդկանց սիրտն ու հոգին, լցնում մեծագույն հարստությամբ ու տալիս բոլոր հարցերի պատասխանները, դառնում սպեղանի …
Ապակի կամ կերամիկա գումարած գեղանկարչություն, հավասար է...հոբբի կամ սիրած զբաղմունքներիցս մեկը: Հորս կորցնելուց հետո ներսումս հավաքված ցավն ու դատարկությունը ինձ ինքնաբերաբար տարավ արվեստանոց, նրա թողած մի քանի ապակյա ափսեներն ու կերամիկական ներկերը վերցրեցի և սկսվեց իմ նոր շնորհի բացահայտումը: Հաճելի, բայց բարդ աշխարհ էր, քանի որ ակադեմիական նկարչական կրթություն չունեի:Դրա փոխարեն ես ունեի հորս դասերը։ Հետաքրքիրն այն էր, որ ես էի սիրահարվել այդ ամենին: Որպես ինքնարտահայտման, ինչպես նաև հոգեթերապևտիկ նոր միջոց գեղանկարչությունն անհամեմատելի էր…Նման ներդաշնակ վիճակ վաղուց չէի ապրել։ Հոբբիի բերած արդյունքները եղան 4 անհատական ցուցահանդեսները, որոնք ուղեկցվում էին իմ ու ընկերներիս հետ համատեղ համերգներով։ Եղավ նաև արտերկրի կոլեկցիոներների հետաքրքրությունն ու, ի վերջո, վաճառքը:
Ժամանակակից արվեստագետը Հայաստանում ամեն օր բախվում է...Ամեն ինչ սկսվում է սոցիումից, խախտված են բարոյահոգեբանական նորմերն ու տիրում է քաոս: Արվեստագետը առաջինը պետք է լինի ներդաշնակ ինքն իր հետ, հետո նոր հասարակության, նախևառաջ բացակայում է հանգիստ միջավայրը: Ես կարծում եմ մինչև չլուծվեն շատ հասարակական-քաղաքական խնդիրներ, մենք մշակութային կյանքում չենք կարող ունենալ ինքնաբավ արվեստագետներ: Ելքերն եմ փնտրում։ Ես անկախ երաժիշտ-նկարիչ եմ, մտածմունքներս շատ են, բայց գիտեմ,որ երկար այս ամենը չի կարող շարունակվել, ցանկացած անելանելի իրավիճակից կա նվազագույնը երկու ելք: Եթե ինձ հարցնեին ինչ ճանապարհներ եմ տեսնում արվեստագետի այսօրվա լիարժեք ստեղծագործելու և իր աշխատանքը ապրուստի միջոց դարձնելու համար, կասեի, որ առաջին հերթին պետք է լսելի լինի նրա ձայնը պետական մարմինների մոտ, քննարկվեն հիմնախնդիրներն ու տրվեն լուծման ուղիները: Արտասահմանում պետությունը տարեկան լուրջ դրամական աջակցություն է տրամադրում բոլոր ցանկացող անհատ արվեստագետներին, որպեսզի նրանք կարողանան ստեղծագործել: Պետք է կրթել միջազգային որակի մասնագետներ և հետո ձևավորել լուրջ պրոդյուսերական կենտրոն, որը կզբաղվի բարձրաճաշակ երաժշտության հանրայնացմամբ, որտեղ էլ մեծ դեր է խաղում մեդիան: Ահա այս ամենն է բացակայում մեր իրականության մեջ, անտեսված են շատ հանրահայտ և ոչ միայն, արվեստի նվիրյալներ և անհատականություններ:
Սակայն երջանկություն է, ապրել ու լինել...այն ընտանիքում, որտեղ ծնվել եմ, լինել սիրված ու գնահատված հանդիսատեսի կողմից: Արվեստի հանդեպ մեծ սերն ինձ ստիպում է առաջ գնալ, կոտրելով շատ պատնեշներ,ինչը և հզորացնում է ինձ: Այդ խոչընդոտների վերացումն ու նպատակներին դանդաղ, բայց հիմնավոր քայլերով հասնելը ինձ երջանկացնում է։
Ես ուզում եմ...տեսնել Հայաստանը մաքուր, գեղեցիկ, խնամված…Մարդկանց հոգիներում բարություն ու հարգանք: Ուզում եմ այսօրվա քաղաքացին այնքան զարգացած լինի, որ հասարակ էթիկետին տիրապետելուց բացի, սնվի բարձրաճաշակ արվեստով, ունենա գեղագիտական ճաշակ:Դրա համար ելման կետերը պիտի լինեն դպրոցն ու բուհը, որակյալ կրթությունը…Հանապազորյա հացից բացի շատ ավելի կարևոր հարցեր կան մարդու կյանքում: Շատ կցանկանայի, որ ստեղծվի այնպիսի միջավայր, որպեսզի լավ մասնագետներն ու վառ անհատականությունները չցանկանան դուրս գալ Հայաստանից, մնան, արարեն ու զարգացնեն Հայաստանի մշակութային կյանքը:
Ես Մանան Գարուկյանն եմ...և մանանայի նման կուզենամ քաղցրացնել մարդկանց այսօրվա դժվարին կյանքը, թեթևացնել գոնե մեկ ժամով նրանց հոգսերը, լինել իրենց հոգու ընկերը… Ես մեկն եմ ամբողջի կամ ամբողջից մեկը…