Երբ ես 18 տարեկան էի... կարծում էի՝ իմ բոլոր քայլերի պատասխանստուն իմ ծնողներն ու մյուս մեծերն են։
Իսկ հիմա, երբ այլևս 18 չեմ... հասկանում եմ, որ նրանց սերը մի քիչ շատ էր ինձ երես տվել։
Ես հանդարտ գալիս եմ... որովհետև այլ կերպ գալ չեմ էլ կարող, ես անգամ երևի գլորվելով եմ գալիս, բայց շատ եմ խնդրում՝ մի՛ ջնջիր ինձ, Տեր, ինչ կլինի, մի՛ ջնջիր․ ոչ փառք եմ կամենում, ոչ հայտնություն, միայն թե ինձ աղոթելու իրավունք թող։
Ու գարուն է, մեկն այն գարուններից... որ բանստեղծորեն այնքա՜ն գունեղ է, իսկ հոգևոր առումով՝ այնպե՜ս աղմկոտ․․․ Եթե գարունը մի փոքր ավելի անբուռն լիներ պոեզիայում․․․
Իսկ երբ ամառ գա, կհիշեմ... այն բանաստեղծությունս, որտեղ ես ու մայրս էինք, ես ու մայրս․․․
Եվ գուցե գրեմ նորն այն մասին... թե ինչ հիմար ենք մենք՝ հայերս այսօր։
Գյուղն ու քաղաքը... 21-րդ դարում, անկեղծ ասած, երկրորդն առաջինին նյութապաշտն դարձրած կրտսեր եղբայրն է․․․
Իսկ քաղաքում ես մի մարդ եմ, որն... ուզում է այն գրկել, բայց վախենում է, որ իրեն սխալ կհասկանան։
Գյուղի կյանքն այն մասին է, որ... քաղաքն այնքա՜ն բան չի հասկանում՝ իր գրքերով ու գիտելիքներով հանդերձ, նաև այն մասին, թե որքա՜ն լավ կլիներ, որ քաղաքը հիշեր, որ նա իր կրտսեր եղբայրն է, որին կրթության են ուղարկել վերջին կոպեկով։
Բայց ամեն տեղ էլ արևը նույնն է... արևն արև է, գարունը՝ գարուն, գյուղը՝ գյուղ, ցավը՝ սեր․․․
Բայց ամեն դեպքում տարբեր են... Հոգին ու ոգևորությունը։
Ես փորձում եմ լինել ավելի մոտ... փրկությանը, գոնե հոգեկան տվայտանքներից հեռու, գոնե աղոթելու իրավունքն ունեցող։
Իմ միջի մարդը գյուղի ու քաղաքի տարբերությունների մասին... ասում է․ «Մարդս մարդ լինի»։
Իմ միջի պոետը տեսնում է արևի փեշը, ցորենի կաթոցը, մորս գեղեցկությունը, հորս աշխատասիրությունն ու իմ սեփական... ոչնչությունը:
Իմ միջի պոետն ասում է..․ «Այդպես հիմար էլ կմնաս․ «պոետ», չէ մի չէ՝ «հրետանավոր»․․․
Բայց ինչ էլ լինի՝ ամառ կլինի, ու ես ամռանը տանը կլինեմ... որ գոնե, երբ հիվանդանամ, իմ շուրջը մերոնք հավաքվեն։
Աստծուն փնտրել... նշանակում է փնտրել քեզ, ինչպես հորդ փնտրելիս ես իրականում քեզ փնտրում։
Աստծուն գտնել... նշանակում է գտել նրան ու անհոգ ննջել ուսին՝ կուրծքը ոտքերովդ փոշոտելուց անմտահոգ։
Գեղեցկությունը մի բան է, որը... կարող է և խաբել։
Իմ միջի էսթետը... դեռ ինձ ճիշտ ուղու վրա դրողը չէ։
Իմ միջի հավատացյալը... արտասվել կարողացողն է։
Ես մի օր անպայման կխոսեմ այն մասին, որ... հանճարեղ ստեղծագործել դեռ չի նշանակում լինել հայ ազգի մեծ։
Բայց ինչ էլ լինի՝ երբեք չեմ կարողանա ասել այն, ինչ... ոչ մի բանաստեղծ էլ երբեք իրականում չի համարձակվում ասել իր ընթերցողին, և ինչը, թե ասող լիներ, բանաստեղծ չէր դառնա։
Մի օր կհավաքեմ ուժերս․․․ Կհավաքեմ․․․ ինչ որ պահպանած եղա, կհավաքեմ․․․
Մի օր կթուլացնեմ նյարդերս... ու քուն կմտնեմ։
Մի օր կբացեմ սրտիս դռները... և կաղաղեմ, մինչև որ սիրտս պատռվի, և բոլոր հոգեվերլուծաբանները տեսնեն, որ ճիշտը դեռ չի նշանակում ճշմարտություն․․․
Գիտեք, այնքան էլ հեշտ չէ... լռելը։
Եվ հավատացեք, այնքան հրաշալի բան է կյանքը, երբ... լռում ես ոչ պարտադրաբար, այլ ինչպես ընկերն է լռում ընկերոջ կողքին։
2020-ի աշունն այն մասին էր, որ... մենք սխալ ճամփով գնացինք․․․
Իսկ ես հայ եմ, պոետ, մարդ, որը... չի ուզում կորչել հավիտյան։
Սիրո մասին, սիրո համար... սիրո մեջ։
Իսկ ես գրում եմ բանաստեղծություններ, որ․․․ իբր թե որ մի բան ասած լինեմ․․․
Բայց ես լռում եմ այն մասին, որ... մեր գրականագիտությունը սխալ ուղու վրա է․․․
Թեպետ... արդեն բարձրաձայնեցի։
Հուսամ՝ կգա մի օր ու կկարողանամ գտնել ձևը, բառերը, դասավորությունն ու տարածքը՝ գրելու այն մասին, որ... կարևորը մի բան է․ «Մարդուս սրտում սեր լինի»։
Աշխարհում պատերազմներ են իսկական ու վախենալու, բայց այդ ընթացքում մի կարմիր թիթեռնիկ անհոգ ու անվախ թռչում էր եկեղեցու շուրջը... որովհետև դարերի լուռ հովանու տակ է վայրկյանը խաղաղ ու կենդանի։
Եվ այդուհանդերձ, ես սիրում եմ․․․ Ես խնդրում եմ Հիսուսին նորից ինձ սիրել ուսուցանել, Ով եթե ինձ չփրկի, աշխարհը կշահեմ, ինչպես բոլոր պոետները, իսկ իմ անձը կկորցնեմ, ինչպես բոլոր զուտ պոետները, անգամ ամենա-ամենահանճարեղ պոետները․․․
Եվ այդուհանդերձ ես ներում եմ... Ե՞ս․․․ Լավ, էլի․․․
Եվ այդուհանդերձ ես հասկանում եմ... որ ամեն ոք ինքն է պատասխանատուն իր կյանքի համար․․․
Եվ այդուհանդերձ ես կամ... Հուսամ, թե կամ։
Ես Նշան Աբասյանն եմ, ես... Նշան Աբասյանն եմ։