Երբ ես 18 տարեկան էի... ունեի այս նախադասության շարունակությունը:
Թեպետ այդ օրերից շատ ժամանակ չի անցել, բայց... ես էլի նույն էնտուզիազմով երգ գրելուս կարիքը դարձնում եմ երգ։
Ես մի երգիչ եմ, որը... երազում է ձայն ունենալ:
Ես գրում եմ բանաստեղծություններ... որ չուշանամ ինձնից։
Ես մարդ եմ, որը... պակասում է բառից առաջ, բառից հետո ու բառի ընթացքում։ Ես մարդ եմ ու դա ինձ հետաքրքիր է։
Ես մեկ-մեկ մնում եմ իմ ներսում ու դուրս եմ գալիս... հետո ձեր ներսից։
Գովեստներն ինձ դարձնում են... կոկիկ թարգմանություններ։
Իսկ Գյումրին ու Երևանն... այնքան գեղեցիկ են համբուրվում իմ մեջ։
Իսկ Չարենցն ու Ջոյսը... թող ներեն, թող ներեն, որ նրանց պատճառով մեծացել եմ ես արդեն։
Մի հասարակ օր մի հասարակ առավոտ ես դուրս կգամ տանից... որում ինը ամիս ապրել եմ, դա կլինի փախուստ դեպի կյանք, դա կլինի իմ միակ փախուստը, որից մայրս չի անհանգստանա։
Իմ միջի հայը արտագաղթում է ինձնից... ՀԱՅԱՍՏԱՆ, իմ միջի հայը ինձնից բացի էլի հայրենիք ունի։
Ես հաշվում եմ... քնած ոչխարներին ու մնում անքուն։
Ես մի տղա եմ, որը... ինքն իրեն պատմում է ջրին։
Ես ապրում եմ այս կյանքը, որն այն մասին է... թե ինչպես են մրջյուններն անվերջ համբուրգեր պատրաստում փղերի համար, ու սա ծիծաղելի չէ, ու Հրանտ Թոխատյանը «Մեր Բակի» առաջինում ոչ թե չէր հասկանում անեկդոտի իմաստը, այլ չէր հասկանում, թե ինչ իմաստով է սա անեկդոտ:
Ես կարողացել եմ մկրատով կտրել անձրևը ու կարողացել եմ նաև... կտրվել անձրևի տակ (եղանակի քննությունի՞ց)։
Ինձ մի օր քնից կարթնացնեն... երբ ես երազում մեկին հեքիաթ պատմեմ, որ քնի։
Իմ միջի կոսմոպոլիտանը... չի սիրում քաղաքականությունն իր բոլոր նրբերանգներով։
Ես մի ճանճաչափ զգացմունք եմ, որ... կպել եմ գրականության հոգուն ու պոկ չեմ գալու մինչև գրականությունը չվճարի ալիմենտներն իմ կարոտի։
Ես Նարեկ Կոսմոսն եմ, ես... իմ կացարանն եմ փնտրում մարդկանց մեջ, ես Նարեկ Կոսմոսն եմ, որը Ֆորշենց տան խոհանոցում կախված Լենոնին անվե՜րջ շփոթելու է Սամվել Մկրտչյանի հետ։